Գիտենք`ովքեր են մեր թշնամիները․ ի՞նչ է ասել Էրդողանը

Գիտենք`ովքեր են մեր թշնամիները․ ի՞նչ է ասել Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով TRT Haber հեռուստաալիքի եթերում, քննադատել է ընտրությունների մասին հրապարակումներով Թուրքիայում հասարակական կարծիքի վրա ազդելու՝ արևմտյան լրատվամիջոցների փորձերը։

Էրդողանի խոսքով, Արևմուտքի որոշ շրջանակներ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Թուրքիային հաջողվել է «վերացնել ահաբեկչությունը»։ 

Միաժամանակ, նա նշել է, որ Թուրքիան ստիպված է միայնակ պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ պնդելով, թե Արեւմուտքը մտահոգված է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության զարգացմամբ։
«Արդյո՞ք նրանց դուր է գալիս Թուրքիան, որն ուժեղանում է պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Նրանք, իհարկե, մեզ չեն սիրում։ Նրանք մեզ չեն սիրում, քանի որ մենք նրանցից այլեւս զենք-զինամթերք չենք գնում։ Դրան մերոնք պատասխանել են մայիսի 14-ին (ընտրությունների առաջին փուլում)։ Հույս ունեմ, որ մայիսի 28-ին (ընտրությունների երկրորդ փուլում) էլի կպատասխանեն։ 

Լսե՞լ եք, որ Ադրբեջանը, Կատարը կամ Լիբիան դժգոհեն մեր ջանքերից։ Ո՛չ։ Երբ նայում ենք նրանց, ովքեր անհանգստանում են մեր հաջողության համար, մեզ համար պարզ է դառնում, թե ով է ընկեր, ով՝ թշնամի»,- ընդգծել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը, խոսելով սիրիացի փախստականների հայրենիք կամավոր և անվտանգ վերադարձի մասին, նշել է. «Մինչ օրս գրեթե 560.000 փախստական ​​է վերադարձել թուրքական զինված ուժերի կողմից ահաբեկիչներից մաքրված տարածքներ։ Այս թիվը կավելանա, քանի որ ահաբեկչական կազմակերպությունները դուրս են մղվում Սիրիայից»։