Սամվել Բաբայանի հաղորդումից են վրդովվել՝ թող վրդովվեն, դա իրենց իրավունքն է․ Պետրոս Ղազարյան

Սամվել Բաբայանի հաղորդումից են վրդովվել՝ թող վրդովվեն, դա իրենց իրավունքն է․ Պետրոս Ղազարյան

Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը հարուցել է ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների, անկախ քաղաքացիների եւ անգամ լրատվամիջոցների ղեկավարների ու Հայաստանի Ժուռնալիստների միության զայրույթը: Բաբայանն իր հարցազրույցի ժամանակ խոսել է Արցախի բոլոր իշխանությունների թերացումների մասին, անապացույց մեղադրանքներ եւ ատելության խոսք է տարածել արցախցիների նկատմամբ: Փորձել է ձախողված պատերազմի եւ Արցախի հայաթափման ողջ մեղքը բարդել Արցախի նախկին և ներկա իշխանությունների վրա, «սրբադասելով» Նիկոլ Փաշինյանին: 

Այս կապակցությամբ Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, իր մտահոգությունը հայտնելով մեր հարկերի հաշվին գործունեություն ծավալող հեռուստաալիքի դեմ, պնդելով, որ «խիստ անհանգստացնող է հասարակության մեջ Հանրային հեռուստաընկերության եթերից ատելության տարածումն ու սերմանումն Արցախի ներկայիս իշխանությունների, ինչպես նաև ՀՀ նախկին բոլոր իշխանությունների հասցեին»։ «ՀՀ գործող իշխանությունները, որոնք հասարակությանը 5 տարի շարունակ սևերի ու սպիտակների, ներկաների ու նախկինների բաժանելով՝ միմյանց դեմ ատելություն ու թշնամություն էին տարածում՝ գռեհիկ բառապաշար և ապատեղեկատվություն տարածելով, այսօր նույնը շարունակում են նաև Արցախի ժողովրդի ու Արցախի իշխանությունների, Հայաստանի նախկին իշխանությունների, հանրային, քաղաքական գործիչների նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ, որին միացել են մեծ թվով ԶԼՄ-ներ: 

Մենք Հ1-ի լրատվական ծրագրի ղեկավար, հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանից մեկնաբանություն խնդրեցինք ՀԺՄ-ի տարածած հայտարարության վերաբերյալ եւ մասնավորապես հետաքրքրվեցինք՝ որեւէ հետեւություն անելո՞ւ են այս հայտարարությունից: 

Պետրոս Ղազարյանը, պարզվեց՝ հարկ չի համարում Սաթիկ Սեյրանյանի տարածած հաղորդագրություններն ընթերցել, առավել ևս մեկնաբանել. «Ծանոթ չեմ այդ հայտարարությանը, չեմ պատրաստվում Սաթիկ Սեյրանյանին մեկնաբանել»,- ասաց նա: Թերեւս նա միայն իշխանական հայտարարություններն է ընթերցում եւ որպես ուղեցույց առաջնորդվում դրանցով։ Մենք նկատեցինք, որ այդ հայտարարության տակ ստորագրել են նաև մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ՝ միայն Սաթիկ Սեյրանյանի կարծիքը չէ, որ Հ1-ը չի ծառայում իր առաքելությանը եւ թշնամանք է տարածում արցախցիների հասցեին, Ղազարյանն ասաց. «Օրինակ ի՞նչ լրատվամիջոցներ»:

Մենք ներկայացրինք լրատվամիջոցների ցանկը, նա սկսեց պիտակավորել ԶԼՄ-ներին. «Հա՞, Իրատես թե՞րթ,  նրանց էլ չեմ պատրաստվում մեկնաբանել, շնորհավորում եմ իրենց: Իրենք իրենցով հավաքվել են, թող իրենք իրենցով էլ մեկնաբանեն: Նրանք այնքան սուտ են ասում, որ հիմա ի՞նչ մեկնաբանեմ, չեմ կարդացել այդ հայտարարությունը, բայց որ կարդայի էլ՝ չէի մեկնաբանի: Սամվել Բաբայանի հաղորդումից են վրդովվել, թող վրդովվեն, դա իրենց իրավունքն է»,- եզրափակեց Պետրոս Ղազարյանը: