«Ղազագրի» պրոֆեսիոնալը

«Ղազագրի» պրոֆեսիոնալը

ԲՀԿ առաջնորդին վերագրված մեղքերից մեկն ընտրակեղծիքն էր, որն իշխանության կողմից հանրությանը ներկայացվեց այնպիսի բացասական պաթոսով, այնպիսի վերամբարձ ճամարտակաբանությամբ, որ մարդիկ համոզվեցին՝ Ծառուկյանի  ձեռքով դարի կեղծիքն է կատարվել։ ԱԱԾ-ի թույլտվությամբ շրջանառության մեջ դրվեցին «ղազագիր» կոչված ինչ-որ ձեռագիր թղթեր՝ հանրությանն ի տես։ 

Բայց Նիկոլ Փաշինյանն այսօր իր իսկ փորած հորն ընկնելու վտանգի առջեւ է․ հիմա ինքն է ստիպում իր կուսակիցներին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, կոլեկտիվ ղազագիր ստորագրել՝ պատգամավորական մանդատները վայր դնելու, այդ կերպ՝ խորհրդարանն իրավունքի ուժով ցրելու եւ Վահագն Հովակիմյանի ձեռամբ՝ վարչապետի պաշտոնում պաշտոնավարել շարունակելու համար։ Սա իրավական եւ բարոյական առումով որքան անհավանական, Նիկոլի պարագայում, սակայն, միանգամայն հնարավոր է․ ՍԴ-ի վերաբերյալ 2020 թ․ ամռանն իրականացված Սահմանադրության հակասահմանադրական փոփոխությունը՝ վկա։ Օրենքի եւ իրավունքի գերակայության համար «մեռած» վարչապետը (նա 26․01․2021թ․ դատական իշխանության անկախության  վերաբերյալ դասախոսություն է նույնիսկ կարդացել արդարադատության նախարարությունում) նախ մեռցնում է բուն օրենքը՝ Սահմանադրությունը՝ վերջինս դարձնելով այնպիսի անտեր որբի գլուխ, որի վրա նույնիսկ Վ․ Հովակիմյանի նման կիսագրագետ դալլաքն է փորձում իր թերի բարձրագույնը լրացնել՝  իրավաբանության պրակտիկա անցնելով։

ԱԺ ամենակարող դալլաքի նոր  ջանադրությամբ շուտով  ի դերեւ է ելնելու այն գաղափարը, որն ընկած է աշխարհի բոլոր քիչ թե շատ զարգացած երկրների օրենսդրությունների հիմքում՝ իշխանության թեւերի բաժանման, փոխզսպման սկզբունքը։ Եթե ինչ-որ դալլաք կարող է իշխանության մի թեւի՝ գործադիրի պարտադրմամբ փոխել մյուս՝ օրենսդիր թեւի կարեւորագույն դրույթներից մեկը (վարչապետի հրաժարականի սահմանադրական կարգավորումները), եթե օրենսդիր իշխանությունն էլ այնքան անատամ է գործադրվող «գործադիրային» բռնության հանդեպ, որ պատրաստ է հլու-հնազանդ «ղազագրության», ուրեմն ինչո՛ւ ենք մի ամբողջ երկիր ու ժողովուրդ թաղել թյուրիմացության մեջ, թե՝ խորհրդարանական երկիր ենք։ Փաշինյանն ի վերջո խորհրդարանական մեծամասնության դրածո է, եւ եթե նենգափոխելով օրենք ու սահմանադրություն, իր կամքն է թելադրում մեծամասնությանը, ուրեմն ի՛նչ խորհրդարանական երկիր։ Մենք վաղուց հայտնվել ենք սովորական բռնատիրության ճիրաններում։

ՀԳ․ Կստորագրվի՞ կոլեկտիվ «ղազագիրը», կարծում ենք՝ այո, որովհետեւ ստորագրության դրդողը միջպետական ղազագիր ստորագրելու մաստեր-կլաս է ցույց տվել վերջերս։