Ինչու է Բաքուն պահանջում փակել Մեծամորի ատոմակայանը

Ինչու է Բաքուն պահանջում փակել Մեծամորի ատոմակայանը

Բաքուն եւ Անկարան պահանջում են փակել Հայաստանի ատոմակայանը՝ պատճառաբանելով, որ այն վտանգավոր է տարածաշրջանի համար: Կարող է լինել բնապահպանական աղետ:
Բայց իրո՞ք հենց միայն դա է նրանց մտահոգում: Այն, որ 60 տարվա հնության տեխնոլոգիաներով աշխատող, ֆիզիկապես մաշված, ժամկետանց ՀԱԷԿ-ն իրական վտանգ է ներկայացնում, անվիճելի փաստ է: Որպես ապացույց՝ կարելի է մատնանշել 1982 թվականի հոկտեմբերի 15-ին մեր ատոմակայանում տեղի ունեցած պայթյունը եւ հրդեհը, որի ժամանակ անջատվել էին կայանի շահագործումն ու անվտանգությունն ապահովող համակարգերը, եւ խզվել էր կապը միացյալ էներգահամակարգի հետ: Ռեակտորում ջերմաստիճանը բարձրանում էր, ինչը կարող էր հանգեցնել նրա պայթյունին: Միայն հրշեջների եւ տարհանման հրամանին չենթարկված ատոմակայանի աշխատակիցների հերոսական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ փրկել Հայաստանը: Մինչ օրս այդ փաստը գաղտնի է պահվում, սակայն համացանցում այդ մասին կա 2 հիշատակում՝ Հովիկ Չարխչյանի հոդվածը՝ «Թե ինչպես փրկվեցինք ատոմային աղետից», եւ Վահրամ Թոքմաջյանի հոդվածի անգլերեն թարգմանությունը։

Բայց թուրքերին, ըստ ամենայնի, ոչ այնքան պետք է մտահոգի բնապահպանական աղետի վտանգը, որքան վաղեմի իրենց երազանքի՝ Մեծ Թուրանի ստեղծման համար անհրաժեշտ Մեղրիի միջանցքի անանցանելի դառնալը՝ ռադիոակտիվ վարակման պատճառով: Բանն այն է, որ եթե ՀԱԷԿ-ի ռեակտորը պայթի՝ ռադիոակտիվ դարձած տարածքն ավելին չի լինի, քան 30 կիլոմետրանոց Չեռնոբիլի օտարման գոտին է, սակայն այն կներառի Սյունիքն ու Նախիջեւանը: Դա հիմնավորող հաշվարկները բերված են 2020 թվականի հուլիսի 10-ի «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Ֆայք փաստարկներ՝ ատոմակայանի կյանքն անվերջ երկարաձգելու նպատակով» իմ հոդվածում։              
Նման աղետը մի քանի հարյուր տարով ռադիոակտիվ կդարձնի ՀՀ տարածքը, մասնավորապես՝ Սյունիքը եւ Նախիջեւանը, բայց Թուրքիային մեծ վնաս չի հասցնի, քանի որ Արարատ լեռը կարող է զգալիորեն փոքրացնել Մեծամորից ոչ հեռու գտնվող Թուրքիայի տարածքների ախտահարումը: Դրանք Հայաստանի առաջին հանրապետությունից պոկած, այսօր հիմնականում քրդերով բնակեցված տարածքներն են: 

Կարծում ենք, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, հնարավոր է՝ նաեւ Չինաստանի ԶՈՒ գլխավոր շտաբները ռադիոակտիվ հնարավոր վարակման պատճառով Մեղրիի միջանցքի անանցանելի դառնալը հաշվի են առնում եւ նկատի են ունենում իրենց ապագա պատերազմների սցենարներում: Հիշատակած երկրները Մեծ Թուրանի ծրագրի ջատագովներն ու դրան դիմակայողներն են: Բայց, զարմանալիորեն, Մոսկվան ոչ միայն դեմ չէ Մեղրիի միջանցքին, այլեւ համաձայնել է դրա կառուցումը ներառել արցախյան վերջին պատերազմի հրադադարի կնքման համատեղ հայտարարության պայմանների մեջ: Նկատենք, որ այդ միջանցքը պետք կառուցվի ՀՀ տարածքում, մինչդեռ Հայաստանը, դե յուրե, այդ պատերազմի մասնակիցը չէր:

Թուրքական բանակն իր մեծությամբ եւ հզորությամբ ՆԱՏՕ-ի թվով երկրորդ բանակն է: Սովորական զինատեսակներով նրա ցամաքային ուժերի գրոհն այսօր, ըստ ամենայնի, չի կարող կանգնեցնել եվրոպական եւ ոչ մի բանակ: Ռուսաստանը եթե նույնիսկ Սյունիքում ստեղծի ռազմաբազա, միեւնույն է, սովորական զենքերի կիրառումով չի կարողանա կանխել Զանգեզուրի գրավումը, քանի որ Ադրբեջանի 2 մասերի արանքում գտնվող Սյունիքի տարածքը շատ նեղ է եւ լեռնային: 

Զանգեզուրի վրա երկու կողմից կատարված թուրք-ադրբեջանական գրոհը կկարողանա կանգնեցնել միայն ատոմային ռումբի կիրառումը, ինչն այսօր անկարելի է: Դա չի հասկացվի միջազգային հանրության կողմից, խիստ կքննադատվի եւ կհանգեցնի լուրջ պատժամիջոցների, նաեւ՝ Ռուսաստանի մեկուսացմանը: Բայց եթե 60 տարվա հնության տեխնոլոգիաներով աշխատող, ֆիզիկապես մաշված, ժամկետանց Մեծամորի ատոմակայանում տեղի ունենա վթար եւ ռեակտորի պայթյուն, դա կգնահատվի որպես զուտ ՀՀ կառավարության համառության ու հիմարության արդյունք: 

Չի բացառվում, որ եթե Հայաստանի կառավարությունը հանդգնի փակել Մեծամորի ատոմակայանը, Մեղրիի միջանցքի կառուցման ջատագովների թիվը պակասի:

Գրիգոր Էմին-Տերյան