Ի գիտություն Իլհամ Ալիեւի

Ի գիտություն Իլհամ Ալիեւի

ԵՄ արեւելյան գործընկերության երկրների տեսակոնֆերանսի ելույթում Իլհամ Ալիեւը վերստին հղում է արել Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին: Սա ադրբեջանական կողմի դիվանագիտական գլխավոր «հաղթաթուղթն» է, որ Բաքուն մեկնաբանում է յուրովի: Ավելի ճիշտ՝ նենգափոխում, որովհետեւ այդ չորս փաստաթղթերից եւ ոչ մեկը Հայաստանին չի վերագրում Ադրբեջանի տարածքների օկուպացիա, հետեւաբար եւ չի առաջադրում «գրավյալ տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման պահանջ»՝ ինչպես որ ներկայացնում է Իլհամ Ալիեւը:

Վերցնենք, օրինակ, ՄԱԿ-ի ԱԽ թիվ 853 (29 հունիսի1993թ.) բանաձեւը, որի 9-րդ կետում կարդում ենք, որ Անվտանգության խորհուրդը «հետեւողականորեն կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ շարունակելու իր ազդեցությունը գործադրել՝ Ադրբեջանի լեռնային-ղարաբաղյան շրջանի հայերի կողմից թ. 822 (1993թ.)  եւ սույն բանաձեւի դրույթների պահպանման եւ այդ կողմի՝ Մինսկի խմբի առաջարկություններն ընդունելու նպատակով։ 

Եթե Իլհամ Ալիեւը պնդում է, որ ԼՂ կարգավորման իրավական հիմքը ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերն են, ապա հետեւում է, որ բոլոր խնդիրները պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի անմիջական եւ իրավահավասար մասնակցությամբ, քանի որ մեջբերված փաստաթուղթը ԼՂ-ն ճանաչում է որպես հակամարտության ինքնուրույն կողմ, որին Մինսկի խումբն ուղղակիորեն առաջարկություններ է ներկայացնում: Մյուս ձեւակերպումները տվյալ դեպքում ածանցյալ են: Կարեւորը՝ որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը տվել է հակամարտության սուբյեկտի կարգավիճակ, իսկ Հայաստանի կառավարությանը կոչ արել, որպեսզի ազդեցություն գործի՝ Մինսկի խմբի առաջարկությունները ԼՂ հայ բնակչության կողմից ընդունելու նպատակով: Սա է միջազգային ամենահեղինակավոր կառույցի մոտեցումը: Սա է առաջարկում հայկական կողմը՝ կարգավորման բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցություն: Ի դեպ, ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւորում ակնարկ իսկ չկա ԼՂ «ադրբեջանական համայնքի» մասին, ուստի Ադրբեջանը պետք է դիսկուրսից բացառի «միջհամայնքային երկխոսության» թեման: Իլհամ Ալիեւը պատրա՞ստ է այս հիմքով բանակցությունների: