Վահան Քերոբյանի ուրվականները 

Վահան Քերոբյանի ուրվականները 

Մարտ ամսվա պաշտոնական վիճակագրությունը հրապարակվելու է ապրիլի 25-ից հետո, բայց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արդեն շշմեցնող արդյունք է կանխատեսում՝ 7,5 տոկոս տնտեսական աճ։ Իհարկե, Քերոբյանին հավատալը հեշտ չէ։ Վերջերս նա շատ է ուրվականներից խոսում։ Երեկ՝ կառավարության վերջին նիստից հետո, հայտարարել է, որ տնտեսությունը վերականգնվում է, այն էլ՝ «կտրուկ»։ 

Ի՞նչ հրաշքի արդյունքում գոյացավ այս «կտրուկը», եթե արդեն մեկ տարի է՝ խոր կոլապսի մեջ ենք, եթե դեռ 2020 թվականին համարյա Քերոբյանի նշած չափով՝ 7,5 տոկոսով տնտեսական անկում ենք ունեցել, մեր տարածաշրջանի երկրներից կրկնակի անգամ ավելի։ Պատճառը, ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի, հենց այդ ցածր ցուցանիշներն են։ «Զրոյի հետ մեկը համեմատելով, կարելի է ասել՝ մենք 100 տոկոս աճ ենք ունեցել։ 2020 թվականի մարտին արդեն կորոնավիրուսի ազդեցությունը կար մեր տնտեսության վրա, եւ մարտի 16-ից կառավարությունը գնաց «լոքդաունի»։ Այսինքն՝ մարտի կեսը տնտեսական ակտիվություն էլ չի եղել։

Ինքն այս տրամաբանությամբ է շարժվում»,- ասում է Պարսյանը։ Ըստ տնտեսագետի՝ Քերոբյանը հող է նախապատրաստում, թե, նայեք, հեսա ինչ թվեր ենք խփելու՝ առանց հաշվի առնելու, որ անցյալ տարվա մարտին խոր մինուսի մեջ ենք եղել, եւ ոչ միայն մարտին։ «Էլ չենք ասում, որ անցյալ տարի 12, 13 տոկոս անկում ենք ունեցել, եղել է մինչեւ 30 տոկոս նույնիսկ։ Թող նա 2019 թվականի հետ համեմատի, չեմ ասում՝ 18, գոնե՝ 19, ու կտեսնի, որ այդ «կտրուկը» անկումն է եղել, ոչ թե աճը»։ 

Ասում է նաեւ, որ շատ ու տարբեր ոլորտներում ներդրողներ ունենք, բայց բոլորս գիտենք, որ ներդրումները պակասել են։ Սա ի՞նչ պարադոքս է։ «2020 թվականի պաշտոնական վիճակագրությամբ, օտարերկրյա ուղղակի հոսքերը կրճատվել են։ Մոտ 7 մլրդ դրամ, այսինքն՝ 10-15 մլն դոլար Հայաստանից գնացել է, ոչ թե եկել է։ Եթե իրենք ունեն ներդրումներ, դա պետք է գոնե երեւար տնտեսական ակտիվության ցուցանիշներով։

Բայց հունվար-փետրվար ամիսներին մենք ունենք բոլոր ուղղություններով տնտեսական ակտիվության անկում՝ արդյունաբերություն, ծառայություններ, առեւտուր եւ այլն։ Բնականաբար, պետք է հասկանանք, թե այդ ներդրումները որ ոլորտներում են։ Բայց դրա վերաբերյալ իրենք պաշտոնական ոչ մի տվյալ չեն ներկայացրել։ Թող գնան, իրենց այդ ներդրումների տեղերում կարմիր ժապավեններ կտրեն, մենք էլ կտեսնենք»,- ասում է Սուրեն Պարսյանը՝ պատասխանելով մեզ։