Հայրենիքի գողերը

Աշխարհում բուռն փոփոխություններ են ընթանում: Թեժ կետերում մարդիկ շունչը պահած սպասում են` տեսնեն, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց: Իսկ մեր փոքրիկ ու անպաշտպան հայրենիքը մնացել է այս «անհայրենիքների» հույսին, որոնք օրը մի դավաճանական թեզ են ասպարեզ բերում, օրը մի անընդունելի համաձայնության են գնում` թշնամու դուդուկի տակ պորտապար պարելով: Իր անհեթեթ «իրական Հայաստանի գաղափարախոսությունը» հանրության հետ քննարկելու տեսարաններ բեմականացնող ՀՀ վարչապետը ոչ մի մտադրություն չունի իր «Խաղաղության պայմանագիրը» քննարկել հանրության հետ կամ գոնե` հանրությանը հստակ տեղեկացնել, թե ինչ կետերի շուրջ են համաձայնության եկել Ալիեւի հետ` գրավոր եւ բանավոր ընթացակարգով:
Չէ՞ որ վերջին 4-5 տարվա իրադարձություններին հետեւած մարդիկ տեսնում են, թե ինչպես է Ադրբեջանի ախորժակն օրեցօր բացվում, թե ինչ պահանջներ էր նա մեզ ներկայացնում 2021 թվին եւ այսօր: Այս գահավիժումը, որն արձանագրել է Հայաստանը` առանց պատերազմի ու պարտության, հարյուրապատիկ ավելին է, քան 44-օրյայից հետո ունեցածը: 2020-ի նոյեմբերի 9-ին կայացված որոշումը, թե զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են հրադադարի պահին, Արցախը Լաչինով կապվում է Հայաստանին, արդեն երազ են թվում: Արդեն Ադրբեջանը Հայաստանից է կտորներ պոկել, նվաճել է ողջ Արցախը, հասել նրան, որ Հայաստանի ղեկավարը համաձայնել է Մինսկի խումբը փակելուն, միջազգային հայցերից հրաժարվելուն, պատրաստ է ճանապարհ-միջանցք տրամադրել Ադրբեջանին: Եվ մեր լկտիացած հարեւանը ոչ միայն հայ մարդկանց է խոշտանգում իր բանտում, այլեւ արդեն պահանջում է, որ Արցախի համար կռված մյուս հերոսներին էլ հանձնենք իրեն:
Եվ այս գահավիժումը հենց Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքն է:
Կարծիքներ