Այս իրավիճակում կա երեք լուծում

Այս իրավիճակում կա երեք լուծում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է հոգեբան Աննա Գալստյանը:

- Վարչապետը երկու օր առաջ խոսել է նոր զիջումների մասին, հասարակությունն էլ, կարծես, համակերպվել է զիջողի, խաղաղություն խնդրողի խեղճ կարգավիճակի հետ: Այսօրինակ թեզերով, պարտվողի ու խնդրողի կերպարի հետ հաշտված ժողովուրդը կարո՞ղ է նորից պահանջատեր դառնալ:

- Իմ կարծիքով ժողովրդին շանս չի տրված որևէ պահանջ դնելու: Նրա փոխարեն որոշել են, բայց դա ներկայացվում է այնպես, որ իբր արվում է ժողովրդի կամքի ու շահի համաձայն:
Եթե ուշադրություն դարձնեք ողջ ելույթի ընթացքում Փաշինյանը կարդում է: Ընդդիմադիր և նորընտիր Փաշինյանը չէր կարդում, այլ սահուն կերպով արտահայտում էր իր մտքերը: Երևում է, որ ելույթի տեքստը լավ մշակված է, ելույթի վրա լուրջ աշխատանք է տարվել, այնպիսի հոգեբանական տեխնիկաներ են կիրառվել, որպեսզի մարդկանց մեծ զանգվածների գիտակցության մեջ մտցնեն և համոզիչ դարձնեն միտքը, որը ելույթի նպատակն է՝ «Խաղաղության օրակարգը պարտադիր է»:

- Ի՞նչ հոգեբանական տեխնիկաներ եք նկատել, որոնք կիրառվել են ելույթում:

Ելույթում մի քանի մեսիջներ են հնչում, որոնք էլ ուղղորդում են մարդկանց միտքը ցանկալի ուղղությամբ: Ելույթի սկզբում խոսում է նվաճումներից: Ամենամեծ ձեռքբերումը ընտրություններն են, որտեղ արդար ընտրությունների ճանապարհով արտահայտվեց ժողովրդի կամքը: Այսպիսով ասվում է, որ, ժողովուրդ, դուք մեծ ուժ եք և դուք եք որոշում կայացրել ընտրել իրենց՝ նորից կառավարելու երկիրը: Դե իրենք էլ դա անում են: Հետո խոսվում է ներտնտեսական կայունության, տնտեսական աճի, աշխատատեղերի ու աշխատավարձերի չափի, միջազգային կառույցների կողմից վստահության ու ներդրումների և այլնի մասին, որոնք ներկա կառավարության վարած «հմուտ քաղաքականության» արդյունք են: Ելույթում մի քանի անգամ հնչում է հետևյալ միտքը. «Հայաստանը վերջին տարում այնպիսի հաջողություններ է գրանցել, որոնք մինչև այդ չեն եղել»: Ուստի, ժողովուրդ, ձեր ընտրած կառավարությունը մտածում է ձեր մասին ու լավ է աշխատում:

Հետո մեղայական է հնչում. «Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը, թե պատերազմի, թե պարտության համար», հոգեբաներեն ասած՝ ռեզոնանսի մեջ է մտնում մարդկանց էմոցիաների և գաղափարների հետ: Դա մարդկանց մտածածի հետ նույնականություն է առաջացնում, այսինքն արտահայտում է այն, ինչ մարդը մտածում է և զգում: Նման մի քանի էմոցիոնալ «տրյուկներից» հետո մարդը մտածում է, որ Փաշինյանը հայտնում է այն կարծիքը, որն իր մոտ է ձևավորվել, ուրեմն նրա մնացած գաղափարնեն էլ են (որոնց մասին ինքը քիչ պատկերացում ունի) ճիշտ ու ընդունելի են իր համար: Այդպես լռակյաց համաձայնում է մնացածի հետ:

Այնուհետև ելույթում արդարանում է, ասում է, որ չի ընդունել և չի ընդունում այն մեղադրանքները. «Հողեր հանձնելու», «դավաճանության» վերաբերյալ, որոնք ընդդիմադիրներն են իրեն հասցեագրում: Այդպիսով նշում է, որ ձեր չսիրած նախկիններն են այդ մեղադրանքը հայտնում, իբրև ինքն անմեղ է:

Հետագա իր ելույթում ամբողջովին մեղավորության զգացողության կոնտեքստը փոխում է, ու ելույթը տանում է իր ցանկալի ուղղությամբ «ինձ պետք է մեղադրել, ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհանձնելու մեջ»: Այս մտքի հետևում թաքնված է հոգեբանական մի մեխանիզմ՝ ռեֆրեյմինգ, երբ մարդը չի փոխում բովանդակությունը, այլ փոխում է կոնտեքստը և այդպիսով փոխում է իրականության պատկերը:

Ցիտեմ մի քանի մտքեր, թե ինչում է մեղավոր, և թե ինչ պիտի աներ ու չի արել, որպեսզի պարզ լինի, թե ինչ ուղղությամբ է տանում իր մտքերը։ Հիշեցնեմ, որ ելույթի ողջ նպատակը մարդկանց գիտակցությանը հասցնելն է, որ «Խաղաղության օրակարգը պարտադիր է»:

«Մեղավոր է, որ 2018-19 թթ-ին մեր հանրության առաջ չի կանգնել ու չի բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք, այս կամ այն կոնֆիգուրացիայով, Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը:

Որ մեր ժողովրդին չի ասել միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեքորեն ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման և կառավարման հարցերում: Որ հստակ չի ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար, և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ․ երբեմն՝ դիվանագիտական եղանակով, ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին որ նա ընդունի: 25 տարի Հայաստանի հանրությանը ասել են, որ բոլոր զրկանքները, որ կրել ենք ու կրում ենք, ունի մի նպատակ, այդ նպատակը Արցախի ազատությունն է:

Բոլոր զրկանքները, որ մենք կրում ենք հանուն հզոր բանակ ունենալու և դժվար է հավատալ, որ այքան զրկանքների վրա կառուցած բանակը չի կարող պաշտպանել մեր երազանքը: Սերժ Սարգսյանն ասում էր, որ Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նորանոր պահանջներ, և որ Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական են և անընդունելի մեզ համար: Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի: Որ 30 տարիների զրկանքի արդյունքում կարելի էր հանձնել հաղթանակի պտուղները և դիմացը չստանալ ոչինչ: Որ նախկին իշխանությունները ձախողել են պետության ինստիտուցիոնալ կայացման գործը: Փաշինյանի իրական մեղքը սա չանելն է, և հանձնելով գուցե կփրկեր հազարավոր կյանքեր:

Ընթացքում նշում է. Հնարավոր է Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ ու ոտնձգությունը Հայաստանի ամբողջականության հանդեպ:

Հետո չասեք, որ Փաշինյանը չի զգուշացրել:

Նշում է, որ հայի հետին խելքն է ճիշտ: Այսինքն` իմ նախկին որոշումները սխալ են եղել, բայց դրա մեղավորը մեր հայերիս մտածելակերպն է՝ դժբախտաբար:

Աստված և ժողովորդը (որը ավելի մեծ ուժ է) կրկին իրեն է ընտրել, որ առաջնորդի երկիրն ու ժողովրդին, չնայած որ շատերի համար անսպասելի ու անտրամաբանական է 44 օրյա պատերազմից և դրա հետևանքներից հետո, ուրեմն ժողովուրդը ճիշտ է ու ինքն է պատասխանատվությունը դրել Փաշինյանի վրա, Փաշինյանն էլ ստանձնել է ու դա իր առաքելությունն է, լուծը, խաչը, որը պիտի տանի: Դե ինչ արած, ժողովրդի ու Աստծո կամոք են իր գործողությունները:

Աստվածաշնչից մեջբերում է անում. «Երանի խաղարարարներին, որ աստծո որդիներ պիտի կոչվեն»՝ Էլի միտքը խաղաղություն քարոզելն է:

Ամեն ինչ բերվում է դրան, որ համոզի, թե խաղաղության օրակարգն այլընտրանք չունի մեզ համար և խաղաղության պայմանագիրը պարտադիր է:

Նաև տեղյակ է պահում, որ այդ ուղղությամբ ինքը քայլեր է ձեռնարկում՝ նշելով Բրուսելում համաձայնությունր խաղաղության պայմանագրի ստորագրման մասին:
Ամեն ինչ հասկանալի է, բացատրված, Ժողովրդի փոխարեն ամենը արվել է, ժողովրդին այսպիսով ասվում է, ես դա անում եմ ձեր շահերից ելնելով: Էլ ինչպե՞ս ժողովուրդը կլինի պահանջատեր:

- Նոր հնարավոր զիջումները, անկումները՝ պարտված, մարդկային ու տարածքային մեծ կորուստներ տված երկրի հասարակությանն ի՞նչ նոր հոգեվիճակի կարող են հանգեցնել: Ինչպե՞ս խուսափել սրանից։

- Ժողովրդի ինտելեկտուալ մասսան հասկանում է, բայց ոչինչ չի կարողանում անել, քանի որ մեծ մասը ընդունում է և հաշտվում են եղելությանը ու դեռ սպասում են խոստումների իրագործմանը՝ զբաղվելով իրենց առօրյա գործերով, ինչպես Օրուելի «Անասնաֆերմայի» ձին: Ձին ողջ ժամանակ աշխատում է՝ հավատալով, որ իր տքնաջան աշխատանքով օգուտ է տալիս Ֆերմայի նոր տերերին (խոզերին), որոնք չէին ուզում նմանվել նախկիններին (մարդկանց), բայց երբ մի օր տկարանում է, նրան չեն բուժում, այլ հանձնում են մթերման: Մարդը բոլոր դժվար իրավիճակներում գիտակցված կամ անգիտակցական երեք լուծում ունի․
Փախչել, ինչպես դա անում են մեր շատ հայրենակիցներ, անզորությունից դրդված կամ հնարավոր դժվարություններից խուսափելու համար:

Մարտնչել: Պայքարել իր իրավունքների համար: Որը մեր հասարակության քիչ տոկոսն է իր մեջ ուժ գտնում, քանի որ քչերն են հասկանում իրավիճակի ողջ լրջությունը:

Ոչինչ չանել: Կա՛մ անզորությունից դրդված փակվել իր մեջ, կա՛մ լուծումներ չգտնելու պատճառով հանձնվել ուժեղ մարդկանց կամ ուժերին:

Խեղդվողների փրկությունը իրենց ձեռքում է: ժողովուրդը անուժ ու անօգնական է իրեն զգում, բայց ինքն իր մեջ պետք է կամք գտնի՝ ընդունելու սեփական սխալները և հաղթահարելու վախն ու թմբիրը: Դրա համար մի ուժ է պետք կամ առաջնորդ, որը մարդկանց կհանի մոլորությունից կուղղորդի ու պահանջատեր կդարձնի: