Заяц-Волк կոմբինացիան շարունակվում է․ ո՞ւմ է մեղադրում Մոսկվան 

Заяц-Волк կոմբինացիան շարունակվում է․ ո՞ւմ է մեղադրում Մոսկվան 

Վերջին շրջանում հայ-ռուսական ոչ հարթ հարաբերությունների ֆոնին պաշտոնական Մոսկվան հերթական հայտարարություն է արել, որով «յուղ է լցրել» առանց այն էլ թեժացող կրակին։

«Ի տարբերություն դրսի ուժերի, որոնք սահմանափակվում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված կոչերով, ռուսական կողմը փնտրում է իրական լուծում և իրականացնում է հումանիտար աջակցություն»։ 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի 47-օրյա շրջափակմանը՝ այս մասին ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով, Լաչինի միջանցքի լիակատար ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարության հիմքով Ռուսաստանը դիմում է Բաքվին ու Երևանին՝ կոչ անելով քաղաքական կամք ցուցաբերել և լուծել հակասությունները։

Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցում նորություն չէ, պարզապես օրինաչափություն է դառնում խորհրդային հայտնի «Դե սպասիր» մուլտֆիլմի հայտնի դրվագներից մեկը՝ Заяц-Волк կոմբինացիայով, որտեղ ռոբոտացված նապաստակը շարունակ նույն բանն է պնդում։

Մոսկվայում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում «օտար ուժերի» հետ կապված խանդի տեսարանի հերթական դրսևորումն եղավ նախօրեին։ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց կապված ԵՄ-ի՝ հայ-ադրբեջանական սահմանին երկամյա քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշման հետ։ 

«ԵՄ դիտորդների հայտնվելը կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել հարավկովկասյան տարածաշրջան»,-հայտարարեցին ՌԴ ԱԳՆ-ում և ընդգծեցին, որ ռուսական խաղաղապահ զորախումբը կարձագանքի ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով տեղում իրավիճակի զարգացումը։

«Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստան ուղարկել Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելություն՝ երկու տարի ժամկետով։ ԵՄ ներկայության կոնկրետ պարամետրերը կորոշվեն մոտ ապագայում։ Բայց արդեն ակնհայտ է, որ այն ավելի հավակնոտ է լինելու, քան ԵՄ մոնիտորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործել է անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։ Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի համախմբման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Եթե Բրյուսելը անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա նրանք կհամաձայնեին Ադրբեջանի հետ իրենց առաքելության աշխատանքի պայմանների շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված մեկնաբանության մեջ։

Մոսկվայում ընդգծել են նաև, որ Երեւանում, առանց իր տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի․ «Եթե հայ դաշնակիցները շահագրգռված մնան օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա կազմակերպության առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում»։

ՀԱՊԿ-ից լրջագույն դժգոհություններ ունեցող Հայաստանի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը։ Ադրբեջանի կողմից 2022 թ․ սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումից, իսկ դեկտեմբերի 12-ից՝ Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Երևանը մշտապես ակնարկել կամ ուղիղ տեքստով հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից լուրջ գնահատական ու գործնական քայլեր է ակնկալում։ Մինչդեռ կազմակերպությունում և Ռուսաստանում ձեռնպահ մնացին որևէ գործողությունից՝ դարձյալ մեղադրելով հայկական կողմին Բաքվին գնահատական տալու պահանջի համար։ 

Ավելին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ, Հայաստանի նախաձեռնության հրավիրված ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում մեղադրեց Փաշինյանին և հորդորեց լեզու գտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Իսկ Բաքվի բռնակալի լեզուն հայտնի է՝ սադրանք, շանտաժ, ահաբեկում և շարունակական տարածքային պահանջատիրություն։ Ի՞նչ է ստացվում, Ռուսաստանը և նրա մերձավորագույն ու թերևս միակ իրական դաշնակից Բելառուսը Հայաստանին հորդորում են լեզու գտնել հենց այդպիսի՞ Ադրբեջանի հետ․․․

Արա Ալոյան