Տարիքը կապ չունի

Տարիքը կապ չունի

Ժամանակին անգլիացի պետական գործիչ Ուինսթոն Չերչիլն է ասել, որ եթե մեկը երիտասարդ տարիքում արմատական չէր՝ նա սիրտ չունի, եթե հասուն տարիքում չի դարձել պահպանողական՝ խելք չունի: Որքան հասկանում եմ՝ դա ասվել է նորմալ ժամանակներ ապրող նորմալ երկրների համար: Դժբախտաբար, Հայաստանը նորմալ երկիր չէր մինչև 2018 թվականը, սակայն շատ ավելի աննորմալ երկիր է 2018-ից հետո: Սակայն եթե մինչև 2018 թվականը Հայաստանի համար տանելի ժամանակներ էին, ապա 2018-ից հետո ժամանակները ևս անտանելի են: Աննորմալ երկրի անորմալ ժամանակներ՝ ահա մեր օրերի ընդհանրական գնահատականը: Ինչը նշանակում է, որ մարդու վարքագծի առումով մեզանում տարիքը որևէ կապ չունի:

Իսկ հիմա մեկ առանձին երևույթի մասին: 2018-ից հետո Նիկոլի ասելով Հայաստանում լրատվամիջոցներն ունեն այնպիսի ազատություն, ինչպիսին երբևէ չեն ունեցել: Եթե առաջնորդվենք նիկոլական «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» կեղծ թեզով, ապա պիտի ընդունենք, որ դա իրական կյանքում նշանակում է լրատվամիջոցների դեմ դատարաններ ներկայացված հայցերի քանակության հսկայական աճ: Այո, երբևէ մեր երկրում այդքան դատական հայցեր չեն ներկայացվել, որքան ներկայացվել էն այս երեք տարում: Իսկ ի՞նչ է նշանակում դատական հայց կոչվածը. այն նշանակում է լրատվամիջոցի բերանը փակելու իրավական ճանապարհ՝ ֆինանասական հետևանքով: Մի քանի դատական վճիռ, և խնդրեմ՝ լրատվամիջոցը կանգնած է փակվելու վտանգի առջև: 

Տարվա սկզբից դրան գումարվեց մեր երկրի սահմանների մոտակայքում տեսանկարահանում կատարելու օրենսդրական արգելքը, իսկ հետո այն համարյա թե տարածվեց նաև Ազգհային ժողովի վրա: Խորհրդարանի շենքում արգելվեց լրագրողների ազատ տեղաշարժը: Նախկինում նման սահմանափակում, բնականաբար, չկար: Եվ երբ տարիներ առաջ, այնուամենայնիվ, կատարվել էր մեկ սահմանափակում՝ լրագրողներին նիստերի դահլիճից հանել էին վերև՝ ապակիներով փակված ամֆիթատրոնի վերին մասը, անասելի աղմուկ բարձրացավ ազատասեր հասարակության կողմից: Հետաքրքիր է՝ նույնպիսի աղմուկ կբարձրանա՞ քպկական հերթական սահմանափակման առումով: Կարծում եմ, որ ոչ:

Ի դեպ, ԱԺ պատգամավոր (նախկին լրագրող) Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարությունից փորձել էր ճշտել, թե կա արդյոք որոշում սահմանափակման վերաբերյալ: Եվ նրան պատասխանել էին, որ նման որոշում չկա: Սակայն խորհրդարան գալով՝ լրագրողներն առերեսվել էին դրա կատարմանը: Եվ ի՞նչն է հետաքրքիր՝ նրանք «բռնեցրել» էին «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, ԱԺ քպկական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին և նրանից փորձում էին պարզել, թե ինչ վերաբերմունք ունի խորհրդարանում կյանքի կոչված սահմանափակման վերաբերյալ: Վերջինս, որպես նախկինում խիստ կոռեկտ լրագրող, պատասխանել էր, որ կփորձեր պարզել, թե ինչ է տեղի ունեցել, և դրանից հետո ընդամենը կբարկանար: Այո, հարցապնդում չէր անի, չէր բողոքարկի, բողոքի ակցիա չէր կազմակերպի՝ ընդամենը կբարկանար: Փաստորեն, նախկին լրագրող, երիտասարդ պատգամավորը ևս ենթադրաբար նույն կարծիքին է ոլորտի առումով՝ ինչ Նիկոլը: Այսինքն՝լրատվամիջոցների համար 2018-ից հետո Հայաստանում ստեղծված են դրախտային պայմաններ, և բողոքելը տեղին չէ: 

Ի դեպ, շատ ավելի մեծ տարիքում ես այն խմբի կազմում էի, որը 10-15 տարի առաջ բողոքի երթ էր կազմակերպել դեպի Ազգային ժողով ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի փակման ծրագրերի: Եվ մեր բողոքը տվել էր իր արդյունքը՝ ռադիոկայանը չէր փակվել: