Իրեն մոռացած կինը եւ նրա ցանկությունների ցուցակը

Իրեն մոռացած կինը եւ նրա ցանկությունների ցուցակը

«Քեզնով զբաղվիր»` խորհուրդ են տալիս ընկերուհիները, հոգեբանները, երբ կինը դժգոհում է ամուսնու սառը վերաբերմունքից, դեռահաս զավակի կոպտությունից: Սակայն ինչպե՞ս դա անել, եթե երկար տարիներ կինը միայն սպասարկել ու բավարարել է այլոց պահանջմունքները, իսկ իր ցանկությունները թողել «հետո»-ին: Շատ կանայք իրենց ամբողջ էներգիան ներդնում են երեխաների, ամուսնու, ծնողների, ընկերների վրա, իսկ երբ մնում են իրենք իրենց հետ միայնակ, չեն հասկանում` ինչով զբաղվել, ինչն իրենց հաճույք կպատճառի, ինչպես կարող են զարգացնել ստեղծագործական կարողություններն ու հմտությունները: Ինչպե՞ս հասկանալ` ինչն է հոգեհարազատ, ինչպիսի զբաղմունքները կօգնեն կյանքին նոր իմաստ հաղորդելու: Մենք առաջարկում ենք մի քանի տարբերակ, որոնք կարելի է կիրառել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ` ամբողջական փաթեթով:

Կազմել 
ցանկությունների 
ցուցակ

Կյանքում գոնե մեկ անգամ յուրաքանչյուրը կազմել է ցանկությունների ցուցակ: Իսկ արդյունավե՞տ է եղել արդյոք այդ փորձառությունը: Եվ, ահա, ինչպե՞ս կազմել այդպիսի ցուցակ, որը կլինի բոլոր կանոններին համապատասխան եւ արդյունավետ ձեզ համար:
• Առաջին հերթին, ցանկությունները պետք է շատ լինեն` գոնե 100: Իսկ հեշտության համար` պետք է դրանք բաժանել կատեգորիաների: Օրինակ` այդ բաժանումը կարող եք անել ըստ եղանակային սեզոնների. ի՞նչ եք ցանկանում անել ամռանը, աշնանը, ձմռանն ու գարնանը: Կամ  դասակարգման մեկ այլ տարբերակ․ կյանքի ոլորտներին համապատասխան` առողջություն, արտաքին տեսք, աշխատանք, ինքնազարգացում, հանգիստ: Այստեղ կարեւոր է չվախենալ տարօրինակ, կենցաղային կամ ոչ կարեւոր ցանկություններից: Որքան էլ դրանք տարօրինակ լինեն, դրանք ձերն են:

• Խորհուրդ է տրվում խուսափել գլոբալ ցանկություններից, ինչպիսին է՝ «ուզում եմ շատ փող աշխատել»: Սա վերացական է եւ արդյունավետ չէ, ցանկությունը պետք է հստակեցնել:

• Հաջորդ քայլով փորձեք ձեր ցանկությունների անկեղծությունը. կարդացեք դրանք բարձրաձայն եւ հետեւեք ձեր մարմնի ֆիզիկական ռեակցիաներին: Եթե այդ ցանկությունն իսկապես ձերն է, ապա դուք կզգաք դրական հույզերի արթնացում, ոգեշնչում, գործելու ցանկություն: Եթե ի հայտ են գալիս հակադրվելու զգացողություն, ճնշվածություն, ցանկությունը պաշտպանելու փորձ, այսինքն` ուղեղն սկսում է փնտրել պատճառներ, թե ինչու է դա ձեզ հարկավոր, ուրեմն այդ կետը ձեր ցուցակում հայտնվել է ոչ ձեր անձնական ցանկությամբ, այլ «պարտադրված» այլոց կողմից:

• Հետո ընտրեք այդ ցանկից ձեզ համար ամենակարեւոր,  թոփ ցանկությունները եւ գրեք առանձին` նպատակների ցուցակում: Սահմանեք ժամանակային սահմաններ, որի շրջանակներում դուք պետք է ի կատար ածեք տվյալ նպատակը, գրեք նաեւ` ինչ է պետք անել, որ ձեր նպատակն իրագործեք ամբողջությամբ ու նաեւ իրագործման ընթացքում ստանաք  դրական հույզերի մեծ պաշար: Օրինակ` եթե դուք ցանկանում եք գնալ որեւէ երկիր, ժամանակ տրամադրեք եւ կազմեք ձեր երթուղին, այն տեսարժան վայրերի ցուցակը, որ ցանկանում եք տեսնել, զարգացրեք լեզվի իմացությունը, հագուստ ձեռք բերեք: Այս փոքրիկ ու հաճելի «անհանգստությունները» ձեր կյանքն ավելի հագեցած կդարձնեն:

Երջանկության զգացողության 
ապահովում

Թե ինչպես ունենալ երջանկության զգացում այստեղ ու հիմա, շատ գրքերում է գրված: Սակայն, ցավոք, երբեմն բարդ է հասկանալ, թե ինչ է պետք հատկապես անել, որպեսզի երջանկությունը դառնա կյանքի մի մասը: Սկսել պետք է ամենապարզից.

• Առաջին․ կազմեք 15-20 կետից բաղկացած գործողությունների ցանկ, որոնք անելը ձեզ հաճելի է: Դրանք պետք է լինեն ոչ լայնածավալ, պետք է լինեն հստակեցված, իրագործելի եւ վերաբերեն միայն ձեզ (այլ մարդիկ այդտեղ չպետք է մասնակցեն): Օրինակ․ աշխատանքից հետո` երեկոյան զբոսանք կամ որեւէ հոբբի` նկարչություն, հելունագործություն, ֆիլմի դիտում, երեկոյան լոգանք, առավոտյան նախավարժանք: Փորձեք օրվա մեջ գոնե 15-30 րոպե տրամադրել ձեր անձնական զբաղմունքներին:

• Փորձեք ամեն օր շնորհակալ լինել: Սա խորհուրդ են տալիս շատ հոգեբաններ, եւ այն իրոք աշխատում է: Քնելուց առաջ նոթատետրում գրեք այն ամենը, ինչի համար դուք իսկապես կարող եք շնորհակալ լինել` ոչ պակաս, քան 5-8 կետով: Այս փորձառությունը գրավոր կրկնեք մի քանի շաբաթ: Երբ այն կդառնա սովորություն, գրելու կարիք այլեւս չի լինի: 

• Զարգացրեք ձեր ինտուիցիան: Այն կօգնի ձեզ կայացնել ձեզ համար ամենաճիշտ որոշումները: Իսկ դա էլ ինքնաբերաբար կօգնի ձեզ երջանիկ լինել: Միշտ ընտրության ժամանակ ուշադրություն դարձրեք ձեր մարմնի ֆիզիկական ռեակցիաներին, այն ձեր լավագույն հուշողն է:
ՀԳ. Հիշեք` մենք ու միայն մենք ենք մեր կյանքի շինարարը: Կյանքը մեր կատարած ընտրությունների արդյունքն է:


Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ