«Հրապարակին» են դիմել Էջմիածնի Վիկտոր Համբարձումյան փողոցի 2-րդ փակուղու բնակիչները՝ բողոքելով անտերության մատնված իրենց վիճակից։ Ասում են՝ համայնքապետարանը հունիս ամսից իրենց փակուղու կիսատ-պռատ ասֆալտը քանդել է, որ նորն անի, բայց մինչև այսօր ոչինչ չի արել։ Դժգոհում են համայնքի ղեկավարության անտարբերությունից։ Ասում են՝ ոչ գալիս են, ոչ հետաքրքրվում․այնպիսի տպավորություն է, ասես՝ քանդել ու մոռացել են։ Մի քանի անգամ բնակիչներն են գնացել համայնքապետարան, բայց ղեկավարի մոտ բարձրանալ չեն կարողացել։
«Հենց ներքևից ճանապարհ են դնում, չեն էլ ուզում լսել՝ ինչի համար ենք գնացել։ Ուրախություններս կարճ տևեց․ամիսներ առաջ երբ եկան, ասացին՝ ասֆալտ են անելու, չհավատացինք։ Իսկ երբ սկսեցին քանդել, հարևաններով երջանկացանք, աչքալուսանք էինք անում իրար։ Հետո, պարզվեց՝ ջրագծի խնդիր ունենք։ Դա էլ քանդեցին։ Մոտ երկու շաբաթ «խրամատավորված» էինք ապրում։ Բայց լավ է` ջրագիծը մեկ-երկու շաբաթում փոխեցին, փոսերը լցրեցին-գնացին, իսկ ասֆալտը մնաց»,-ներկայացրեց բնակիչներից մեկը։
Նրանց ասել են՝ մինչև ջրագծի հողը «չնստի», ասֆալտ չենք անի։ «Չորս ամիս է անցել, էդ հողը չնստե՞ց։ Թե՞ սպասում են անձրևները սկսեն, որ գան, ջրի վրա ասֆալտ փռեն, փող քերեն։ Նման բան տեսած չկամ, որ ասֆալտը քանդեն 3-4 ամիս չգան, չհետաքրքրվեն․․Ես սկսել եմ ինձ չհարգել, որ հանդուրժում եմ այդ փնթիությունը։ Թե դրա մեջ ո՞նց ենք ապրում, դա էլ ուրիշ պատմություն է։ Ամբողջ ամառն անցավ, փոշու պատճառով չկարողացանք մեր սեփական բակում հանգստանանք։ Փոշու հաստությունը սանտիմետրերով է չափվում։ Իսկ, երեկոները, երբ քամին բարձրանում է, ուղղակի խեղդվում ենք․դռներն ու պատուհանները փակած վիճակում անգամ` տանը նստել չի լինում։ Թաց անձեռոցիկն անընդհատ քթներիս է, որ շնչահեղձ չլինենք»,-ասացին մեզ։
Քամու ժամանակ՝ փոշու, անձրեւին՝ ցեխի մեջ են ապրում քաղաքաբնակները։ Ասում են՝ մեքենան լվանում են, րոպեներ հետո փոշեկոլոլ է լինում, մինչև փակուղուց դուրս են գալիս, քարերի ու կոշտուկների մեջ կոշիկները փչանում են։ «Իսկ թե ինչպես ենք «մարդամեջ» հասնում անձրևոտ օրերին՝ ցեխի միջով, տեսնել է պետք․իսկական տրագիկոմեդիա է»։
Արեգ Մարգարյան