Ուսապարկ, դու չես հասկանա

Ուսապարկ, դու չես հասկանա

Դժվար է քաղաքակիրթ բառերով բան բացատրել այն մարդուն, որի գլխավոր հոգսն իր ստամոքսը լցնելն է եւ իր խղճուկ կարգավիճակը պահպանելը, իսկ հավաքական թիմի դեպքում` իրենց զավթած իշխանությունն ամեն գնով պահելը` անգամ հայրենիք կորցնելու գնով: Հովիկ Աղազարյան-Հակոբ Ասլանյան պատմությունը լակմուսի թղթի պես ջրի երես հանեց ՔՊ կոչվող խառնամբոխի նվաստության, մտավոր հաշմանդամության, չարության, անօրինականության սահմռկեցուցիչ աստիճանը: Եթե բաց թողնենք այն բոլոր աղտեղությունները, որ արտաբերում են սույն աղանդի անդամները, պետք է արձանագրենք, որ ՔՊ-ից հեռացված այս անձանց 2 բանում են «մեղադրում»․ մեկը տեղեկատվություն է փոխանցել հայկական ԶԼՄ-ներին, հատկապես` «Հրապարակին», երկրորդը փորձել է պաշտպանել ընկերոջը:

Ժամանակին խմբագիր Փաշինյանը կողջուներ հանրային շահ հետապնդող տեղեկատվության փոխանցումը որեւէ ԶԼՄ-ի` որեւէ պաշտոնյայի կողմից, կասեր` հանրությունը իրազեկված լինելու իրավունք ունի, կեցցե «Հրապարակը»: Ավելին` ինքն էր 2018-ին խոստանում, որ ոչ մի գաղտնիք չի ունենալու ժողովրդից: Այդ ի՞նչ գաղտնի տեղեկություններ է փոխանցել Աղազարյանը, որը չեք կարողանում «ներել»: Ի՞նչ եք քննարկում փակ դռների ետեւում՝ ձեր կիսագրագետ «ուսապարկերի» հետ, որը ձեզ ընտրած ժողովրդին չեք ասում: Ի դեպ, ուսապարկերից մեկը մեզ մեղադրել էր, թե «Հրապարակը» կորցրել է իր ինֆորմատորին, դրա համար է պաշտպանում Աղազարյանին: «Հրապարակը», ի տարբերություն ձեզ, բոլորին է պաշտպանում, ով դրա կարիքն ունի: Պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին, որի հետ երկարուձիգ դատական պրոցես է ունեցել: Պաշտպանում է Նարեկ Զեյնալյանին, որին ապօրինաբար «խնդրել» են մանդատը դնել, պաշտպանում է Հակոբ Ասլանյանին, որի միակ մեղքն ընկերոջը պաշտպանելն է: