Որքան է մնում վիրուսը մեռած մարդու հյուսվածքներում․ Արմեն Աշոտյանը պատասխանում է որպես դատական բժիշկ

Որքան է մնում վիրուսը մեռած մարդու հյուսվածքներում․ Արմեն Աշոտյանը պատասխանում է որպես դատական բժիշկ

Գյումրիի բժշկական կենտրոնում 70-ն անց քաղաքացի է մահացել․ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ից Tert.am-ի հետ զրույցում ասել են, որ քաղաքացին տանն է մահացել, իսկ Գյումրու բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի բրոնխոպնեմոնիա։ Հարցին, թե նմուշառում արվե՞լ է, որպեսզի ստուգվի կորոնավիրուսի առկայությունը, «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ից պատասխանել են․ «Դեռ չի արվել։ Դիահերձումը կկատարվի, նմուշը նոր կվերցվի»։

Եվ այսպես, ինչու՞ ենք առանձնացրել այս ոչ այնքան հաճելի մանրամասները։ Բանն այն է, որ չնայած կորոնավիրուսի մասին հարյուր հազարավոր տպագրված նյութերին, հոդվածներին, վարկածներին, տեսություններին ու թեզերին՝ ոչ պաշտոնական ու պաշտոնական, շատ սակավ են տեղեկություններն այս հետմահու վիրուսի առկայության թեստավորման մասին։ Դրանք, ինչպես պարզեցինք միջազգային լուրերից, անցկացվում են։ Սակայն այլ մանրամասներ, թե ինչ ժամանակահատվածում են դրանք անցկացվում, ինչպես, արդյոք, ինչպես ողջերի դեպքում, կրկնակի թեստավորում անցկացվում է, թե ոչ, հանրամատչելի տեղեկատվություն չկա, չի հաղորդվում։ Մինչդեռ, մենք որքանով գիտենք 3 ամիս առաջ ի հայտ եկած այս վարակի մասին, վիրուսը ոչ կենդանի օրգանիզմների վրա կարող է ապրել որոշակի ժամանակահատվածում։

Նույնն է, թե մեռած մարդու հյուսվածքներում։ Ինչը նշանակում է, որ հնարավոր է՝ որոշակի ժամանակ անց այդ անձի մոտ հետմահու չախտորոշվի կորոնավիրուս, եթե անգամ այն կա։ Սա շատ կարևոր է նաև մահացածների հարազատների առողջության և նրանց կողմից վարակի տարածման սկզբնաղբյուրը չտարածելու իմաստով։ «Հրապարակն» այս խիստ սպեցիֆիկ թեմայի շուրջ զրուցել է մասնագիտությամբ դատական բժիշկ Արմեն Աշոտյանի հետ, ով Մարսելում տարիներ առաջ հետազոտել է մահացածների հյուսվածքներում ՁԻԱՀ-ի վիրուսի կենսունակությունը։

«Կոնկրետ թե կորոնավիրուսը որքան է մնում դիակային հյուսվածքներում, դժվար է ասել, որովհետև հստակ հետազոտություններ են պետք, սակայն կարող եմ մի քանի անալոգներ ներկայացնել այլ՝ նույն՝ ՁԻԱՀ-ի վիրուսների հետ կապված։ Նույն ՁԻԱՀ-ի վիրուսը տարբեր հյուսվածքներում տարբեր կենսունակություն ունի։ Հյուսվածքներ կան, որ 6-8 ժամվա մեջ մեռնում են, կան՝ մինչև 72 ժամ պահպանվում են»։

Արմեն Աշոտյանը նաև զգուշացնում է, որ նման հիվանդների դիահերձումը պետք է այնպես կազմակերպվի, որ դա իրականացնող բուժանձնակազմին վտանգներ չսպառնան մահացածների կենսաբանական հեղուկներից։ Այսինքն՝ պետք է անպայման լինեն պաշտպանիչ հագուստ, ակնոցներ։ Դե, իսկ ձեռնոցների ու դիմակների մասին ավելորդ է խոսելը։