«Հրապարակ»․ Նույնիսկ Եվրոպայի խոշոր երկրներն ամեն տեղ դեսպանություն պահելու շռայլություն իրենց թույլ չեն տալիս

Մայիսի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով` Մարիամ Գեւորգյանը նշանակվել է Պարագվայում եւ Բոլիվիայում Հայաստանի դեսպան: Ըստ հրամանագրի` Վահագն Խաչատուրյանը Մարիամ Գեւորգյանին Բոլիվիայի Բազմազգ Պետությունում եւ Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակել համատեղության կարգով: Նստավայրն Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոն է:
Հայաստանը, լինելով բավականին փոքր պետություն աշխարհի տարբեր երկրների շարքում, իր ունեցած դեսպանությունների թվով առաջատարներից է: Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքէջում հրապարակված տվյալների` Հայաստանն աշխարհի տարբեր երկրներում ունի ավելի քան 117 դեսպանություն: Օրինակ` պատերազմում գտնվող Ուկրաինան, որը դիվանագիտական կուռ հարաբերություններ ունի Արեւմուտքի հետ, ունի ընդամենը 83 դեսպանություն, Ալբանիան` 38, Մոնղոլիան` ընդամենը 30: Եվ, առհասարակ, անգամ գերտերություններն այսօր ձգտում են դեսպանությունների թիվը կրճատել՝ այն համարելով ավելորդ բեռ պետության վրա: Նույնիսկ աշխարհի ամենահարուստ գերտերությունը` ԱՄՆ-ն, New York Times-ի ապրիլի 25-ի հրապարակումներից մեկի համաձայն, դիտարկում է արտերկրում մոտ 30 դիվանագիտական ներկայացուցչությունների փակման հարցը: Պարբերականի տվյալներով՝ դիվանագիտական ներկայացուցչությունների մեծ մասը, որոնք նախատեսվում է փակել, գտնվում են Եվրոպայում եւ Աֆրիկայում։ Դրանք են՝ Մալթան, Լյուքսեմբուրգը, Լեսոտոն, Կոնգոյի Հանրապետությունը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Էրիթրեան, Գամբիան, Մալդիվների Հանրապետությունը եւ Գրենադան։ Առաջարկվում է նաեւ ամբողջությամբ փակել կամ զգալիորեն կրճատել Սոմալիում դեսպանատունը, Բաղդադում դիվանագիտական աջակցության կենտրոնը։ Կրճատման համար առաջարկվող հյուպատոսությունների մեծ մասը գտնվում է Եվրոպայում․ հինգը՝ Ֆրանսիայում (Բորդո, Լիոն, Մարսել, Ռեն, Ստրասբուրգ), երկուսը՝ Գերմանիայում (Դյուսելդորֆ, Լայպցիգ), երկուսը՝ Բոսնիա եւ Հերցեգովինայում (Մոստար եւ Բանյա Լուկա): Հունաստանում, Իտալիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում, Կամերունում, Ինդոնեզիայում, Հարավային Աֆրիկայում եւ Կորեայի Հանրապետությունում կարող են փակվել մեկական հյուպատոսություններ։
Իսկ աղքատ Հայաստանը շռայլ ծախսեր է անում՝ աշխարհի 117 երկրում դեսպանություն պահելու համար, եւ դեռ մի բան էլ թիվն ավելացնում է: Հայտնի է, որ յուրաքանչյուր դեսպանություն ՀՀ բյուջեի վրա ահռելի ծախս է նստում` շենքի պահպանությունից մինչեւ աշխատավարձեր, կեցության եւ ներկայացուցչական ծախսեր:
Արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանին «Հրապարակը» հարցրեց` Հայաստանի նման աղքատ պետության համար, որի արտաքին պարտքը ներկայիս իշխանությունների օրոք գերազանցում է 12 միլիարդ դոլարը, շատ չէ՞ 117 դեսպանություն ունենալը, ինչո՞վ են նրանք զբաղվում, ո՞րն է նրանց գործառույթը: «Հայաստանը մեծ քանակությամբ դեսպանությունների կարիք չունի: Լավ է, որ Հայաստանն ամեն տեղ ներկայացված լինի, բայց մի բան է լինել ներկայացված, մի բան է` ունենալ այսքան շատ դեսպանություններ: Պարտադիր չէ, որ դեսպանի նստավայրը լինի տվյալ երկրում կամ կողքի երկրում: Շատ երկրների դեսպաններ աշխատում են հենց իրենց երկրից: Աշխարհում կա նաեւ նման պրակտիկա: Միայն անհրաժեշտության դեպքում են մեկնում տվյալ երկիր, մնացած դեպքերում` ոչ: Ես կողմ եմ, որ Հայաստանն ունենա սահմանափակ քանակությամբ դեսպանություններ եւ հյուպատոսություններ: Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որ ամեն երկրում դեսպանություններ ունեն: Այսքան շատ դեսպանություններ ունեն գերտերությունները` ԱՄՆ-ն, Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, նույնիսկ եվրոպական խոշոր երկրներն ամեն տեղ դեսպանություն պահելու շռայլություն իրենց թույլ չեն տալիս: Ինչ վերաբերում է դեսպանությունների ծախսերին, ապա դրանց թիվը տարբեր է, նայած թե որ երկրում է եւ ինչպես։ Սակայն բոլոր դեպքերում Հայաստանի նման պետության համար այդ բոլորը թվերը բավականին մեծ են»,- ասաց Լեւոն Մարտիրոսյանը:
Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, նշեց. «Մենք ունենք դեսպանություններ մերձբալթյան երկրներում, օրինակ` դեսպանությունը Լիտվայում է, սակայն փակում է Էստոնիան եւ Լատվիան: Շվեդիան փակում է Սկանդինավները, Բելգիան փակում է Լյուքսեմբուրգը, եւ այդպես շարունակ: Ես համարում եմ նորմալ, եթե խոսքը համատեղության կարգով նշանակումների մասին է: Երբ ես դեսպան էի Ինդոնեզիայում, փակում էի Սինգապուրն ու Մալայզիան: Ասեմ, որ բոլորովին կապ չունի հայ համայնք ունենալը դեսպանություն բացելու հետ, թեպետ մենք Ուրուգվայում ունենք աջակից համայնք, չմոռանանք, որ այն առաջին պետությունն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ Արցախի հարցում մեր աջակիցն է եղել, առանց որեւէ քաղաքական դիվիդենտ ակնկալելու: Դեսպանություններ բացելու իմաստը տվյալ երկրների հետ հարաբերություններ հաստատելն է` տարբեր ասպեկտներում, այդ թվում` տնտեսական հարցերում: Ի դեպ, անգամ պետության փոքր եւ մեծ լինելը կարեւոր չէ այս դեպքում, մենք թեպետ փոքր երկիր ենք, սակայն մեծ սփյուռք ունենք ողջ աշխարհում»:
Կարծիքներ