Իշխանության թեթեւ ձեռքով ՀՅԴ-ն միավորվում է

Իշխանության թեթեւ ձեռքով ՀՅԴ-ն միավորվում է

Դաշնակցության դեմ ծավալված պատերազմը, որն իրականացնում է իշխանությունը ոչ միայն սպասված արդյունքը չտվեց, այլ կարծես հակառակ ազդեցությունն է ունենում։ Նախ, մարդիկ, որոնք, մեղմ ասած, հիացած չեն եղել դաշնակցությամբ, սակայն այսօր դժգոհ են իշխանությունների վարած քաղաքականությունից եւ առհասարակ գործելաոճից-լեքսիկոնից, համակրանքով են լցվել ՀՅԴ-ի հանդեպ եւ անգամ հայտարարություններ են անում, թե՝ ՀՅԴ-ի հանդեպ այս վերաբերմունքը շարունակվելու դեպքում, կանդամագրվեն ՀՅԴ-ին։ 

Սակայն առավել ուշագրավ է, որ իշխանությունը, որը փորձում էր տարանջատել ներսի եւ դրսի «դաշնակներին» եւ սիրաշահում էր արտերկրի ՀՅԴ-ական կառույցներին ու փորձում էր համագործակցել նրանց հետ՝ ի հեճուկս ՀՅԴ ԳՄ-ի, ակամայից նպաստեց, որ այս կուսակցությունը հաղթահարի իր տարաձայնությունները եւ առավել միասնական դառնա։ Գաղտնիք չէ, որ ՀՅԴ հայաստանյան կառույցը նախկինում համագործակցում էր Հանրապետական իշխանությունների հետ, սկզբում՝ նաեւ Փաշինյանի իշխանության հետ, իսկ վերջին շրջանում պայքարի առաջին գիծ է դուրս եկել, ինչը աշխարհասփյուռ դաշնակցականներին դուր չէր գալիս՝ ոչ անցյալում, ոչ ներկայում։ Սակայն տեսնելով, որ գործող իշխանությունը խախտում է կարմիր գծերը եւ ՀՅԴ-ի հանդեպ ավելորդ ագրեսիա է դրսեւորում, դրսի դաշնակցականները միավորվել են ներսի դաշնակցականների հետ եւ այժմ հանդես են գալիս միասնական դիրքերից։ 

Այսօր բավականին կոշտ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ամերիկայի Արեւելեան Շրջանի Հ.Յ.Դ. Կենտրոնական Կոմիտեն, որն ավանդաբար արմատական դիրքորոշում ուներ եւ հայաստանյան կառույցի հետ որոշակի տարաձայնություններ․

«Յ.Դ. Ա.Մ.Ն. Արեւելեան շրջանի Կեդրոնական Կոմիտէն խոր մտահոգութեամբ կը հետեւի վերջին մէկ տարուայ ընթացքին Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններու վարած քաղաքականութեան, բարձրաստիճան պաշտօնեաներու կատարած յայտարարութիւններուն, Ազգային Ժողովէն ներս օրէնսդրական կարգ մը նախաձեռնութիւններուն եւ այդ քայլերուն արդիւնքով հասարակութեան մէջ յառաջացած վատառողջ մթնոլորտին:

Մեր արժեւորումներով կը հաստատենք, որ Հ.Հ. իշխանութիւնները.-

Ա.- Իրենց պաշտօնավարման նոյնիսկ այս կարճ ժամանակահատուածին, օգտագործուած բառամթերքով ու կատարուած քայլերով, շատ հեռացած են իրենց իսկ կողմէ յայտարարուած ժողովրդավարութեան, սիրոյ եւ համերաշխութեան շարք մը սկզբունքներէն, հայ հասարակութեան մէջ արհեստականօրէն յառաջացնելով ու արմատաւորելով բազմաթիւ բաժանարար գիծեր, սերմանելով ատելութիւն ու թշնամանք:


Բ.- Բացառելով որեւէ տեսակի երկխօսութիւն եւ անգամ ամենամեղմ ընդդիմախօսութեան արձագանգելով կոշտ, անհամաչափ, հիւանդագին ու փողոցային ձեւով, կացինահարած են ժողովրդավարութեան բոլոր նորմերը:

Գ.- Կրթութեան, մշակոյթի ու զինծառայութեան գծով ազգային արժէքներն ու պետականութեան հաստատութիւններու հիմնաքարերը խարխլող օրէնսդրական նախաձեռնութիւններով ու Արցախի նկատմամբ հնչած հակասական մօտեցումներով եւ յայտարարութիւններով մեղմ ըսած՝ վստահութիւն չեն ներշնչեր:


Դ.- Այս ընթացքով ու համազգային արժէքներուն ճիշտ գնահատականներ չտալով, պարարտ հող կը ստեղծեն հայութեան հերոսական յաղթանակներու ու այդ յաղթանակները կերտած հերոսներու նսեմացման ու արժեզրկման, որուն դրսեւորումներէն վերջինը՝ Պռոշեան աւանի Արցախի նուիրեալներու պանթէոնի սրբապղծումն էր:


Ե.- Ազգն ու պետութիւնը դարձուցած են անցեալի սխալներու պատանդ, որուն միջոցով կը փորձեն խեղթել իւրաքանչիւր բովանդակային քննադատութիւն, քողարկելու համար հեռանկարային ու տնտեսապէս ու քաղաքականապէս աւելի լաւ ապագայի կերտման միտող ծրագիրներ մշակելու եւ իրագործելու իրենց անընդունակութիւնը:

Զ.- Չարաշահելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան էութենէն բխած իշխանութիւնն ու պետականութիւնը տարբերակող սկզբունքն ու անկէ բխած լրջախոհ կեցուածքն ու յարգալից վերաբերմունքը հանդէպ իշխանութեան եւ անոր ներկայացուցիչներուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հասցէին կը հնչեցնեն հերիւրանքներ, չհիմնաւորուած զրպարտանքներ, մանկունակ կանխատեսումներ եւ կը կատարեն Դաշնակցութիւնը պառակտելու քանիցս փորձուած ու ձախողած ապարդիւն ու դատապարտելի փորձեր:

Այս հաստատումներուն ի տես Հ.Յ.Դ. Ա.Մ.Ն. Արեւելեան շրջանի Կեդրոնական Կոմիտէն անգամ մը եւս կը վերամիանայ Հայաստանի մեր կառոյցին՝ Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի ամիսներ առաջ հնչեցուցած լրջանալու կոչին եւ Հ.Հ. կառավարութիւնէն կը պահանջէ ինքնասրբագրում ու սկսեալ Կրթութեան, Գիտութեան, Մշակոյթի եւ Սպորտի (ԿԳՄՍ) նախարարէն՝ իշխանական օղակներէն հեռացնել ապազգային նկրտումներ ունեցող, պառակտիչ, անհասցէ զրպարտութիւններով զբաղած եւ հեռանկարային ազգային եւ համազգային ծրագիրներ մշակելու անընդունակ տարրերը:

Մենք պիտի շարունակենք հաւատարիմ մնալ հայրենի պետականութեան սատարելու մեր առաքելութեան ի հեճուկս այսօրուայ իշխանութեան որովհետեւ կը հաւատանք, որ իշխանութիւնները անցողիկ են իսկ մնայունը մեր պետականութիւնն է: Միաժամանակ կոչ կ՛ուղղենք Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան անյապաղ սրբագրել ի սկզբանէ ձախողութեան դատապարտուած հասարակութեան մէջ բաժանարար գիծեր քաշելու, Դաշնակցութիւնը պառակտելու, հասարակութեան մէջ ազգային եւ համազգային օրակարգերու բովանդակային քննարկումներուն անհանդուրժողականութեամբ վերաբերուելու, ինքն իր անատակութիւնը քողարկելու սնափառութեան եւ լծուիլ հայրենաշինութեան ազգանուէր աշխատանքներուն:

Ա.Մ.Ն. Արեւելեան Շրջանի Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէ»