Սա արհեստական, հրապարակ նետված հարց է

Սա արհեստական, հրապարակ նետված հարց է

Հայաստանում մի քանի եվրոպամետ, իշխանամերձ քաղաքական ուժեր` Արամ Զավենի Սարգսյանը, Տիգրան Խզմալյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Լեւոն Շիրինյանը, Արման Բաբաջանյանը եւ ուրիշներ, վստահ են, որ Հայաստանն առաջիկայում դառնալու է ԵՄ անդամ պետություն, եւ որոշել են այդ հարցով հանրաքվե անցկացնել: «Ժողովրդավարական ուժերի հարթակը» մտադիր է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե նախաձեռնել, եւ շուտով ստորագրահավաք են սկսելու: Ըստ օրենքի` 45 օրում պետք է կարողանան 50 հազար ստորագրություն հավաքել, դիմել Ազգային ժողով, որ ԱԺ-ն հանրաքվե նշանակի` «կո՞ղմ է արդյոք հայ հասարակությունը ԵՄ անդամակցությանը» հարցով: Նախաձեռնության հեղինակները կասկած չունեն, որ կառավարությունը եւս կողմ է ԵՄ անդամակցությանը, պարզապես ձգձգում են գործընթացը: Եթե հիշում եք, մոտ մեկ տարի առաջ նման փորձ արեց «ՀայաՔվե» նախաձեռնությունը, հավաքեց 50 հազարից ավելի ստորագրություն եւ դիմեց ԱԺ, ըստ որի՝ ցանկանում էր քրեականացնել Արցախն այլ պետության մաս ճանաչելու գաղափարը, սակայն մինչ փորձում էին այդ գաղափարը կյանքի կոչել, ՀՀ իշխանությունը, ռուսական կողմի թողտվությամբ, Արցախը հանձնեց Իլհամ Ալիեւին: Հանրաքվեի թեմայի եւ նման նախաձեռնությունների կազմակերպման մասին «Հրապարակը» զրուցել է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանի եւ ՍԻՄ կուսակցության նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի հետ:

Արամ Պետրոսյան․ «Եթե իրավական առումով նայենք` ԵՄ-ին անդամակցության հանրաքվեն ու «ՀայաՔվեն» գուցե միատեսակ են, սակայն գաղափարները լրիվ տարբեր են, կազմակերպիչները` նույնպես: Ամեն դեպքում, եթե քրեականացվեր Արցախն այլ պետության մաս ճանաչելու փորձը, կարող էր ամեն բան այլ լինել, բայց, ինչպես տեսանք, իշխանությունները ոչ մի բանի առաջ կանգ չառան, այսօր էլ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում: Վաղն էլ կարող են ասել, որ Սեւանը մերը չէ: Ոչ մի զարմանալի բան չկա նրանց պարագայում: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեին, ապա այդ ամենն անում է հենց այս իշխանությունը, վստահ եմ, որ անում են զուտ ուշադրություն շեղելու համար, դեռ էլի հողեր ունեն Ադրբեջանին հանձնելու: Իսկ այն մարդիկ, ովքեր փորձում են նման հանրաքվե կազմակերպել, նրանք Նիկոլ են, ոչ մի բանով չեն տարբերվում նրանից: Այս իշխանություններն ամենաանհավանական բաներին պատրաստ են: Խոսում էին ընտրություններ կեղծելու մասին, բայց պարզվեց, որ ամենամեծ կեղծարարներն իրենք են: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա ԵՄ-ն Հայաստանին ոչ մի պարագայում չի ընդունի որպես իր անդամ: Տեսեք` ինչքան երկրներ կան հերթի մեջ: 30 տարի է՝ Թուրքիան չի դարձել ԵՄ անդամ պետություն, Ուկրաինան, Վրաստանը, ու ի՞նչ եք կարծում՝ մե՞նք պիտի այդքան հեշտ դառնանք ԵՄ անդամ, որովհետեւ Տիգրան Խզմալյանն այդպե՞ս է ուզում, լո՞ւրջ: Նույն Տիգրան Խզմալյանը վստահ էր, որ Արեւմուտքն Արցախը վերադարձնելու է հայերին: Այս ամենն արվում է ուշադրություն շեղելու համար, սա իմ միանշանակ կարծիքն է: Ենթադրենք՝ հանրաքվե արեցին, «ՀայաՔվեին» էլ տվեցին անցան` ստորագրությունների քանակով, մտավ Ազգային ժողով ու անցավ։ Հետո՞, ո՞րն է լինելու հետոն: Ո՞վ կարող է բացատրել, թե ինչու պետք է ԵՄ-ն Հայաստանին այդպես միանգամից, մի քանի շաբաթում ընդունի: Կարո՞ղ է Փաշինյանն է ցանկանում` դրա համար: Ծիծաղելի է: Ինչ վերաբերում է մեր հանրությանը, ապա ես հասկանում եմ նրան: Մարդիկ լավ ապրելու ձգտում ունեն, ուզում են նորմալ ապրել, նորմալ կրթություն ստանալ, ուզում են, որ մարդու իրավունքները պաշտպանված լինեն, որ տարբեր փոքրամասնություններ պաշտպանված լինեն։ Դա վատ չէ, բայց իշխանությունները լավ կանեն՝ խոսեն այն մասին, որ Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ միլիոնավոր հայցեր կան՝ Ալիեւի հայցերը չհաշված, որի մասին համառորեն լռում են։ Խոսեն այն մասին, որ արտաքին պարտքը մի քանի տարում կրկնապատկել են եւ չգիտես թե ինչի համար….»:

Հրանտ Խաչատրյան․ «Սա արհեստական հրապարակ նետված հարց է: Եթե իշխանության կողմից հրապարակ նետված ամեն մի հարցին անդրադառնանք, ստացվում է, որ դեմ ենք ամեն ինչին, անգամ այն ամենին, ինչի վրա հիմնված ու հենված է մեր անկախ պետականությունը: Ժամանակին ես կողմ եմ եղել բոլոր հանրաքվեներին, եղել եմ ակտիվ կազմակերպիչ, ինչու չէ` քարոզիչ, եւ դրա դրական արդյունքը ստացել եմ: Ես դեմ չեմ, որ պետության կյանքի կարեւորագույն հարցերը լուծվեն միջազգային իրավունքով սահմանված եւ մեր պետական օրենսդրությամբ հաստատված ժողովրդավարական միջոցներով, օրինակ` հանրաքվեների միջոցով: ԵՄ անդամ դառնալու հարցն արհեստածին օրակարգ է: Մեր հասարակությունը կազմված է հետեւյալից` կա երկու մասի ճեղքվածք` միմյանց նկատմամբ անհանդուրժողականություն, իսկ դրա հետեւում մարդիկ են, ովքեր քաղաքականության առումով ոչ մի մտադրություններ չունեն: Մեր հանրությունը մոլորյալներից է կազմված, քաղաքական դաշտում էլ կան ընդդիմություն եւ իշխանություն, սակայն գաղափարների խոսույթի հիմնական գեներատորը միայն վարչապետն է, ով մարդկանց չի թողնում, այսպես ասած, պարապ մնալ, իսկ ինքը, օգտվելով այդ ամենից, զբաղվում է կոնկրետ գործունեությամբ` ապօրինի գործունեությամբ: Տալիս է խոստումներ, որոնք կարող են դուր գալ մարդկանց, կարող են դուր չգալ, մեկ ամիս առաջ հանրաքվեի մասին խոսեց, ասաց` չկա դրա կարիքը, հիմա էլ այլ բանի մասին են խոսում»: