Ճամբարի մեկ ուղեգիրը 500 հազար դրա՞մ արժե

Ճամբարի մեկ ուղեգիրը 500 հազար դրա՞մ արժե

Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը տարիներ առաջ՝ 2017 թվականին տեղափոխվեց Դիլիջան եւ տեղակայվեց ՊԵԿ-ի շքեղ կենտրոնում, որը կառուցվել էր ամենաթանկ հյուրանոցների չափանիշներով։ Վարժարանն արդեն սկսել է այս տարվա ընդունելության քննությունները։ Բայց բացի ընդունելության քննություններից, վարժարանը ունի նաեւ ամառային ճամբար, որը, ըստ մեր տեղեկությունների, բավականին թանկ արժե։ Մեզ դիմած ծնողը, որն իր 11-ամյա դստերը պատրաստվում էր ուղարկել Դիլիջան, ասաց, որ 14 օր տեւողությամբ ճամբարի մեկ ուղեգիրն արժե 500 հազար դրամ։

Վարժարանի տնօրեն Գեղամ Սարգսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում կտրուկ հերքեց 500 հազար դրամով իրենց մոտ ճամբարում հանգստանալու հանգամանքը.

«Հիմնականում «Արմատ» կազմակերպության հետ ենք ճամբար կազմակերպում, այս տարի էլ է եղել։ «Արմատի» մեկ խումբ գնաց, հիմա այստեղ փոքր երեխաներն են     շախմատիստ։ Իսկ 500 հազար դրամ վարձով ճամբար գոյություն չունի, եթե ճամբարախումբ է, ապա գինը 10 հազար դրամ է՝ սնունդով եւ բոլոր պայմաններով։ Մեզ մոտ «Արտլանչն» է, իրենց ենք փոխանցում սննդի գումարը, եւ 5 հազարի սահմաններում մտնում է բոլոր պայմանները եւ գիշերակացը, որից մենք մուծում ենք շահույթահարկ եւ եկամտահարկ, մեկի համար էլ 2500 դրամ է լինում։ Տենց բան գոյություն չունի, դա երեւի միջնորդ կազմակերպություններ են, որ փորձում են գումար աշխատել։ Մեր մոտ այդ գները չեն»։

Հարցին, թե բացի «Արմատից», այլ ճամբարի խումբ գալո՞ւ է, ասաց՝ ոչ։ Նա կտրուկ «ոչ» պատասխանեց նաեւ այն հարցին, թե երբեւէ 500 հազար դրամով եկե՞լ են վարժարան․ «Ոչ, ոչ։ 500 հազարով կգնան Կիպրոսում կհանգստանան, ո՞նց կարող է նման գին լինել»։ Մինչ տնօրենը ոտքը դրած մի կոշիկի մեջ դրած պնդում էր, որ նման գին գոյություն չունի, մենք կրկին կապվեցինք ծնողի հետ, նա ասաց, որ 500 հազար դրամ պահանջող ճամբարը կոչվում է «Մոնթե խաղաղության» ճամբար։ Հեռախոսազանգին պատասխանած անձը նշեց, որ ընդհանուր առմամբ այս տարի հունիս ամսին է մի խումբ գնացել վարժարան․ «Այս ճամբարը այդպես կապ չունի վարժարանի հետ, բայց, այո, վարժարանի սաներին է գումարը ուղարկվում, ուղղակի վարժարանի շենքն է օգտագործվում։ Այս տարի էլ ճամբար չունենք»։