Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում

Արսեն Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում

Նախօրեի ուշ երեկոյան ձերբակալված ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն անցնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով։ Հիշեցնենք, որ այդ գործը վերաբերում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում թույլ տրված խախտումներին, որտեղ, ըստ ՀՔԾ-ի, «խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաեւ պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով» Արսեն Բաբայանը կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

Խոսքն այն մասին է, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը, որը ստացվել է 2018 թվականի մարտի 2-ին, աշխատանքային օրվա ավարտին ԱԺ ընդհանուր բաժնի արդեն նախկին պետը՝ Ռուզաննա Արզումանյանը, անմիջապես չի գրանցել համակարգում, այլ արել է երկուշաբթի օրը՝ մարտի 5-ին։ Եվ այդ եռօրյա ժամկետը ՀՔԾ-ն գնահատել է որպես խախտում ու այդ հիմքով նախ ցուցմունք է կորզել Արզումանյանից, որ նա գործել է Արսեն Բաբայանի ցուցումով, ապա մեղադրանք է առաջադրել Բաբայանին։

Ռուզաննա Արզումանյանն ամիսներ առաջ կենսաթոշակի է գնացել եւ այլեւս չի աշխատում ԱԺ-ում։ Իսկ ինչո՞ւ է հենց Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք տվել, այլ ոչ թե, ասենք, Արա Սաղաթելյանի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի։ Բանն այն է, որ ընդհանուր բաժինը գործել է ոչ թե ԱԺ աշխատակազմի ղեկավարի, այլ տեղակալի կուրացիայի տակ։ Ի դեպ, Արզումանյանի հետ երկար տարիներ աշխատած մեր զրուցակիցները պատմեցին, որ տիկինը մշտապես աչքի է ընկել իր «դնջությամբ» եւ հաճախ է ուշացրել կարեւոր գրությունները։ Երեկ մեզ հաջողվեց զրուցել տիկին Արզումանյանի հետ, եւ չնայած այն փաստին, որ տիկնոջը տեսել էին Հատուկ քննչական ծառայությունում եւ վստահ են, որ հենց նա է ցուցմունք տվել Արսեն Բաբայանի դեմ՝ նպաստելով վերջինիս ձերբակալությանը, նա կտրականապես հերքեց գործող իշխանությունների հետ իր համագործակցության մասին լուրերը։

- Տիկին Արզումանյան, տեղյա՞կ եք, որ ՀՔԾ-ում գործ է հարուցվել, եւ այդ շրջանակներում նախօրեին ձերբակալել են Ձեր նախկին վերադաս Արսեն Բաբայանին։

- Ոչ, տեղյակ չեմ, ես թոշակի մեջ եմ եւ ոչ մի բանից տեղյակ չեմ։

- Մինչդեռ կան տեղեկություններ, որ Դուք «աջակցել» եք իրավապահներին․ որեւէ բացատրություն կամ ցուցմունք տվե՞լ եք ՀՔԾ-ում․․․

- Որեւէ, որեւէ բանից տեղեկություն չունեմ, ես թոշակի եմ անցել, որեւէ տեղեկություն չունեմ, ես լսեցի, նայեցի հեռուստացույցով եւ հեռուստացույցից եմ իմացել։

- Դուք Բաբայանի դեմ ցուցմունք չե՞ք տվել, որ նա է Ձեզ պարտադրել փոխել Գագիկ Հարությունյանի դիմումի ամսաթիվը, գրել, որ հետին թվով եք մուտք արել ԱԺ ընդհանուր բաժին։

- Դուք բառեր եք ասում, որ ես պնդում եմ՝ որեւէ տեղեկություն չունեմ այդ բանի առիթով։

- Բայց Դուք էիք անցած տարի ԱԺ ընդհանուր բաժնի պետը եւ Դուք եք առաջինն ստացել Գագիկ Հարությունյանի դիմումը։ Դուք հիշո՞ւմ եք՝ այդ դիմումի հետ կապված ժամկետների, ընթացակարգերի խնդիր կա՞ր, ասում են՝ ուշ եք մուտքագրել․․․

- Ես խնդրում եմ՝ ինձ որեւէ հարց մի տվեք, ես թոշակի անցած մարդ եմ, Ձեզ եթե բան է հետաքրքրում, ուրիշ տեղերից իմացեք։

- Ումի՞ց իմանանք, եթե Դուք եք եղել այդ բաժնի ղեկավարը։ Դուք չե՞ք հիշում՝ այդ դիմումը հետին ամսաթվո՞վ եք գրել, կեղծե՞լ եք որեւէ բան։

- Ես որեւէ տեղեկություն չունեմ եւ չեմ էլ կարող փոխանցել այդ տեղեկությունը։

- Հիմա կեղծել եք, դրա համա՞ր չեք կարող ասել, թե՞ չեք կեղծել։

- Ես որեւէ տեղեկություն չունեմ այդ ամենից։

- Դուք այս ընթացքում որեւէ կարգավիճակով չե՞ք ներկայացել իրավապահներին, կամ գուցե իրենք են այցելել Ձեզ։

- Ես որ ասում եմ՝ որեւէ տեղեկություն չունեմ, Ձեր հարցերով ուզում եք մի բանի՞ հասցնել։

- Ձեզ չե՞ն հարցաքննել։

- Ոչ, ոչ։

- Դուք բացատրություն չե՞ք ներկայացրել նշածս փաստով։

- Որեւէ տեղեկություն չունեմ այդ գործից։

- Բայց գրե՞լ եք բացատրություն։

- Ոչ։

- Իսկ որեւէ մեկին պատմե՞լ եք, որ, իբր, Արսեն Բաբայանը Ձեզ պարտադրել է։

- Ոչ, ոչ եւ ոչ։

- Իսկ հնարավո՞ր է, որ ինչ-որ մեկը Ձեր անունից այդ տեղեկությունը տար։

- Ոչ, բոլորովին, ո՞վ պետք է գրած լինի, ում ուզում եք՝ գնացեք հարցրեք։

- Տարօրինակ է, որ չեք հիշում՝ այդ դիմումի հետ կապված խնդիրներ ծագե՞լ էին, թե՞ ոչ։

- Չեմ հիշում․ ես ինչքան ժամանակ է՝ թոշակի մեջ եմ։

- Ընդամենը մի քանի ամիս, իսկ այդ դիմումն էլ մեկ տարի առաջ է եղել։

- Որեւէ բան ես չեմ հիշում, ընդամենը մեկ տարի առաջ է եղել, ինչ է եղել՝ ես տեղեկություն չունեմ։