Իշխանությունն «այո» ստանալու հարցում աջակիցների կարիք չունի

Իշխանությունն «այո» ստանալու հարցում աջակիցների կարիք չունի

Օրեր շարունակ հանրությունն անհանգստանում էր՝ «ոչ»-ի շտաբն անտեր է։ Թվում էր՝ «այո»-ն բազմաթիվ տերեր ունի, իսկ «ոչ»-ի շտաբ չի ձեւավորվելու, եւ իշխանություններին հակադրվելու գործն անտեր է մնալու։ Նույնիսկ կասկածներ կային, որ իշխանությունն արհեստականորեն «ոչ»-ի շտաբ կձեւավորի, որ հանրաքվեն չձախողվի։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ «ոչ»-ի ճամբարը ձեւավորվում է իրավաբաններից ու իրավապաշտպաններից։ Բայց այնպես չէ, որ «այո»-ի շտաբը «ծփում» է «այո» քարոզող  քաղաքական ուժերից։ Հատուկենտ քաղաքական ուժեր են հայտարարել «այո»-ի կողմնակիցը լինելու մասին, չնայած անցած շաբաթ մեր հարցազրույցներում քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ ձեռնպահ էին մնացել կոնկրետ դիրքորոշում հայտնելուց, եւ ակնհայտ էր, որ նրանք տեղ են թողել «քաղաքական առեւտրի» համար։ Եթե կոնկրետ եւ շոշափելի առաջարկներ հնչեն, հաճույքով կանցնեն «այո»-ի ճամբարը։ Նման տրամադրություններ էինք նկատել «Ժողովրդավարական հայրենիք», «Ազատ դեմոկրատներ»,  «Քաղաքացու որոշում», Հայաստանի պահպանողական կուսակցությունների մոտ։ Իսկ  ԲՀԿ-ն ու  «Լուսավորն» էլ, հիշեցնենք, ի սկզբանե իրենց հեռու պահեցին «այո»-ից ու «ոչ»-ից։  

Կա նախկին ընդդիմադիր քաղաքական ուժերի մի մեծ խումբ եւս, որը նույնպես հանրաքվեի թեմայով առայսօր ծպտուն չի հանել՝ Անդրիաս Ղուկասյանի Հայաստանի կառուցողական, «Սասնա ծռեր» կուսակցությունները։ Ի դեպ, վերջինիս համակարգող  Վարուժան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր կառավարության նիստի նկար՝ գրառումով, որ «Սովետի վերջին շրջանն է հիշեցնում»։ Նշված կուսակցություններն այս առումով դեռ ասելիք չունեն։ Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» եւ Հայաստանի կառուցողական կուսակցություններին, ապա Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Մենք կողմ ենք, որ Սահմանադրական դատարանի այդ  դատավորները դադարեցնեն պաշտոնավարումը, բայց դեռ կսպասենք, մինչեւ որ լրանա իրենց տրամադրված ժամկետը, որը ենթադրում է, որ իրենք  կամավոր գնան, կստանան բարձր աշխատավարձեր։ Գտնում ենք, որ հիմա դեռ վաղաժամ է դիրքորոշում հայտնելը, քանի որ շատ հեղհեղուկ է վիճակը, իսկ հանրաքվեի հարցը պայմանավորված է մարդկանց անհատական որոշումներով»։ Անդրիաս Ղուկասյանի կուսակցությունում որոշումը կկայացնեն փետրվարի 28-ին, երբ լրացած կլինի ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի գնալու մասին օրենքի գործողության ժամկետը։

«Սասնա ծռերի» խոսնակ Վահագն Ավագյանն էլ գրեթե նույնն ասաց՝ Հրայր Թովմասյանն ու մյուս դատավորները պետք է գնան, բայց․․․ «Պետք է հեռանային վաղուց, եւ 18 թվականի գարնանը ժողովուրդն այդ մանդատը տվել էր իշխանություններին, ցավոք, իրենք ինքնակամ կասեցրել են եւ, հետեւաբար, իրենք են պատճառն այդ համակարգային ճգնաժամի, որը հիմա առաջացել է։ Եվ այդ ճգնաժամը փաստ չէ, որ իրենց առաջարկած լուծումով լուծվելու է»,-ասաց  «Սասնա ծռերի» խոսնակը։ Նրա կարծիքով՝ հիմա գնդակն իշխանությունների դաշտում է․ պետք է դիմեն ժողովրդին, ներկայացնեն՝ հանրաքվեն լինելու է հեղափոխության վերսկսմա՞ն պրոցես, թե՞ պարզապես մի քանի հոգու աշխատանքից հեռացնելու նպատակ է հետապնդում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գումարած նիստում «այո»-ի կողմ գրանցեց իմքայլական Վահագն Հովակիմյանին։ Նա հեռախոսին, որպես կանոն, չի պատասխանում, ուստի չհաջողվեց պարզել, թե որ քաղաքական ուժերին են հրավիրելու  «այո»-ի շտաբ։ Ըստ ամենայնի՝ իշխանությունը վստահ է իր ուժերին եւ աջակիցների կարիք չի զգում։ Արտախորհրդարանական ընդդիմադիրներից մեկն այս կապակցությամբ հետաքրքիր միտք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն ու  «Իմ քայլն» էլ առանձնապես շահագրգռված չեն այլ քաղաքական ուժեր հրավիրելով ու «այո»-ի շուրջ լայն կոնսենսուս ապահովելով։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այդ շտաբ մտնող քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իրենց նախապայմաններն ու պահանջներն է դնելու սահմանադրական փոփոխությունների հետ կապված, իսկ Փաշինյանը չի ուզում որեւէ մեկի հանդեպ պարտավորված լինել։ Մանավանդ, եթե այդ պարտավորությունների մեջ կարող են լինել նաեւ տարբեր ուժերի տարբեր քաղաքական պաշտոններ տալը, այսինքն՝ իշխանությունը կիսելը։ Այնպես որ, չի բացառվում, որ կառավարող ուժը վարվի այնպես, ինչպես 2018-ին, երբ ձեւական «դաշինք» ֆորմատն ունենալու համար իր ցուցակում մի քանի տեղ տվեց քաղաքական դաշտում գրեթե անհայտ «Առաքելություն» կուսակցության անդամներին, բայց այդպես էլ իրական դաշինք չկազմեց եւ իշխանության «բեռը» ոչ մեկի հետ չկիսեց։