Երկիշխանությունը գործողության մեջ

Երկիշխանությունը գործողության մեջ

Կարծում եմ, որ Փաշինյան Նիկոլին վարչապետի պաշտոնից հեռացնելու գործընթացում մայիսի 17-ը դարձավ բեկումնային օր: Դրա դրսևորումները մի քանիսն էին. առաջին, գիշերային երթի մասնակիցների հսկայական քանակը, երկրորդ, բարձրակետին հասած՝ ոստիկանության կարմիր ու սև բերետավորների վայրագությունը, ինչը իշխանությունը կերցնելու՝ Նիկոլի վախի անմիջական արձագանքն էր, երրորդ, 2018-ի ապրիլին բերման ենթարկված անձանց քանակը գերազանցելը, չորրորդ, ոստիկանների վայրագ վարքագծի պատճառով նիկոլական ՄԻՊ-ի «արթնացումն» ու ոստիկանությանը քննադատող հայտարարությունը, հինգերորդ և ամենակարևորը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ելույթը «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հանրահավաքին: Այնպես չէ, որ նրանք մինչ այդ միասին չէին պայքարում գործող իշխանության դեմ, սակայն իրենք իրենց առանձնացնում էին հիմնական շարժումից՝ փորձելով չնույնանալ շարժման մասնակից նախկինների հետ:

Որպես բեկումնայնության մեկ այլ տեսանելի հետևանք կարելի է արձանագրել, նախ, «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի մի քանի ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։ Վերջինս ստիպված է եղել պատասխանատվության միջոցներ ձեռք առնել ընդդեմ սեփական ենթակաների և դրա մասին հայտնել ընդդիմադիր պատգամավորներին: Սա հենց այն է, ինչ կոչվում է երկիշխանություն: Այսօր Նիկոլն ի վիճակի չէ բիրտ ուժով ճնշելու շարժումը՝ նույնիսկ ունենալով արևմտյան երկրների և հատկապես Միացյալ Նահանգների անթաքույց հովանավորությունը: Իսկ առանց Նիկոլի իմացության և համաձայնության ոստիկանապետը, բնականաբար, չէր զանգահարի Իշխան Սաղաթելյանին և նրան չէր հրավիրի զրույցի: Ինչը նշանակում է, որ վերջնական հաղթանակին հասնելու համար պետք է ուժեղացնել ճնշումը իշխանության վրա: Եվ երկրորդ, մայիսի 20-ի կեսօրին Ֆրանսիայի հրապարակը համարյա թե դատարկ էր, սակայն ոստիկանությունը միտք չուներ հեռացնելու վրանները: Դա պայմանավորված էր նաև մերձբալթյան երկրի նախագահի այցելությամբ, սակայն, այնուամենայնիվ, հիմնական պատճառն իրավիճակի անորոշությունն է: Համարյա ինչպես մարքսիզմի դասականներն են բնորոշել՝ իշխանությունն արդեն չի կարողանում ճնշել շարժումը, իսկ շարժումն էլ դեռևս չի կարողանում Նիկոլին հեռացնել պաշտոնից: 

Մեկ-երկու նկատառում, թե ինչպես է հնարավոր ճնշման ուժեղացումը: Մեկ հնարավորություն արդեն ձեռքից բաց է թողնվել՝ հղի կնոջ մահը դժբախտ պատահարի պատճառով: Իշխանությունը շատ ավելի արագ գործեց այդ հարցում՝ կնոջ ծնողներին ստիպելով, որպեսզի վերջիններս հրաժարվեն սպանվածի հուղարկավորությունը քաղաքականացնելուց: Որքան հասկացա, ամուսնուն խոսք չի հասել այդ առումով: Ինչևէ, իսկ որ իշխանությունն արագ էր գործելու՝ դրանում կասկած չկար, քանի որ հենց նույն մարդիկ տարիներ առաջ, որպես ընդդիմություն, քաղաքականացրին բժիշտ Ավետյանի մահը ծեծի հետևանքով: Դա որպես այդ ամենի մասնակից եմ ասում, թեև որոշում կայացնող չեմ եղել:  

Հաջորդը մի երևույթ է, որ մասին շատ քչերը պատկերացում ունեն, բայց դրանից դրա ազդեցությունը չի նվազում: Խոսքը էզոթերիկայի (թաքնագիտության) երևույթներից մեկի մասին է: Երբ հոգով ընդդիմադիր, սակայն շարժմանը ոչ այնքան ակտիվորեն մասնակցող կամ ընդհանրապես չմասնակցող մարդիկ իրենց շուրջը տարածում են, թե Նիկոլի դիրքերը շատ ամուր են, և նա չի հեռանա կամ նրան հեռացնել հնարավոր չէ: Ինչու ոչ այնքան ակտիվ կամ պասիվ զանգվածը, քանի որ ակտիվ զանգվածը սովորաբար նման մտածողություն չի ունենում: Եվ դա նորմալ է, քանի որ պայքարի ակտիվ մասնակիցները՝ առանձին բացառություններով, սեփական պայքարի նկատմամբ հոռետեսական մոտեցում սովորաբար չեն դրսևորում. դա սեփական փորձից գիտեմ: Իսկ վերը նշված անձինք չգիտակցելով՝ հզորացնում են նիկոլի դիրքերը էզոթերիկայի տեսակետից: Ինչևէ, իմ տարիքի, գիտելիքների և կյանքի փորձի հիման վրա ընդդիմադիր այդ անձանց խորհուրդ կտայի դադարեցնել պարտվողական դիրքորոշում հայտնելը: Նույնիսկ իրենց ընտանիքում և նույնիսկ իրենք իրենց: Որովհետև միտքը նյութականանալու հատկանիշ ունի՝ հատկապես բազմության միտքը և էմոցիոնալ մեծ հագեցվածությամբ միտքը: Իզուր չէ, որ հեռավոր Հիմալայներում բուդդայական վանականները ինչ-որ պարբերականությամբ (կոնկրետ ինչքան՝ արդեն չեմ հիշում) խմբային աղոթքներ են անում ի պահպանություն մոլորակի: Խոսքը կոնկրետ այդ բովանդակությամբ աղոթքի մասին է, քանի որ վերջիններս ընդհանրապես աղոթում են ամեն օր՝ սկսելով նախքան լուսաբացը: Մի խոսքով, ձեր օրն անցկացրեք Նիկոլին իշխանությունից հեռացնելու հնարավորության մասին խորհելով: 

Հոգևոր ոլորտից կրկին անցում կատարենք նյութականին: Առաջին թեման, որի վրա ուշադրություն կդարձնեի՝ թալանն է: Խոսքը պետական բյուջեի թալանի մասին է, ինչը կատարվում է պարգևավճարների տեսքով: Պարգևավճար կոչվածը ոչ միայն բյուջեի թալան է, այլև պետական կաշառքի տեսակ՝ բարձրաստիճան չինովնիկներին և իրավապահներին (առաջին հերթին՝ ոստիկաններին) հատկացվող: Եթե նախկինների օրոք նույն այդ կամ էլ նրանց ենթակա անձանց կաշառք էր տրվում մասնավոր անձանց և կազմակերպությունների կողմից, ապա այսօր մասնավորին փոխարինել է գործող իշխանությունը: Պետք է գրեի՝ պետությունը, սակայն միայն կույրը չի կարող տեսնել, որ գործող իշխանությունը պետություն չի ներկայացնում: Այն հետապնդում է ոչ թե պետական ու ազգային, այլ զուտ անձնական և խմբակային շահեր: 

Մի քանի անգամ «Հրապարակի» էջերում գրել եմ 16-րդ դարավերջից 17-րդ դարասկիզբի ժամանակահատվածում Ռուսիայում տիրող  անտիրության, այսպես կոչված, «խառնակ ժամանակի» մասին: Այն հանգուցալուծվեց ժողովրդական աշխահազորի շնորհիվ, քանի որ բոյարների՝ ռուսական ազնվականության, հայրենասեր մասը չկարողացավ առաջնորդել պայքարը հանուն պետության անկախության: Այսօր մեզանում համարյա թե նույն իրավիճակն է: Ճիշտ է, Նիկոլը վարչապետ կարգվեց ժողովրդի ճնշման ներքո, սակայն նրա կառավարումը ոչնչով չի տարբերվում կեղծ Դմիտրիների կառավարումից՝ երբ դրանք հաստատվում էին ռուսական գահին: Այսօր Երևանում ևս պետք է կազմվի ժողովրդական աշխարհազոր, քանի որ Նիկոլը խաղաղ ճանապարհով իշխանություն հանձնող չէ: Նա գիտակցում է, որ իշխանությունից զրկվելով՝ զրկվելու է ամեն ինչից, և այդ պատճառով էլ կառչած կմնա իր պաշտոնին՝ որքան ներեն իր ուժերը:

Նիկոլին պաշտոնից հեռացնելու համար ուսուցողական կարող է լինել Վերածնունդի ժամանակաշրջանի Ջիրոլամո Սավոնարոլա անունով ֆանատիկոս վանականի պատմությունը: Վերջինս Ֆլորենցիայում (ժամանակի իտալական հանրապետություններից մեկը) իշխանության եկավ՝ անխնա քննադատելով կաթոլիկ եկեղեցական կարգերը: Սակայն ազնվագույն վանականն ընկավ իր իսկ հյուսած հեղինակության թակարդը. բարեփոխիչ հայր Ջիրոլամոն այնքան հավատաց իր զորությանը, որ մարդկանց համոզեց, որ անմիջականորեն շփվում է Աստծո հետ: Եվ երբ նրան առաջարկեցին անցնել կրակի փորձության միջով, բնականաբար, հրաժարվեց, և հենց նույն օրը սպանվեց, իսկ մարմինն էլ այրեցին: 

Իհարկե, 21-րդ դարում չենք կարող ընդօրինակել 15-րդ դարավերջի բարքերը, սակայն կարելի է ընդօրինակել նրան կործանման հասցրած մեթոդը. ապացուցիր, որ դու… շարունակությունը կարելի է գտնել մտագրոհի միջոցով: Ի դեպ, արդյունքը շատ ավելի մարդկանց կհանի փողոց: Օրինակ՝ ժամանակին պետական հիմնարկում ՀՀ դրոշի սխալ տեղադրության համար աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատող Նիկոլը (չնայած չուներ դրա իրավունքը) ինչո՞ւ այսօր չի արձագանքում ոստիկանության մայորի կողմից բանակի գնդապետի նկատմամբ ասված՝ «ես էլ գնդապետ շինող եմ» արտահայտությանը: Եվ դրան հետևած՝ գնդապետի «Մարտական խաչ» շքանշանի վրա թքելուն: