Փոխակերպում

Փոխակերպում

Ճակատագիրը մարդկային բարոյականության տեսակետից փչացրեց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի «հեղափոխական» հեղինակությունը: Փչացրեց՝ ստիպելով Նիկոլին ընդունելով համապատասխան որոշումը և փոքրաթիվ զորախումբ ուղարկելով Ալմաթի: Հեղինակության փչանալն էլ քաղաքական գործիչների և հատկապես պետության ղեկավարների առումով համարյա թե նույնն է, ինչ հենց անձի «փչանալը»: Դա ճակատագրի ծաղր էր հայաստանյան փողոցային շարժման առաջնորդի նկատմամբ: Նիկոլն էլ, բնականաբար, չցանկանալով, բռնեց փոխակերպման ուղին: Փոխակերպման երևույթն, ի դեպ, չի կարելի համարել չտեսնված-չլսված բան: Այն տեղի է ունեցել միշտ և ամենուրեք. հիշենք ջրի ակունքը գրաված վիշապի վերաբերյալ արևելյան առասպելը: Ըստ առասպելի, յուրաքանչյուր հերոս, որ սպանում էր վիշապին, նրա հարստության տեսքից ինքն էր վերածվում վիշապի: Եվ այդպիսով վիշապը միշտ մնում էր անհաղթ: Իսկ իշխանությունը ոչ միայն հարստության աղբյուր է, այլ սեփական բարդույթների հաղթահարման երևութականություն: Իսկ նշված բարդույթներն էլ մարդկանց մեծամասնության շրջանում ձևավորվում են մանկական հասակում՝ սիրված չլինելու կամ այլ խնդիրների հիմքով: 

Փչանալը, բնականաբար, նիկոլապաշտ հատվածի վրա որևէ ազդեցություն, մեծ հաշվով, չի թողնելու: Եթե մարդը պատրաստ է, հանուն Նիկոլի, թուրքի սրին հանձնել իր թոռներին՝ թեկուզ խոսքի մակարդակում, ղազախստանյան դեպքերում Նիկոլի դերակատարումը նրա համար եղած-չեղած: Սակայն այդպես չէ տեղական գրագետների (հիմնականում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների) և արևմտյան քաղաքական գործիչների դեպքում: Առաջինների համար դա ամպրոպի որոտ էր անամպ երկնքում, երկրորդների համար… Չգիտեմ, ինչ էր երկրորդների համար, քանի որ վաղուց նրանց չեմ համարում ազնվության և սկզբունքայնության տիպարներ: Ինչ սկզբունքայնության մասին է խոսքը, երբ սեփական երկրի ներսում մրցակից քաղաքական գործչի՝ հիմնականում անզեն համակիրների կողմից խորհրդարան մուտք գործելն անվանվում է ահաբեկչություն, իսկ օտար երկրում զինված հեղաշրջման փորձը ներկայացվում է որպես հանուն ժողովրդավարության շարժում: Բայց որ Հայաստանն այլևս չեն համարի «ժողովրդավարության փայլուն աստղ»՝ դրանում կասկած չունեմ: Եվ կասկածում եմ, որ ԱՄՆ նախագահը նրան այս տարվա դեկտեմբերին կհրավիրի Վաշինգտոն՝ մասնակցելու ժողովրդավարության հարցերի գծով պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը:

Շարունակենք «ժողովրդավարության բաստիոնի» ղեկավարության ներկայացուցիչների քաղաքական փչացման թեման: Ղազախստանյան իրադարձություններում Հայաստանի ղեկավարի նեգրավման ֆոնին խիստ բնական է հնչում աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պարգևատրումը «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով: Եվ չնայած էական չէ, թե ինչի համար է պարգևատրվել Արթուր Դավթյանը, սակայն, այնուամենայնիվ, մեջբերեմ պաշտոնական տեղեկատվությունը՝ «երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար»: Ընդունեք, որ արդյունավետ համագործակցության համար կարող էր ձուլվել համապատասխան անվանումով մեդալ: Իսկ այժմ պատկերացրեք՝ «ժողովրդավարության փայլուն աստղ» անվանված երկրի ղեկավարը պարգևատրվում է արևմտյան երկրների ղեկավարների աչքում բռնատիրական համարվող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Իսկ մենք արձանագրենք. Խոսքը գնում է 2018-ի ապրիլյան իրադարձություններին «ծնված» «ժողովրդավարության բաստիոնի» կամ 2020 թվականի աշնանային խայտառակ պարտությունից հետո «ժողովրդավարության փայլուն աստղի» վերածված երկրի մասին:

Հ. Գ. Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի գլխավորած պատվիրակությունը ևս մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ՌԴ դատախազության 300-ամյակին նվիրված միջոցառումներին։ Բայց կարծես թե նրան միտք չունեն պարգևատրելու հոբելյանական մեդալով: