ՀԿ-ներն ու Արյունաբանականի բժիշկերը հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կմիջամտի

ՀԿ-ներն ու Արյունաբանականի բժիշկերը հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կմիջամտի

Արյունաբանականի շուրջ կրքերը չեն մարում։ Այսօր կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման դեմ պայքարողներին միացավ նաև մեծահասակների Քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը, որը հայտարարեց, որ ողջ անձնակազմով գրում են աշխատանքից ազատման  դիմումներ և հոկտեմբերի 1-ից դադարեցնում կլինիկական գործունեությունը։ Ըստ որում, միացել են ոչ միայն բոլոր բժիշկները, այլև բուժքույրներն ու մայրապետերը։

Մեծահասկաների կլինիկայի բաժանմունքի ղեկավար Դավիթ Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջին էր դրել միացած բժիշկների հայտարարոթյունը, որում ասված է․ «Հաշվի առնելով Առողջապահության նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ) ՝ մեծահասակների Քիմիաթերապիայի Կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին»։ Բժիշկներին միացել են նաև շահառու հասարակական կազմակերպություններ․ «Առողջության կամուրջ Արմենիա», «MENQ ENQ», «ՕԳՆԵՄ»  հիմնադրամները, «Ֆոնդ 100» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, որոնք կրկին բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին։ 
 «Դիմում ենք ձեզ մեր խորին մտահոգությամբ` կապված երկրում միակ մանկական ուռուցքաբանության կենտրոնում` Պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ստեղծված իրավիճակի հետ՝ տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը չերկարաձգելը: 

Պարոն Փաշինյան, մեր բարեգործական գործունեությունը և մեր հիմնադրամները մանկական ուռուցքաբանության ոլորտում ստեղծվել են լիակատար հուսահատությունից դեռևս նախորդ իշխանությունների օրոք, երբ նեպոտիզմը, տվյալների կեղծումը, կոռուպցիան ուղղակիորեն սպառնում էին կենտրոնի փոքրիկ հիվանդների կյանքին, իսկ հաճախ նաև տխուր ճակատագրական դեր խաղում: 
2018-ի հեղափոխությունից անմիջապես հետո մենք մեծ հպարտությամբ և առողջապահական ոլորտում իրավիճակի փոփոխության հույսով միացանք «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին։ Զուգահեռաբար, Կենտրոնի ներկայիս տնօրեն Սամվել Դանիելյանի կողմից պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, մենք եռակի ուժով շարունակեցինք մեր մասնավոր հիմնադրամների գործունեությունը։ 
Բժիշկ Դանիելյանը այն նվիրյալն է, ում շուրջն է կառուցվել այս ամենը տարիներ շարունակ և մի շարք կարևորագույն հարցեր խարսխված են հենց իր վրա: Մեծ հաջողություն է բժշկական ցանկացած ոլորտի համար, երբ նրա շարքերում կան նման մարդիկ, բարեբախտաբար օնկոլոգիան այդ ոլորտներից է ի դեմս Սամվել Դանիելյանի »,-ասված է բաց նամակում, որում հույս է հայտնվում, որ խնդրին ավելի լավ ծանոթանալով` վարչապետը կմիջամտի արդարության վերականգմանը: