Տարածաշրջանում շատ ծանր օրեր են սպասվում բոլորին․ Թևան Պողոսյան

Տարածաշրջանում շատ ծանր օրեր են սպասվում բոլորին․ Թևան Պողոսյան

Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, ազգային համաձայնության կառավարության ձևավորումն օր-օրի շարունակում է անհրաժեշտություն լինել։ Կապիտուլյացիայի համաձայնագրի ստորագրումից հետո, Լեռնային Ղարաբաղի հարցով դեռևս անելիքներ կան դիվանագիտական դաշտում։ 

Այս թեմայով «Հրապարակը» զրուցել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար, ՀՀ նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական, քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։


-Պարոն Պողոսյա՛ն, նախագահն ուղերձով հանդես եկավ, խոսեց ազգային համաձայնության կառավարության անհրաժեշտության, խորհրդարանական ընտրությունների մասին։ Դրանից հետո էլ, Նիկոլ Փաշինյանը սկսում է նախարարներ ազատել-նշանակել։

-Թևան Պողոսյանն ունի իր սեփական էջը և իր էջում գրում և դրա հետ միասին նշում է, որ «Դա իմ անձնական կարծիքն է», որ հետո լրագրողները չվերագրեն այլ մտքեր։ Այ հիմա, ինչը որ ես ասեմ, լինելու է Թևան Պողոսյան անհատի, ՀՀ քաղաքացու մտքերը։ Դրանից հետո չի ազատել, ինքն իր համար ելույթ է ունեցել և ազատում է։ Ես որտեղի՞ց իմանամ՝ ինքն ինչից հետո է ազատել։ Այնքան պահանջներ են եղել, հիմա ո՞ր մեկով է որոշել այդ քայլին գնալ, դա արդեն իր որոշումն է։ Զանգե՛ք, հարցրե՛ք, թե ինչն է իրեն դրդել այդպես վարվելու։

-Փաշինյանը սկսել է նախարարներ փոխել։ Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ ինքը հեռանալու միտք չունի և փորձում է իր կադրերի հեռացման միջոցով ինչ-որ բան ցույց տալ։ 

-Նայե՛ք, նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ձևավորվեց մի իրավիճակ, որտեղ մի խումբ քաղաքացիներ ինքնաբուխ գնացին պահանջելու հրաժարականը, կառավարության շենք ներխուժեցին, Ազգային ժողովի նախագահին ծեծի ենթարկեցին, բռնության ինչ-որ իրավիճակ էր ձևավորվել: Դրանից հետո քաղաքական մի խումբ կուսակցություններ պահանջ դրեցին, հազարավոր անհատներ իրենց խոսքը բարձրաձայնեցին, և նմանատիպ գործընթացներ նաև Արցախում էին տեղի ունենում։ Նույն կերպ նաև պետական տարբեր ինստիտուտներ իրենց տեսակետները սկսեցին արտահայտել, թե ինչպես են տեսնում այդ իրավիճակի հանգուցալուծումը։ Բացի դրանից նույն վարչապետը որոշեց, որ ինքն էլ պետք է հանգուցալուծման իր տեսակետը հայտնի և որոշում ընդունեց, որ կառավարության անդամներին պետք է փոխի։ Այս ամենը կապված է մի բանի հետ․ որ Հայաստանը, հայությունը կրել են պարտություն, կապիտուլյացիա է ստորագրվել, և երկիրը հայտնվել է այս իրավիճակում։ Ինչ-որ մեկն այսպես է լուծումը տեսնում, ինչ-որ մեկն այնպես է լուծումը տեսնում։ Եվ քանի որ գործադիրի ձեռքում է իշխանությունը, իրենք իրենց քայլերն անում են, մտածել են, որ կառավարության անդամներին պետք է փոխեն։ Հարցը, թե ինչն է դրդել, որ այդպես են պատկերացրել, ինձ թվում է, պետք է ուղղեք վարչապետին։  Ես կպատասխանեմ հարցին, թե արդյո՞ք այդ գործողությունները կհամարեմ բավարար, թե՞ ոչ։

-Երբ որ նախագահը ստորագրում է նախարարի նշանակման հրամանագիր և այս ընթացքում նախարարներ են փոխվում, արդյո՞ք սա որոշակի հակասություն չէ նախագահի ուղերձի և գործողությունների միջև։ 

-Ճիշտ կլինի, որ այդ հարցն ուղղեք նախագահի աշխատակազմ, որ համապատասխան պատասխանատուներն ասեն։ Ես՝ որպես Թևան Պողոսյան, նշել եմ, որ հասկանում եմ, որ միգուցե արտաքին գործերի և պաշտպանության նախարարների փոփոխության ժամանակ նշանակումը տեղին կարող էր լինել, որովհետև Ռուսաստանից այց պետք է լիներ (ՌԴ ԱԳ նախարարի, Պնախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոյեմբերի 21-ին - ՀՐԱՊԱՐԱԿ), երկու կարևոր ոլորտներն են։ Մնացած ոլորտների մասով էլ իմ կարծիքն այն է, որ գործադիրը պետք է հեռանա։

-Իսկ ստեղծված իրավիճակում բանակցությունների ընթացքն ինչպե՞ս եք պատկերացնում։

-Ես իմ գրառումներում նշել եմ, որ Հայաստանին պետք է նոր բանակցող։ Ինչը նշանակում է, որ նոր բանակցող պետք է լինի, որ կարողանա ապագայում նոր մոտեցումով, նոր շնչով բանակցությունների մտնի։ Որ փորձի ապագայում եղած ճնշումները մեղմի, զսպի, ինչ-որ բաներ փոփոխի։ Բանակցությունների թեորիային ծանոթ մարդիկ շատ լավ հասկանում են, որ իրավիճակներ են լինում, երբ որ պետք է բանակցողներին փոխել։ Եթե նայենք, նույն Ալիևը 16 տարի պահում էր Մամեդյարովին (Էլմար Մամեդյարով, Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար (2004-20 թթ․) - ՀՐԱՊԱՐԱԿ), բայց հետո եկավ մի օր, որ ինքն էլ փոխեց բանակցողին, որովհետև ռազմական գործողությունների գնալու քաղաքական որոշումն արդեն ուներ։ Դե հիմա տեսեք, որ գործընթացներ են, փոփոխություն է տեղի ունենում, պետք է բաներ փոխվեն։ Հիմա մենք հասկանում ենք, որ այս իրավիճակից ելնելով՝ պետք է բանակցողներ փոխվեն։ 

-Ձևավորվում է ազգային համաձայնության կառավարություն. կառավարության ղեկավարը կընդունվի՞ որպես լեգիտիմ ղեկավար, որպեսզի կարողանա բանակցությունների մասնակցել։ Միջազգային հարթակում դա ինչպե՞ս կաշխատի։

-Կաշխատի այն ձևով, երբ որ բոլորը միասին կհավաքվեն և կորոշեն. դա կլինի հայկական քաղաքական կոնսենսուսի որոշում։ Չի ասվում՝ «գնացե՛ք, ծեծով-ջարդով մարդ փոխե՛ք», այդպես չի ասվում։ Ասվում է, որ «պետք է հեռանաք, ձևավորե՛ք այդ կառավարոթյունը» և այդ կառավարությունն է կոչվելու ձևավորված։ Որտե՞ղ է ձևավորվում մեզ մոտ կառավարությունը․ Ազգային ժողովը պետք է գիտակցի, որ ստեղծված իրավիճակում նոր որոշումներ պետք է գտնենք։ Ընդունեն, որ շատ արագ, այսօրվա դրությամբ պետք է այդ փոփոխությանը գնան և պետք է չնայեն իմ, քո, նախկին, ներկա, այլ պետք է կարողանան ընտրել մարդկանց, որոնք ապագա ճգնաժամերը կկարողանան կառավարել։ Շատ ժամանակ մարդիկ երկար ճանապարհ անցնելով ձեռք են բերում այդ անունը և դառնում ճգնաժամեր կառավարող, ճգնաժամերի կառավարիչներ, մասնագիտական դասեր էլ կան։ Այդ մարդկանց պետք է գտնել աշխարհով մեկ, սա իմ պատկերացումն է։ Մենք շատ ենք սիրում միայն մեր մեջ պարփակվել։

Մենք մոռանում ենք, որ 1920 թվականին ճգնաժամային վիճակ էր Հայաստանում, նույն կերպ Հայաստանի լինել-չլինելու խնդիրներն էին, ի վերջո Մյասնիկյանին (Ալեքսանդր Մյասնիկյան, Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ 1921-1925 թթ․ - ՀՐԱՊԱՐԱԿ) բերեցին, որը Հայաստանից չէր։ Հիմա օրինակներ եմ բերում, սրանք օրինակներ են, որոնք կարելի է մտածել։ Որ մարդիկ նորից չսկսեն կենտրոնանալ այն թեմայի վրա, որ «վա՜յ, նախկին ա, ներկա ա, սև ա, սպիտակ ա, կապույտ ա», չգիտեմ՝ ինչ ա։ Այս թեմաներից դուրս գանք, որ շատ արագ ազգային միասնականությունն ապահովելով՝ դուրս գանք, ճգնաժամերը կառավարվեն։ Դրա համար մեզ պետք են ճգնաժամային կառավարիչներ։ Մարդիկ, ովքեր կկարողանան իրենց ոլորտում, ունակ կլինեն Հայաստանը դուրս բերել այս իրավիճակից։ Տնտեսական ճգնաժամ է մեզ սպասվում, սոցիալական ճգնաժամ է մեզ սպասվում, առողջապահականը ճգնաժամի մեջ է, կրթականից, էլ չեմ ասում բարոյահոգեբանական վիճակը։ Հիմա պետք է կենտրոնանանք և հիմնվենք այդ չափանիշների վրա։ Մարդ, որն ունակ է ճիշտ ձևով կառավարել ճգնաժամերը և դուրս բերել։ Մարդ, որը կարող է, օրինակ, իր խոսքով ոգեշնչող լինել։ Չե՞ք հասկանում, որ այսօրվա առաջնորդը չի կարողանում ոգեշնչել։ Հենց այսօրվա դրությամբ մենք տեսել ենք, չէ՞, իրավիճակներ, որ նույն պատերազմի օրոք մեղադրում էին, ասում էին՝ «Ձեզ կոչով դիմեցինք, կամավոր չեկաք»։ Ուրեմն մեղավորը չեկո՞ղն է, թե՞ նաև ոչ ճիշտ ձևով կոչ անողը։ Հիմա մենք կարո՞ղ ենք ասել, չափանիշ որոշել, որ մարդ, որն ունակ է ոգեշնչել, մարդ, որն ունակ է ոգևորել, մարդ, որը կկարողանա այնպես անել, որ ազգային բոլոր ուժերը, ներուժն օգտագործվեն։ Որ չի լինի մեկը, որ դուրս կմնա, բոլորը ներգրավված կլինեն, և այդ բոլորի մեջ մտնում են նաև այսօրվա իշխանության կարող ուժերն էլ։ Մենք պետք է կարողանանք խնդիրները լուծել, այս վիճակից փրկվենք, այս մոխիրներից վեր հառնենք։ Մենք պետք է կարողանանք ամեն ինչ անել, որ այսօրվա Հայաստանը գոյատևի, մեր առջև կանգնած մարտահրավերները շատ ավելի մեծ են։ Տարածաշրջանում շատ ծանր օրեր են սպասվում բոլորին։ Եվ մենք պետք է ունակ լինենք որոշումներ ընդունել,ամեն ինչը հաղթահարենք։ Անձերի դաշտից պետք է դուրս գալ, պետք է չափանիշային, ինստիտուցիոնալ որոշում կայացնենք։ Իսկ եթե սա մեր համազգային որոշումն է, ոչ ոք աշխարհում չի ասելու՝ «վա՜յ, լեգիտիմ չեք, սենց եք»։ Հենց որ նեղ ենք լինում Սահմանադրությունը հիշում ենք, բայց այս վերջին տարիներին քանի անգամ ենք խախտել, ինչպես՝ նախկին, այնպես էլ՝ ներկայիս իշխանությունների կողմից։ 


-Հաշվի առնելով, որ մեր պետությունը խորհրդարանական պետություն է, կարո՞ղ է վարչապետի փոխարեն նախագահը բանակցող լինել։

-Սահմանդրությամբ, այո՛, մենք պառլամենտական երկիր ենք, բայց դրանից հետո մենք օրենք ենք գրել, որով ամեն ինչ տվել ենք վարչապետին։ Այսօրվա դրությամբ նույն վարչապետը ժամանակին ասում էր, որ սա պառլամենտական չէ, վարչապետական  ինստիտուտ է։ Թե մոռացե՞լ եք, որ շատ մարդիկ նաև ասում էին՝ «կարծես թե նախկինի կոստյումը դուրը եկել է»։ Նայեք նախագահի լիազորություններին ու կտեսնեք․ ունի՞ լիազորություն արտաքին քաղաքականության համար։ Ես համաձայն եմ, որ դրսից մարդիկ լինեն, մեր համազգային որոշումը լինի, ոչինչ։ Հիմա Ձեզ եմ ասում՝ բա՛ց արեք Սահմանադրությունը, նայե՛ք և ասե՛ք՝ կարո՞ղ է, թե՞ ոչ։ Կարող է, եթե մանդատ տան։ Բայց եթե մանդատը չեն տալիս, ինչպե՞ս կարող է անել։ Լևոն Տեր-Պետրոսյանին տվե՞ց մանդատ, վերցնում եմ նույն Լևոն Զուրաբյանի խոսքերը, թե ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մեկնել Մոսկվա։ Հիմա, կարո՞ղ էր Լևոն Տեր-Պետրոսյանը գնար, եթե մանդատ ունենար, և միգուցե մի հարցով կօգներ։ Չեմ իմանում՝ արդյունքներն ինչ կլինեին, բայց շանս էր։ Կարող էր ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, այլև 3 միլիոն ՀՀ քաղաքացիներից որևէ մեկը, նաև և Դուք։ Եթե Ձեզ մանդատ տային, կարող է և շանսը լիներ, Ձեզ մոտ ստացվեր, կարող է և ոչ։ Բայց կհասկանայինք՝ շանսը եղել է, ունակություններն այսքան են հերիքել։ Իսկ, երբ որ չեն լինում այդ շանսերը, ուրեմն դրանից հետո այդ «կարողաներն» ո՞ւմ են պետք։