Դատապարտելուց բացի այլ գնահատական չեմ կարող տալ

Դատապարտելուց բացի այլ գնահատական չեմ կարող տալ

Երեկ խորհրդարանում տեղի ունեցած հերթական միջադեպն ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի` անընդունելի է և աննախադեպ. «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ` խայտառակություն էր: Անվտանգության ծառայողների միջոցով պատգամավորներին դուրս տանելն, ըստ իս, աննորմալ երևույթ է` աննախադեպ: Նման բան նախկինում երբեք չի եղել, լրիվ նոր բան է սա: Ինչ վերաբերում է Ազգային ժողովում տարատեսակ միջոցառումներ և ակցիաներ իրականացնելուն, ապա, այո, Ազգային ժողովը քաղաքական մարմին է, որտեղ այդ կարգի գործողություններ կարող են իրականացվել և պետք է իրականացվեն, ընդ որում, նման դեպքեր Հայաստանում եղել են` ոչ մի անգամ, շատ: Այնպես որ այս ամենը դատապարտելուց բացի չեմ կարծում, թե այլ գնահատական կարող է լինել»-, ասում է Վարդան Հարությունյանը:

Հարցին, թե անվտանգության աշխատակիցներին ո՞ր դեպքերում կարելի է հրամայել պատգամավորներին հեռացնել ԱԺ դահլիճից, իրավապաշտպանն ասաց. «Անկեղծ ասած չգիտեմ, թե ինչու պատգամավորներին դահլիճից հեռացնելու միտքը ծագեց: Տարիներ շարունակ այդ պառլամենտում եղել են սուր հակասություններ և ամեն ինչ, անգամ ձեռնամարտեր են եղել: Ի դեպ ձեռնամարտերն ու կռիվները բոլոր ժամանակների խորհրդարաններում եղել են: Անվտանգության աշխատակիցների մշտական ներկայությունն այդ պրոցեսներին բացառիկ երևույթ է: Ծեծկռտուքները պառլամենտական գործունեությանը զուգահեռ են լինում առհասարակ, սակայն անվտանգության աշխատակիցների ներկայությունն Աժ նիստերի դահլիճում անհասկանալի է: Անվտանգության աշխատակիցների միջոցով ընդդիմադիրներին այժմ ուղղակի դահլիճից վռնդում են և նրանք իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն պարզապես չեն ունենում: Խորհրդարանն այն տեղն է, որտեղ պետք է քաղաքական հայտարարություններ արվեն: Պառլամենտը դա է, - ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը որոշել էր ակցիա իրականացնել և չիջնել ամբիոնի մոտից։ Այդ մասին նա հայտարարեց ԱԺ–ում կառավարության 2022 թվականի կատարողականը ներկայացնելուց հետո մտքերի փոխանակության ժամանակ։ «Հայտարարում եմ քաղաքական ակցիա և ի նշան բողոքի չեմ իջնելու ԱԺ ամբիոնից։ Թույլ չեմ տալու երկրի թիվ 1 ամբիոնից կրկին ստեր հնչեցնել, կասկածի տակ դնել Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունը։ Սիրելի գործընկերներ, եթե համաձայն եք իմ դիտարկումների հետ, ապա կարող եք միանալ իմ ակցիային։ Այլևս չեմ կարող հանդուրժել, որպեսզի սուտը, կեղծիքը, բանսարկությունն ու մարդկանց անվանարկումը հնչի այս բարձր ամբիոնից։ Բավակա՛ն է։ Սթափվե՛ք ու հասկացե՛ք ձեր պատասխանատվության չափաբաժինը»,– ասաց Թովմասյանը։ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին հորդորեց դադարեցնել այդ ակցիան` հայտարարելով, որ հակառակ դեպքում կկանչի անվտանգության աշխատակիցներին, այնուհետև ընդմիջում հայտարարեց և կանչեց անվտանգությանը, որ բռնությամբ հեռացնեն ԱԺ պատգամավորներին: