Վախճանը դասական քաղաքականության

Վախճանը դասական քաղաքականության

Դոնալդ Թրամփ, Մարի Լը Պեն, Նիկոլ Փաշինյան, Միխայիլ Զելենսկի, Ալեքսեյ Նավալնի։ Ցանկը կարելի է երկար շարունակել՝ համալրելով հայ հանրությանը հայտնի ու անհայտ շատ գործիչներով։ Բայց սահմանափակվենք այսքանով, քանի որ վերոնշյալ հինգն էլ բավական են խնդրի մասին գոնե մակերեսային պատկերացում կազմելու համար։  Սրանց բոլորին միավորում է համաշխարհային քաղաքական մտքի ճգնաժամը, և սխալվելու չնչին հավանականությամբ գործիչներն այս, ուղղակի, թե անուղղակի կերպով, այդ ճգնաժամի արտադրանքներն են՝ բառի լավ կամ վատ իմաստով։ 

Պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույաման ամիսներ առաջ «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել էր, որ Ուկրաինայի ընտրություններն իրականում բողոքի քվեարկություն են։ Այսինքն՝ Զելենսկին բողոքի և ինչ-որ իմաստով նաև նիհիլիզմի արդյունք է։ Վստահաբար վերոհիշյալ մյուս գործիչներն էլ արտադրանքն են բողոքի և նիհիլիզմի։ Նիհիլիզմ, որի էության մեջ քողարկված է պոստմոդեռնիստական ինքնահեգնանքը։ Այս իմաստով ամբողջ աշխարհն է կանգնած քաղաքակրթական այդ մարտահրավերի առջև։ Արդեն տևական ժամանակ է, ինչ մարդկությունը թևակոխել է փոփոխությունների չափազանց զորեղ շրջափուլ, աշխարհը փոխվում է և դրա հետ զուգընթաց փոխվում են նաև մարդկային պատկերացումները աշխարհի և կյանքի վերաբերյալ։

Եվ այս փոփոխությունների համատեքստում դասական քաղաքականությունն էլ, որպես այդպիսին, արդեն իսկ արժեզրկված է ու կազմաքանդված՝ գոնե մարդկային պարզ ընկալումներում։ 21-րդ դարի մարդը նոր քաղաքական որոնումների մեջ է ու պարզ չէ, թե որոնումներն այդ ուր կհասցնեն բովանդակ մարդկությանը։ Քաղաքականությունը կյանքի հիմնասյուներից մեկն է, ինչպես նաև այն հիմքը, որի մեջ է ներդրվում մարդկային զգացմունքայնության ողջ ներուժը։ Այս տրամաբանությամբ կարելի է պնդել, որ Զելենսկու, Փաշինյանի և Թրամփի ընտրությունը հենց հասարակության զգացմունքայնության դրսևորումն էր։ Ներկայումս զգայական այդ մեգահամակարգի կենտրոնական բաղադրիչներն են հոգնածությունը, բողոքը, նիհիլիզմը, զզվանքը, էպատաժը, անորոշությունը և այսպես շարունակ։

Ռոլան Բարտը չափազանց հետաքրքիր վերնագրով մի էսսե ունի․ «Հեղինակի մահը»։ Իսկ հիմա Բարտի օրինակով կարելի է մի նոր էսսե գրել և վերնագրել այսպես․ «Քաղաքական գործիչների մահը»։ Պոստմոդեռնիստական այս աշխարհում հանրությունները հոգնել ու զզվել են դասական քաղաքականությունից ու քաղաքական գործիչներից, դրանք այլևս մարդկային չեն և կտրված են մարդկային պարզ զգացմունքային տարածությունից։ 21-րդ դարում մարդը մարդկային արժեքների որոնումների մեջ է և նրան այլևս չեն հետաքրքրում մոդեռն աշխարհի բացարձակ ճշմարտությունները։ Ժամանակակից աշխարհում մարդն այլևս չունի բացարձակ արժեքներ՝ բարին ու չարը, գեղեցիկն ու տգեղը, սևն ու սպիտակը այլևս կորցրել են իրենց հստակ տարանջատման սահմանները։ Գրեթե նույն տրամաբանությունը գործում էր նաև Հայաստանում, և սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ հեղափոխության հաղթանակը իրականում պոստմոդեռնի հաղթարշավն էր մոդեռնի նկատմամբ։ Սերժ Սարգսյանը մոդեռն աշխարհից էր և նրա շփոթված դեմքի արտահայտությունը ժամանակակից աշխարհի անճանաչելիության վկայությունն էր։

Սա իսկապես չափազանց լուրջ ճգնաժամ է, որը շարունակվում է արդեն երեք-չորս տասնամյակ ու ոչ ոք չգիտի, թե որտեղ է թաքնված վերջնական հանգուցային կետը։ Մի բան հստակ է․ աշխարհը դեռևս չի կարողանում մարսել Խորհրդային միության փլուզումը, ինչ-որ մեծ պոստմոդեռնիստական վակուումային տարածություն է ձևավորվել, որը լցվում է ամեն ինչով՝ պոպուլիզմով, աջ պոպուլիզմով, կրոնական ֆունդամենտալիզմով, նացիոնալիզմի տարատեսակ դրսևորումներով, իսլամի կանաչ գույներով, տրոցկիզմով, հիբրիդային պատերազմներով, դեմոկրատական միֆերով, մարդասիրական ֆաշիզմով և այսպես շարունակ։ Վերջը չի երևում ու նաև հստակ չէ, թե ուր է ի վերջո գնում մարդկությունը։

Այս անորոշության հիմքի վրա սաղմնավորվում և կյանքի են կոչվում այնպիսի գործընթացներ, որոնք տեսանելի են այնքանով, որքանով անտեսանելի են։ Ամենազավեշտալին հիբրիդային պատերազմի գաղափարն է։ Դա կարելի է ասել՝ պոստմոդեռնի ամենամեծ ծաղրն է աշխարհի նկատմամբ։ Դա և կա, և չկա, մեկ երևում է, մեկ չի երևում։ Բոլորովին վերջերս մի կողմից, Դոնբասում հազարավոր մարդիկ էին մորթվում, իսկ Ռուսաստանի գյուղերն էլ սովամահ էին լինում ամերիկյան պատժամիջոցների ներգործության հետևանքով, իսկ մյուս կողմից՝ այս ամենի հետ զուգընթաց ամերիկացիներն ու ռուսներն իրար հետ ինչ-որ տնտեսական ֆորումների էին մասնակցում։

Տպավորությունն այնպիսին է, թե երրորդ աշխարհամարտի ուրվականը գոյաբանական անհրաժեշտություն է դարձել՝ և բոլոր կողմերի համար։ Ներկայումս աշխարհը շատ ավելի մոտ է երրորդ աշխարհամարտին, քան 20-րդ դարի երկրորդ կեսին՝ Սառը պատերազմի ժամանակ։ Մրցավազքի մեջ գտնվող ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը հակադրության և համադրության տիրույթում հավասարակշռության չափազանց ճկուն միջավայր էին ձևավորել, որը թույլ էր տալիս խուսափել վերահաս աղետից։ Ինչ-որ իմաստով այդ երկուսը ինչ-որ ջանքեր էին գործադրում, ինչ-որ ազդակներ ու իմպուլսներ էին տալիս աշխարհին։ Բայց ներկայումս ոչ ոք ոչինչ չի տալիս աշխարհին, բոլորը փորձում են վերցնել։ Նացիոնալիստական էգոիզմի ուրվականն է շրջում աշխարհում։ 19-20-րդ դարերի ընդլայնման և փոխներթափանցման գործընթացը՝ հայտնվելով խոր ճգնաժամի մեջ, առաջնային պլան է մղել ինքնամեկուսացման անհրաժեշտությունը (Brexit)։ Իսկ այս ամենն էլ հանգեցնելու է տրամաբանական բախման։ Ինչպես Պուտինն է ժամանակին նկատել․ «Зачем нам мир, в котором не будет России?»

Փաստորեն, Թրամփը, Զելենսկին, Նավալնին, Մարի Լը Պենը, Փաշինյանը քաղաքական մտքի ճգնաժամի դեռևս փոքրիկ դրսևորումներն են, որոնք շղթայական ռեակցիայի տրամաբանությամբ ընդգրկելու են փոփոխությունների եզրին կանգնած աշխարհը։ Կարելի է պնդել, որ դասական քաղաքականությունը աստիճանական վախճանի ճանապարհին է։