Եթե քրեական հեղինակությանն ազատեն, ոստիկաններն ազատման դիմումներ կգրեն

Եթե քրեական հեղինակությանն ազատեն, ոստիկաններն ազատման դիմումներ կգրեն

Լոռու մարզի Թումանյան համայնքում սեպտեմբերի 27-ին արտառոց միջադեպ է տեղի ունեցել՝ տեղի ոստիկանության եւ քրեական հեղինակություն Զորիկ Շահվերդյանի միջեւ։ Շահվերդյանը, որը ֆիզիկապես ուժեղ է, միայնակ ծեծի է ենթարկել մոտ 10 ոստիկանի։ Այս մասին հայտնում է ոստիկանության մեր ոչ պաշտոնական աղբյուրը։

Իսկ Քննչական կոմիտեն հաղորդում է․ «Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի երրորդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող, կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով»։ Քրեական հեղինակությունը կալանավորված է։ Կալանավորման նախապատմությունը ներկայացրին Վանաձորի եւ Ալավերդու մեր աղբյուրները, եւ նրանց հաղորդած փաստերից կարելի է ենթադրել, որ այս կողմերում լիարժեք «բեսպրեդել» է տիրում։
Եվ այսպես․ դեպքի օրվանից՝ սեպտեմբերի 27-ից մի քանի օր առաջ Թումանյանում հայտնի մի քաղաքացի, որը հոգեկան խնդիրներ ունի, դանակահարել է մի անձի։ Ոստիկանները, ենթադրելով, թե հնարավոր է դեպքին հաջորդի հաշվեհարդար, մեկշաբաթյա հսկողություն են սահմանել հոգեխախտ հերոսի տան՝ Սպանդարյան փողոցի 8-րդ շենքի մոտ։ Հսկողության ժամկետն ավարտվելուն պես շենքի բնակիչներից մեկը պայթուցիկ է տրաքացրել շենքի բակում։ Ոստիկանները վերադարձել են ու սկսել զննել տարածքը։ Բակում գտնվող զրուցարանում նստած է եղել քրեական հեղինակություն Զորիկ Շահվերդյանը։ Նա քաղաքում հայտնի է որպես մեկ այլ հեղինակության՝ սպանության համար դատապարտված Կամո Շահվերդյանի որդի։

Ոստիկանները մոտեցել են Զորիկին, վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է ծեծով։ Ծեծված ոստիկաններին օգնության հասածներն արժանացել են նույն բախտին։ Հեղինակությունը շարունակել է կռիվ տալ նաեւ բերման ենթարկվելուց հետո՝ արդեն բաժանմունքում, հայհոյանքներով հարձակվել պետի տեղակալի վրա։

«Ոչ մի վկա չկա, ոչ մի ապացույց, որ իմ պաշտպանյալը ոստիկան է ծեծել»,- ասում է Զորիկ Շահվերդյանի շահերը ներկայացնող փաստաբան Հակոբ Ճարոյանը։ Նա նաեւ պնդում է, որ տեղազննություն կատարողներն առանց համազգեստի են եղել, եւ Զորիկը չի իմացել, որ նրանք «օրգանի աշխատող» են։ Թերեւս ամենատարօրինակն այն է, որ կալանավորված հեղինակության մարմնին չկա եւ ոչ մի վնասվածք։ Չի բացառվում, որ գործը կարճվի ապացույցների բացակայության պատճառով։ Թումանյանի ոստիկանության աշխատակիցները, սակայն, վրդովված են նման հեռանկարից։ Մեր տեղեկություններով՝ նրանք որոշել են, որ եթե Զորիկ Շահվերդյանին ազատեն, բոլորը դիմում են գրելու՝ դուրս գան աշխատանքից։