Արայիկ Հարությունյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շենքից դուրս գալիս այլ տեսարանի է ականատես եղել

Արայիկ Հարությունյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շենքից դուրս գալիս այլ տեսարանի է ականատես եղել

Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, որ՝ դրսի դաշնակցականնե՛ր, եկեք տեր կանգնեք տեղի դաշնակցականներին, «դրսիններից» մի քանի հայտարարություն հնչեց, իսկ երեկ Բրյուսելից ՀՅԴ բյուրոն շատ կոշտ հայտարարություն էր տարածել․

«Հ.Յ.Դ. Բիւրօն վերլուծելով Հ.Հ. քաղաքական իրավիճակը եւ տեղի ունեցող իրադարձութիւնները՝ այսու իր խոր մտահոգութիւնն է յայտնում, ի շարս այլ հարցերի, վերջին ամիսների քաղաքական զարգացումների վերաբերեալ։ ՀՀ իշխանութիւնների որդեգրած անհանդուրժողական մօտեցումը, այլակարծութիւնը մերժելու եւ իշխանութիւնների նկատմամբ քննադատութիւններին հետապնդումներով կամ սպառնալիքներով հակազդելու փորձերը, երկրում ստեղծում են ճնշիչ եւ պառակտիչ մթնոլորտ, որն օրըստօրէ խորանում է։ Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանութիւններին վերացնել Հայաստանում ստեղծուած համատարած վախի եւ հալածանքի մթնոլորտը եւ հաստատել քաղաքական առողջ յարաբերութիւնների մշակոյթ»։

Հիշեցնենք, որ ՀՅԳ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը մեզ հետ զրույցում օրերս ասել էր․ «Դաշնակցությունը սա է․ հարկ ենք համարում՝ լավ ենք ընդունում, եթե շատ են ուզում, կարող են արժանանալ կոշտ վերաբերմունքի։ Բայց ինչ էլ անենք, նեղ խմբային շահերով չենք առաջնորդվում»։ Եթե սրան հավելենք նաեւ երեկ Վազգեն Մանուկյանի «Վերնատան» համաժողովին դաշնակցականների եւ մասնավորապես՝ ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կոշտ ելույթը, պետք է արձանագրենք, որ ՀՅԴ-ի «համբերության բաժակը լցվում է», եւ նրանք անցնում են կոնկրետ քայլերի՝ կրկին համալրելով հայաստանյան ընդդիմադիր դաշտը։ Մենք ՀՅԴ բյուրոյի, որն աշխարհասփյուռ հայության ղեկավար մարմինն է, հայտարարության եւ դրանից բխող քայլերի մասին զրուցել ենք բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ։

- Պարոն Համբարձումյան, Բրյուսելի բյուրոյի հայտարարությունում ընդհանուր գծերով էր նշված՝ անհանդուրժողականության մթնոլորտ․ կարո՞ղ եք հստակեցնել՝ խոսքն իշխանությունների կողմից կոնկրետ ի՞նչ դրսեւորումների մասին է՝ սոցիալական ցանցերում ֆեյքային պատերազմների՞, վարչապետի բառապաշարի՞, թե՞ այլ։

- Հայտարարությամբ՝ թեեւ շատ սեղմ ծավալներում, շարադրված են այն բոլոր մտահոգությունները, որ ունենք, եւ նաեւ կոչ ենք ուղղել իշխանություններին, որպեսզի ձեռնպահ մնան այն վարքագծից, որով փորձում են հակազդել ցանկացած քննադատության, առողջ բանավեճի, եւ կարծում եմ՝ թշնամանքի, այլակարծության, ատելության այս մթնոլորտը միայն ու միայն պառակտելու է հասարակությանը։ Եվ որեւէ կառուցողական զարգացման միտում ունեցող ընթացք չի կարող ունենալ։

- Ո՞րն է այդ իրավիճակը․ հասարակության բարիկադավորո՞ւմ, իրարամերժ պատկերացումնե՞ր երեւույթների ու իրողությունների վերաբերյալ։

- Դրանք այնքան ակնհայտ են, որ բոլորս տեսնում ենք։

- Ձեր կուսակից Արթուր Եղիազարյանին էլ էի նախօրեին հարցրել՝  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը փորձում է «տղա բերել» հայաստանյան դաշնակցականների վրա, քանի որ դրսում  դաշնակցականներն  իշխանությունների հետ ոչ միայն ջերմ հարաբերություններ ունեն, այլեւ ակտիվ կազմակերպում են, օրինակ, ԱՄՆ մեկնող ՀՀ իշխանավորների այցերը։

- Կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանը խորը թյուրըմբռնման մեջ է։ Կարծում եմ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդաժողովից դուրս գալուց հետո բոլորովին այլ տեսարանի է նա ականատես եղել։ Եվ նմանատիպ տեսարանների ինքն առաջիկայում էլի ականատես կլինի։ Եվ սփյուռքի հայ համայնքի հարգալից վերաբերմունքն ու նաեւ մեր կառույցի կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ, ամենեւին չի նշանակում, որ կիսում ենք այն մոտեցումները, որոնք վերաբերում են ներկա իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը։