Ես իմ թիզ հողը պահելու եմ, մնացածը թող ամեն մեկն իր թիզ հողը պահի․ Արշակ Զաքարյան

Ես իմ թիզ հողը պահելու եմ, մնացածը թող ամեն մեկն իր թիզ հողը պահի․ Արշակ Զաքարյան

Լեռնային Ղարաբաղում շարունակվում են ռազմական գործողությունները։ Այսօր առավոտ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: 

Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանն ասաց, որ ինքն այլ հատվածում է, ասելու բան չունի, բացի այդ իրավասություն չունի։ «Ես ուրիշ հատվածում եմ, մեզ մոտ նորմալ է»,- հավելեց հասարական գործիչը։ 

Հարցին՝ էլի թիկունքային ապահովմա՞մբ է զբաղված, պատասխանեց, որ անում են այն, ինչ խնդիր դրվում է․ «Հիմա ո՛չ ինտերվյու տալու ժամանակ է, ո՛չ էլ խոսելու, հիմա գործելու ժամանակ է։ Ես իմ թիզ հողը պահելու եմ, մնացածը թող ամեն մեկն իր թիզ հողը պահի։ Ուրիշ ոչինչ չունեմ ասելու։ Թող ամեն մեկն իր թիզ հողը պահի գրելու, կարդալու փոխարեն, դրանք բոլորն ինձ այս պահին չեն հատաքրքրում։ Մենք ունենք հայրենիք, որը պիտի պահենք»։ 

Դիտարկմանը, որ Ադրբեջանը պահանջներ է դնում «7 շրջանների փոխանակում խաղաղության դիմաց», որ հանրությունն էլ պետք է իրավիճակից տեղեկացված լինի, պատասխանեց․ «Հանրությունը պետք է թողի ամեն ինչ, գա երկիրը պահի»։

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար, «Ողջ մնալու արվեստ» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Վովա Վարտանովն ասաց, որ այս պահին սարերում է, ոչ մի բանից տեղյակ չէ։ 

Դիտարկմանը, որ Իշխանաձորում ծանր մարտեր են եղել, և հարցին, թե ինչի կարիք կա, պատասխանեց, որ ամեն ինչ ունեն, հորդորեց բջջայինով երկար չխոսել, որ ԱԹՍ-ները չկարողանան ֆիքսել տեղանքը։

Ավելի ուշ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ասել էր, որ առաջնագծի ողջ երկայքնով ռազմագործողությունները ինտենսիվ կերպով շարունակվում են, առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում: