Ջանջուղազյանին հորդորում ենք փող տալուց առաջ մի քիչ ավելի «առանձնացված» մտածել

Ջանջուղազյանին հորդորում ենք փող տալուց առաջ մի քիչ ավելի «առանձնացված» մտածել
Ատոմ Ջանջուղազյան

Մենք այսօր բացահայտեցինք, որ եթե ֆինանսաների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ավելի շատ կենտրոնանար գորգ լվալու «փարթիին» բյուջեից 5 մլն դրամ տրամադրելու հարցի վրա և մի քիչ ավելի շատ մտածեր այդ ուղղությամբ, գուցե այդ գումարը չտրամադրվեր։ Նս սկզբում ասաց, թե խնդիրն այն չէ, թե ինչ է տեղի ունեցել, խնդիրն այն է, թե արդյոք այդ ծախսը կատարելու համար նախատեսված բոլոր ընթացակարգերը պահպանվե՞լ են, թե՞ ոչ։

«Որպես ֆինանսների նախարարության ներկայացուցիչ՝ կարծում եմ, որ մեր նպատակը պիտի լինի ունենալ էդ ծախսերն՝ իրականացված բոլոր կանոնները պահպանելով»,-ասաց Ջանջուղազյանը՝ այդ բոլոր կանոնները համարելով պահպանված։

Hraparak.am-ը նկատեց, որ խնդիրն այն չէ՝ կանոնները պահպանվել են, թե ոչ, խնդիրը նպատակն է, թե ինչի համար է այդքան գումար տրամադրվում, թե չէ կարող է ընթացակարգերը պահպանվել են՝ երկու օր առաջ բարեկամի կամ ընկերոջ անունով մի ֆիրմա են գրանցել, որը հետո մասնակցել է այդ մրցույթին, հաղթել է, բայց արժե՞ր, արդյոք, 5 մլն ծախսել գորգ լվալու PR կազմակերպելու վրա։

«Գիտե՞ք, էդ նպատակի հարցը քննարկվում է այն ժամանակ, երբ որ նախատեսվում է  այս կամ այն ծախսը։ Երբ որ հիմա էդպիսի ծախս է նախատեսվել, էդպիսի գնման առարկա է նախատեսվել, դրանով հիմնավորվել է նպատակայնությունը։ Հիմա Դուք ինձ հարցնում եք մի բան, որն անմիջականորեն չի վերաբերում ինձ։ Այսինքն՝ հիմա ճի՞շտ է եղել, որ էդպիսի ծախս նախատեսվել է, թե՞ ոչ։ պետք է հարցնել էդ ծախսի պատասխանատուին։

-Բայց փող տվողը Դուք էիք, և Դուք շատ զգույշ եք փող տալու հարցում, ինչպե՞ս եք այդ 5 միլիոնը տվել։

-Որ ասում եք՝ փող տվողը Դուք եք, ես սկսում եմ անհանգստանալ, որովհետև էդ փողը նախ տալիս է Ազգային ժողովը՝ օրենքը հաստատելիս, երկրորդ՝ կառավարությունը, երբ որ հաստատում է համամասնությունները և գնումների պլանները, երրորդ՝ կոնկրետ տվյալ պետական մարմինը, որն իրականացնում է էդ միջոցառումը։ Հետևաբար, հիմա, որ ասում եք՝ ես պիտի ուշադիր լինեմ, ստացվում է, որ էդ ամբողջ կառույցները, ընթացակարգերը ուզում եք, որ անտեսված լինի, որի հետ ես սկզբունքորեն համաձայն չեմ։

-Կներեք, բայց երբ ասում եք՝ հիմնավորել են նպատակը, ցանկացած անհեթեթ բանի համար էլ միշտ ինչ-որ հիմնավորում կարելի է գտնել, տասը տարի շարունակ նախորդ իշխանությունները աշխարհի անհեթեթությունները հիմնավորում էին, և դրա համար կային պրոֆեսիոնալ մասնագետներ։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ այս միջոցառումն ինչո՞վ են հիմնավորել։

-Գիտե՞ք, էդ հիմնավորումը չի կարող ճշգրտորեն՝ որպես ապացույց, ինչպես մաթեմատիկայում է կիրառվում, օգտագործվի։ Դա տվյալ ժամանակահատվածում փոխզիջում է Ազգային ժողովի, կառավարության, քաղաքական ուժերի միջև, որը ինքը հենց դառնում է բյուջեի մաս։ Հիմա ասում եք՝ ինչով են հիմնավորել, էդ ինչով հիմնավորելը քննարկվում է բյուջետային գործընթացների շրջանակներում։

-Պարոն Ջանջուղազյան, երբ Ձեզ ուղարկում էին այդ նախագիծը, որ 5 մլն դրամ հատկացնեք գորգ լվալու միջոցառման համար, Դուք ի՞նչ էիք մտածում, որ ստորագրում էիք դրա տակ, որ տան։

-Ես չեմ մտաբերում, որ ես առանձնացված այդպես մտածած լինեմ կոնկրետ էդ հարցի վերաբերյալ, այնպես որ, չեմ կարող պատասխանել, թե ինչ էի մտածում։

-Կարո՞ղ է առանձնացված ու երկար չեք մտածել այդ հարցի շուրջ, դրա համար է այդպես ստացվել։

-Չէ, էդ տպավորությունը, կարծում եմ, էնքան էլ տեղին չի, որ ամեն առանձին վերցրած ծախսը․․․ բյուջեում մոտավորապես 1 տրիլիոն 688 միլիարդ դրամի ծախս է նախատեսված, գնման առարկաները հազարավոր են․․․


Հ․Գ․ Վերջում պարոն Ջանջուղազյանին, որը ամեն լումայի համար կռիվ է տալիս կառավարության նիստերին, հորդորեցինք նման «մանր» հարցերի վրա մի քիչ ավելի երկար ու առանձնացված մտածել։ Այդժամ գուցե պարզվի, որ նման բազմաթիվ 5 միլիոններ բացարձակ անիմաստ ու անտեղի ծախսեր են, և կարիք չկա բյուջեի միջոցները քամուն տալ նման միջոցառումների վրա։ Կամ գուցե պարզվի ճիշտ հակառակը, որ պետք էր ոչ թե 5, այլ 10 միլիոն ծախսել «գորգ լվալու» ակցիայի վրա։ Այնպես որ, Ատոմ Ջանջուղազյանի՝ երկար կամ կարճ, առանձնացված կամ ընդհանրական, ոչ շատ կենտրոնացած մտածմունքները էական ազդեցություն կարող են ունենալ մեր բյուջի միջոցների տնօրինման վրա։