Քրեական հետապնդման մեջ գտնվող Ռուբեն Վարդազարյանից, որի՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները վերջերս կասեցվեցին, հետաքրքրվեցինք, թե ինչով է զբաղվում։ Պարզվեց՝ այժմ նա իր ազատ կյանքն է վայելում, երեկոներն ընկերների հետ գարեջուր խմելով է անցկացնում։ Իսկ քրեական գործից, իրեն առաջադրված մեղադրանքից ի՞նչ նորություն կա՝ հետաքրքրվեցինք մենք։
Հիշեցնենք, որ նրա դեմ ցուցմունք էր տվել Լոռվա նախկին դատավոր, այժմ՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ հայտարարելով, որ Վարդազարյանը միջամտել է արդարադատության իրականացմանը՝ ուղղորդել է իրեն կոնկրետ քրեական գործով։ Իշխանությունը, որը վաղուց էր ծրագրում նրան հեռացնել եւ նրա փոխարեն ԲԴԽ նախագահ կարգել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, այս հիմքով քրեական գործ հարուցեց, եւ Վարդազարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվեցին։
Ի դեպ, ըստ որոշ լուրերի, Սիմոնյանին ԱԱԾ փոխտնօրեն նշանակելու պայմանը հենց այս ցուցմունքն է եղել։ Հետո արդեն ԲԴԽ-ում նախագահի աշխատասենյակի կնիքը կոտրեցին եւ Գագիկ Ջհանգիրյանին նստեցրին այս կաբինետում։ Հիմա նա իրեն ԲԴԽ լիարժեք նախագահ է զգում, թեեւ չի ընտրվել, եւ այս օրերին ինտենսիվ հանդիպումներ է ունենում, դրանց մասին ճոխ հաղորդագրություններ տարածում՝ հանրությանը ներշնչելով, որ այլեւս ինքն է ԲԴԽ նախագահը, Ռուբեն Վարդազարյանն իր պաշտոնին չի վերադառնալու։
«Որեւէ նորություն չկա, առերես հարցաքննությունից հետո նախաքննական մարմինն ինձ է մոռացել, ես՝ իրենց»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը։
- Այսինքն՝ Դուք Անդրանիկ Սիմոնյանի հետ առերեսմա՞ն եք մասնակցել։
- Այո։
- Ե՞վ, կարողացե՞լ է հիմնավորել, որ Դուք միջամտել եք արդարադատությանը։
- Ես նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություն իրավունք չունեմ հրապարակելու։
- Իսկ Ձեզ մոտ ի՞նչ տպավորություն կա՝ քննիչները, Նիկոլ Փաշինյանի ասած, ինչպիսի՞ ընկալում ունեն այս գործով։
- Դեռ չեմ ցանկանում դրա մասին խոսել։ Ժամանակը կգա, կխոսեմ։
- Դուք ասել էիք, որ դիմելու եք դատարան՝ Ձեր իրավունքները պաշտպանելու, քանի որ ապօրինի են Ձեր դեմ քրգործ հարուցել, ապօրինի են Ձեր լիազորությունները կասեցրել։
- Այո, դիմել եմ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, բողոքարկել եմ գլխավոր դատախազի՝ քրեական գործ հարուցելու որոշումը եւ ինձ մեղադրանք առաջադրելու մասին որոշումը։ Բողոքը երեկ եմ մուտք արել դատարան, պատասխանը դեռ չգիտեմ։
- Հետեւո՞ւմ եք ԲԴԽ-ի գործունեությանը, այս օրերին Գագիկ Ջհանգիրյանը շատ ակտիվ հանդիպումների մեջ է, տպավորություն է, թե ԲԴԽ-ն սկսել է աշխատել, նախկինում երբեք Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նման ինտենսիվությամբ նախարարների չէր ընդունում, քննարկումներ չէր ծավալում։
- Հետեւում եմ էդ ամեն ինչին, բայց չեմ ցանկանում մեկնաբանել։
- Օրինակ՝ Ձեր մտքով չէ՞ր անցնում պաշտպանության նախարարին ընդունել, արդարադատության նախարարին ընդունել, նրանց հետ որեւէ քննարկելու բան չունեի՞ք։
- Պաշտպանության նախարարի հետ ընդհանրապես որեւէ քննարկելու բան չի կարող լինել, ինչ վերաբերում է արդարադատության նախարարին, ապա բազմիցս նրա հետ հանդիպում, քննարկում եղել է, ուղղակի դրանից շոու չեմ սարքել, այդ իսկ պատճառով չի երեւացել։ Թե չէ, արդարադատության նախարարի հետ ամենօրյա ռեժիմով մենք աշխատել ենք։
- Իսկ պաշտպանության նախարարի հետ ինչո՞ւ չի կարող լինել քննարկելու բան, ԲԴԽ-ից հաղորդագրություն էին տարածել, թե ՊՆ-ի շենքերը դատարաններին տրամադրելու հարցն են քննարկել։
- Դա երեւի թե պաշտպանության նախարարի խնդիրը չէ, ավելի շատ աշխատակազմի խնդիրն է։ Եթե պաշտպանության նախարարն էս օրերին զբաղվելու է դատարաններին փոխանցվող շենքերի խնդիրներով, ապա գտնում եմ, որ ինչ-որ մի բան, ուրեմն, չի աշխատում մեր պետության մեջ։
- Մեր պետության մեջ հիմա շատ բան չի աշխատում, բայց Ձեր խոսքից կարո՞ղ ենք ենթադրել, որ պաշտպանության նախարարի հետ մի փոքր ա՞յլ բնույթի հարցեր են քննարկվել, օրինակ՝ բարձրաստիճան զինվորականների՝ վարչական դատարան ուղարկած դիմումների հարցը, ընտրությունների հետ կապված հարցեր․․․
- Ես նման բան չասացի, չեմ էլ կարող ենթադրել՝ ինչ են քննարկել, քննարկել են կամ չեն քննարկել։ Գուցե պաշտպանության նախարարը եկել էր ընդամենը շնորհավորելու։
- Ի դեպ, հաշվի առնելով Ջհանգիրյանի ակտիվությունը, որ նա ինչ-որ «բարեփոխումներով» է իբրեւ թե զբաղված եւ այլն, այն դեպքում, որ նա ժամանակավոր է զբաղեցնում ԲԴԽ նախագահի աթոռը, տպավորություն է ստեղծվում, որ հիմնավոր է եկել՝ եկել է մնալու, ոչ թե ժամանակավոր պաշտոնավարելու, քանզի Դուք երեւի էլ չեք վերադառնալու։
- Դա ժամանակը ցույց կտա։ Իմ համոզմամբ՝ վերադառնալու եմ, իրենց համոզմամբ՝ երեւի թե ոչ։ Ժամանակը ցույց կտա՝ որ մեկս էր ճիշտ։
- Հիմա ինչո՞վ եք զբաղված։
- Այս պահին՝ բակը ջրելով։