Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը

Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները։

Նշված հրամանով սահմանվում են նաև ձմեռային արձակուրդների օրերը, որոնք ներկայացնում ենք ստորև․

Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ,

Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ,

3-12-րդ դասարանների սովորողներին նույնպես տրվում են արձակուրդներ` ձմեռային՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 5-ը ներառյալ։

Հիշեցնենք՝ հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագիրը իրականացնել հեռավար ձևով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն:

Նախարարությունն էլ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում հաստատության դիմումի հիման վրա կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով նախարարությանը:

Նախարարության ենթակայության հաստատություններում արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, նախարարության համաձայնությամբ: