Հայ-ռուսական քաղցր զրույց՝ «շաքարով կտրված»

Հայ-ռուսական քաղցր զրույց՝ «շաքարով կտրված»

Հայ-ռուսական «Լազարևյան» ակումբի, հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին համընկնած նիստի օրակարգը, կարմիր թելի նման անցնում էր այն գաղափարը, թե հայ-ռուսական հարաբերությունները պետք է վերաթարմացվեն՝ սկսած իրավապայմանագրային բազայից․ ՀՀ-ՌԴ նոր տիպի համաձայանագրերի կնքման մակարդակով։ Համաձայնագրեր, որոնք առավել կհապատասխանեն հայ ժողովրդի ակնկալիքներին։ 

Ռուսական կողմից էլ պարբերաբար հնչում էին գնահատականներ, որ այս իշխանությունների գործունեության ընթացքում աղետալի հետևանքների առջև կանգնած Հայաստանը (այդ թվում նաև նիստը վարող ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը) կորցրել է սուբյեկտայնությունը։ Ինչպես նաև այն, որ փոքր երկրների համար անհնար է բազմավեկտոր արտաքին քաղաքակությունը։ 

Այս  համատեքստում Դավիթ Շահնազարյանի ելույթն ասես «շաքարով կտրեց» հայ-ռուսական այս քաղցր երկխոսությունը։ ԱԱԾ նախկին պետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երկու օր առաջ «ԱՄՆ միջնորդական ջանքերով» Հայաստանին են վերադարձվել 15 ռազմագերիներ՝ Վրաստանի տարածքով։ Ինչի դիմաց Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել Աղդամի ականապատված քարտեզը՝ 97 000 ականներով։

«Չափազանց զգայուն հարց է՝ վերադարձել են ռազմագերիներ։ Կարծում եմ՝ շատերդ գիտեք, որ 90-ականներին, պատերազմի ժամանակ ռազմագերիները դաշտային հրամանատարների միջնորդությամբ էին վերադարձվում, գործարքների արդյունքում։ Իսկ ավելի կոնկրետ՝ մենք վճարում էինք, և Ձեր նվաստ ծառան մեկ անգամն չէ, որ արել է, բայց ներեցեք, սա ընդամենը փող էր։ Իսկ այս գործարքը ազգային անվտանգության հարց է։ Լրջագույն։ Կան մի քանի ասպեկտներ, որոնց մասին կխոսեմ շատ կարճ։ Նախ, հատկապես ունենալով Աղդամի շրջանի ականապատման քարտեզը, իսկ դրա վրա 97 000 ական կա, Ադրբեջանը  հնարավորություն է ստանում Աղդամի արագացված ռազմականացման։ «Այս լսարանը շատ լավ հասկանում է, թե սա ինչ վտանգ է Հայաստանի ու Արցախի համար հատկապես Աղդամի շրջանը։ Մեկ այլ ասպեկտ․․ այն, որ Ադրբեջանը պետք է ի կատար ածեր համաձայն՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, հիմա արդեն գործարք է։ Ըստ որում՝ ոչ իրավաչափ։ Եվ շատ կասկածում եմ, որ Ադրբեջանի վրա գերիները վերադարձելու միջազգային հանրության կողմից ճնշման տեմպերը չեն նվազելու։

Գիտեք՝ Եվրոպական խորհրդարանը բավականաչափ օբյեկտիվ բանաձև ընդունեց, որոշ եվրոպական երկրներ, և ուզում եմ ասել, որ այդ ամենը իրականացվել է հայկական ընդդիմության, այլ ոչ իշխանության գործողությունների արդյունքում։ Երկրորդ, տպավորություն է, որ ԱՄՆ-ն այստեղ հանդես է գալիս ոչ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, այլ որպես շատ ավելի ընդլայնված լիազորություններ ունեցող երկիր։ Երեկ Վրաստանի արտգործնախարարը, որը, ի դեպ, դա անվանեց «գործարք» ասաց, որ բանակցությունները վարվել են մի քանի ամիս։ Այն, ինչը կատարվեց, չի հարվածում միայն մեր՝ Արցախի ու Հայաստանի ազգային անվտանգությանը»։

Դավիթ Շահնազարյանը մի հիշեցում արեց, որ «գործարքը» տեղի է ունեցել G7-ի առաջնորդների հանդիպման ժամանակ և Ժնևում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահների նախօրերին։ 

«Բնական է, որ այդ հանդիպումից առաջ ԱՄՆ-ը ստանում է որոշակի դիվիդենտներ։  Ես կարծում եմ՝ Մոսկվայում պետք է բավականաչափ լուրջ մոտենան այս գործարքին։ Եվ ռուսական ԱԳՆ-ի քաղաքականությունը, ինչն է այն՝ նախ հաշտեցում, հետո ինչ-որ կարգավորում, ԼՂ կարգավիճակ և այլն, բայց ակնհայտ է, որ սա չի աշխատում, քանի որ ամեն օր մենք լսում ենք հերթական  նացիստական երկիր հանդիսացող Ադրբեջանի ղեկավաուրության հակահայկական ելույթները»։ 

Նիստը վարող Անդրանիկ Միհրանյանը նկատեց, թե Ռուսատանում «դեռևս  մշակված չէ բակականաչափ իմաստավորված ռազմավարական գիծ Հարավայաին Կովկասի առնչությամբ»։