Կործանված է ողջ պետական համակարգը, կործանված է մարդը

Կործանված է ողջ պետական համակարգը, կործանված է մարդը

Հարցազրույց հրապարակախոս, արձակագիր Դավիթ Սարգսյանի հետ

- Պարոն Սարգսյան, 14 օր է արդեն, ինչ ադրբեջանական զինուժը գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում, բայց ոչ միայն համազգային ընդվզում չեղավ, այլեւ քաղաքական ուժերն ակտիվորեն պատրաստվում են ընտրությունների՝ բուկլետներ են տպում, գրասենյակներ բացում… Ինչի՞ մասին է սա խոսում։

- Այս հարցին պատասխանելու համար պետք է վերլուծել այս ողջ ժամանակահատվածը, նկատի ունեմ՝ խուրջինավորների մեշոկներով իշխանության գալը, որոնց տրամաբանությունը լսելով հասկանում եմ, որ սրանք պարզապես կամակատարներ են ինչ-որ արտաքին ուժերի ձեռքին։ Սա լավ մշակված ծրագիր էր, որի առաջին քայլերը եղան մտավորականությանը գլխատելը, հերոսներին վարկաբեկելը, բոլոր այն արժեքները ոտնահարելը, որոնց ապավինել է մեր ազգը։ Սա ծանոթ ձեռագիր է, այդպես մտավորականության հետ վարվեցին ե՛ւ երիտթուրքերը, ե՛ւ բոլշեւիկները, այսինքն՝ ազգն իր արժեքը կորցրեց եւ պառակտվեց, ջլատվեց ազգային մտածողության եւ ազգային գաղափարախոսության առումով։ Շատ լավ մտածվեց ամեն ինչ՝ փակվեցին սփյուռքի, գյուղատնտեսության նախարարությունները, մշակույթի հերն անիծեցին, նույնը՝ գիտության, կրթության հարցում, անգամ քարտեզագրության ինստիտուտը փակեցին։ Այս ամենը երբ բերում ենք ընդհանուր մի շղթայի մեջ, հասկանում ենք, որ սա լուրջ ծրագիր է, որին պետք է ընդդիմանալ, բայց, ցավոք, նրանք կարողացան ազդել նաեւ մեր ժողովրդի հոգեբանության, մտածողության վրա։ Երբեմն ես զարմանում եմ՝ մի՞թե սա մեր ժողովուրդն է, ո՞ւր է մեր դիմադրողականությունը, արժանապատվությունը, մեր ազգային հպարտությունը, ի վերջո՝ մեր մարդկային արժանապատվությունը, ի՞նչ է կատարվում մեզ հետ, երբ ունենք հերոսաբար կռվող երեխաներ, որոնք նահատակվեցին հանուն մեր ժողովրդի կամ, ինչպես սրանցից մեկն էր ասել՝ «զոհ մատուցեցինք»։ Էշի ականջում քնած ենք եղել, բայց օձ ենք տաքացրել, փաստորեն, որ ընդդիմության անվան տակ շարունակում էր այն գիծը, որ սկսվել էր սրանից 30 տարի առաջ։ Ցավոք, այսօր ունենք ամորֆ ժողովուրդ, իրավիճակի գնահատման առումով՝ բավականին թերի, տգետ։ Ապազգային տարրը մտավ մեր իրականություն, որը մենք չնկատեցինք եւ հիմա «վայելում» ենք դրա «պտուղները»։ Օր առաջ պետք է կանխվի այդ ընթացքը։

- Իշխանությունները որքանո՞վ են շտապում՝ օր առաջ կանխել այդ ընթացքը։ Երկու շաբաթ ձգվող լուռ պատերազմից հետո, երեկ արդեն Շորժայի հատվածում ունեցանք առաջին զոհը։

- Սա դավաճան իշխանություն է, եթե պաշտպանության նախարարն այնքան տխմար է, որ ասում է՝ հովիվն ինչո՞ւ է գնում դիրքերի մոտ անասուն արածացնում, բա ո՞ւր գնա՝ իրենց տա՞նն արածացնի հոտը, թե՞ պաշտպանության նախարարությունում։ Էլ չասեմ, որ հովիվն է դառնում մեր առաջին լուր հայտնողը, որ թշնամին մտել է մեր տարածք ու 3 կմ առաջացել։ Բնականաբար, այս մթնոլորտում մենք պետք է ունենանք զոհեր։ Հետո՝ ի՞նչ է նշանակում «ամայի տարածքներ» արտահայտությունը, կամ՝ Ոսկեպարն էլ պետք է հանձնենք, եւ սա ասվում է այս իշխանության ներկայացուցիչների կողմից։ Եկել են իշխանության թուրքամետ գաղափարախոսություն կրող անձինք, որոնց համար հայրենիք գոյություն չունի, հետեւաբար եւ ցավոք սրտի, մենք զոհեր ենք տալու ու տալիս ենք։ Մինչդեռ դպրոցական տարիքի երեխան անգամ գիտի, որ մինչեւ Քուռ-արաքսյան հովիտը պատմական Հայաստան է։ Ի՞նչ է նշանակում՝ Տիգրանաշեն գյուղը պետք է հանձնենք, իսկ մտածե՞լ եք, որ այդտեղ ապրում է 30 տարի առաջ Ադրբեջանից գաղթած հայություն։ Մենք ստրատեգիական առումով զիջում ենք մեր բոլոր դիրքերը ե՛ւ հյուսիսում, ե՛ւ հարավում, ցավոք, պաշտպանությունը կազմակերպում են տեղական ուժերը, բայց չեն զինում ժողովրդին, սահմանամերձ գյուղերը, հակառակը՝ լսել եմ, որ նույնիսկ զինաթափում են։ Էլ դավաճանությունը ո՞նց է լինում, պետք է կառավարության շենքի գլխին ռո՞ւմբ պայթի, որ նոր հասկանան՝ թուրքի հետ բանակցություններ չի կարելի վարել։ Ո՞ւմ հետ եք բանակցում եւ ինչի՞ շուրջ։ Ի՞նչ է նշանակում՝ ոնց ուզեմ, ինչի շուրջ ուզեմ, կբանակցեմ, դու ո՞վ ես, դու պետք է հաշվետու լինես ժողովրդին։

- Ի դեպ, Փաշինյանն ասաց, որ այդ փաստաթուղթը 100 տոկոսով համապատասխանում է ազգային շահերին։ Դուք խաղաղության երաշխիքներ տեսնո՞ւմ եք այդ փաստաթղթի մեջ, եւ ի՞նչ ազգային շահի մասին է խոսքը։

- Ես նրանց ոչ մի խոսքին չեմ հավատում, նրանք եկել են իշխանության ստի եւ կեղծիքի վրա, սկսած Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի պատմությունից։ Բոլորը պետք է դատվեն, որովհետեւ սրբությունների վրայով այնպես են անցնում, որ կարծես աղբի վրայով քայլեն։ Ես համաշխարհային պատմության մեջ նման զանգվածային դավաճանություն չեմ տեսել։ Վարչապետը կառավարության նիստում պահանջում է, որ սատանային բռնեն, լավ, չկա՞ր մեկը կառավարությունից, որ բռունցքը խփեր սեղանին եւ ասեր՝ ի՞նչ ես խոսում, այ հիմար, ի՞նչ է  նշանակում՝ սատանա կա, գտնենք, հիմա էլ կանգնել ասում ես՝ թուրք գործակալներ կան, պետք է բռնենք, իսկ ովքե՞ր են դանիելիոաննիսյանները, ԱԺ նախագահդ։ Ժողովուրդը չունի ճշգրիտ ինֆորմացիա, իշխանության անդամները մեկը մեկին հերքող ինֆորմացիաներ են տալիս, ՊՆ-ն մի բան է ասում, համայնքապետը՝ այլ բան, արտաքին գործերի նախարարը՝ մեկ այլ բան, ժողովրդին խելագարության շեմին են հասցրել, ո՞վ չի հասկանում, թե ինչ պետք է անի։ Զինվորին ասում են՝ մի կրակիր, եթե կրակես, դատելու ենք, ներեցեք, այդ բանակն էլ ո՞ւմ է պետք։ Ես հիմա կարո՞ղ եմ անցնել Նախիջեւանի սահմանը՝ ինձ կա՛մ կգնդակահարեն, կա՛մ գերի կվերցնեն։ 

- Ասացիք՝ ժողովուրդը խելագարության շեմին է հասել, բայց նախօրեին Հյուսիսային պողոտայում երկարատեւ հրավառություն էր, գուցե խնդիրն ամենեւին էլ ինֆորմացիայի մե՞ջ չէ։ 

- Ես դա վերագրում եմ այն դեգրադիացիային, որ տարիներ շարունակ ներարկեցին մեր ժողովրդի մեջ, ներարկեցին նաեւ մեր միասնության, համերաշխության դեմ, եւ հիմա միասնությունից եւ համերաշխությունից ամենից բարձր խոսում են նրանք, ովքեր պառակտեցին ու ջլատեցին մեր ազգը։ Ազգային գաղափարախոսությունն ու մտածողությունը դարձան ամոթ, այսինքն՝ պետք է դատվես, եթե պատերազմ ես հաղթել, իսկ պատերազմը պարտվողները ստանան հերոսի կոչում։ Ժողովուրդը հավաքականություն է, որտեղ բոլոր տեսակները կարող են լինել, բայց առաջ մղող ուժը եղել են մտավորականությունը, մտածող մարդը, ոչ թե տգետ մեկը, որ ԱԺ ամբիոնից կամ կառավարության նիստում եռանիշ զարգացումներ ցույց տա։ 

- Իսկ մտավորականության ձայնը լսելի՞ է այսօր։       

- Էլի պետք է նշեմ, որ մեզանում տեղի է ունեցել դեգրադացիա, եւ դա առաջացել է մահացու կործանարար մի հիվանդությունից, որը կոչվում է նիկոլիզմ։ Սա արդեն դարձել է երեւույթ, եւ պետք է արդեն այդ երեւույթի դեմ պայքարել։

- Հիմա հույս կապել միջազգային կառույցների, ՀԱՊԿ-ի կամ մեր դաշնակցի հետ՝ որքանո՞վ է իրատեսական, եւ այս պատերազմում արդյո՞ք ունենք դաշնակից։

- Մենք մեր բոլոր դաշնակիցների հերն անիծել ենք, երբ կոճակ էին սեղմում Ռուսաստանի դեմ եւ ասում էին՝ շփոթվեցի, երբ Ռուսաստանի դրոշ էին վառում ՌԴ դեսպանատան առաջ, այն դեպքում, որ Հայաստանում վառվել է միայն Թուրքիայի դրոշը՝ ի՞նչ էին մտածում։ Այս 30 տարվա մեր պայքարի մեջ սխալը հենց եղավ արեւմտամետի, թուրքամետի, ռուսամետի իրար բաժանելու մեջ, իսկ հայամետ ուժերը համարվեցին «սպիտակ ագռավ»։ 

- Շատերն այս շտապողականությունը՝ սահմանազատման հետ կապված, բացատրում են առաջիկա խորհրդարանական ընտրություններով․ սա ի՞նչ է նշանակում, որ մինչեւ հունիսի 20-ը կփորձեն լուծել սահմանազատման հարցերը եւ ստորագրել եռակողմ փաստաթո՞ւղթը։

- Ես սրանցից ամեն ինչ սպասում եմ, սրանք իրենց մոր գերեզմանն էլ կստորագրեն, կտան, սրանք սրբություն չունեն, հայրենիք չունեն, մարդու նկատմամբ հարգանք չունեն, սեփական հողի զգացողություն չունեն, սրանց համար ամայի տարածքներ, դժգույն ու դժբախտ քաղաքներ են մեր մշակութային կենտրոններն ու հայրենիքը։ Դրա համար ես ամեն ինչ սպասում եմ, իսկ եթե իշխանափոխություն չեղավ, մենք ուղղակի կկործանվենք։ Իսկ իշխանափոխությունից հետո առաջին քայլը պետք է լինի չեղյալ համարել սրանց բոլոր պայմանավորվածությունները, ես չգիտեմ՝ միջազգային կամ օրենսդրական դաշտում դա ինչպես է արվում, բայց պետք է չեղյալ հայտարարել, որովհետեւ այդ ամենն արվել է օրենքի կոպիտ խախտումով եւ քաղաքական ուժի կամայական մոտեցումներով։ Ավելին՝ նույնիսկ իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչները տեղյակ չեն, թե ինչ է մոգոնում այդ խելագարը կամ ինչ հանձնարարություն ստացավ իր հովանավորներից։ Ոչ ոք տեղյակ չէ, թե նա ինչ է ստորագրում, ասում է՝ լավ եմ անում, ստորագրում եմ, 100 տոկոսով հայանպաստ է, հիմա «հայանպաստն» իր մթագնած ուղեղում ո՞րն է՝  Զանգեզուրն ու Սյունիքը տա՞լն է, ի դեպ, ինքը դա վաղը կարող է արդարացնել, որովհետեւ շատ լավ կարողանում է մանեւրել եւ իր մանիպուլյացիաներով ազդել ժողովրդի վրա։ Ինչպես Կարսի նահանգապետն էր ասում՝ մեր ժողովուրդը լսելով է հավատում, ոչ թե աչքի տեսածով։ Սա մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկն է գրել՝ իր ընչաքաղցությամբ եւ հիմարությամբ։ 

- Հիմա ի՞նչ անենք, արտագաղթի նոր ալի՞ք սպասենք, եւ ի՞նչ հանգրվանի դա կտանի մեզ։

- Եկող իշխանությունը ով էլ լինի, մեծագույն հրաշք պետք է գործի, որպեսզի կարողանա մեր երկիրը փրկել, որովհետեւ կործանված է ողջ պետական համակարգը, կործանված է մարդը։ Ի՞նչ է նշանակում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից միլիոնավոր գումարներ փոխանցել բյուջե եւ դրանք ուղղել պարգեւավճարներին ու այլ կարիքների։ Բա ո՞ւր են ժողովրդավարության քո սին խոստումները, ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը, եւ, ի վերջո, ո՞վ է քեզ համար ժողովուրդը, եթե ողջ մտավորականությունը՝ ինստիտուտներ, գիտնականներ, եկեղեցի, նախագահ կոչեցյալ, պահանջում է քո հրաժարականը։ Էլ ո՞վ պետք է պահանջի, կամ ո՞վ է այդ ժողովուրդը, որ պետք է պահանջի քո հրաժարականը, փողոցում կանգնելո՞վ է որոշվում՝ քեզ ուզում են, թե չեն ուզում։ Կարելի է կարծել՝ իր ողջ պահակազորն իրեն ուզո՞ւմ է, որ իր շուրջն է համախմբված։