Թբիլիսիի դերը շատ կարևոր է՝ Երևանի և Բաքվի միջև կամուրջ հանդիսանալու առումով․ Կլաար

Թբիլիսիի դերը շատ կարևոր է՝ Երևանի և Բաքվի միջև կամուրջ հանդիսանալու առումով․ Կլաար

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով այցելել է Վրաստան, հարցազրույց է տվել այդ երկրի Առաջին ալիքին։

Ի թիվս այլ հարցերի, պաշտոնյան անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և այդ համատեքստում Վրաստանի դերին։

«Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, և այստեղ շատ կարևոր է Վրաստանի դերը՝ կամուրջ հանդիսանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Վարչապետի (Ղարիբաշվիլի-խմբ․) հետ քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ապագայում այս առումով ավելի մեծ համագործակցություն կլինի Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև»,- նշել է Կլաարը։

Նրա խոսքով, տրամաբանական է, որ նույն տարածքում գտնվող երեք երկրները պետք է փորձեն գտնել համագործակցության ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության և այլ հարցերում։