Ալավերդիում համայնքի ղեկավարին որոշելու է ՀԱԿ-ը․ ում հետ կլինի կոալիցիան

Ալավերդիում համայնքի ղեկավարին որոշելու է ՀԱԿ-ը․ ում հետ կլինի կոալիցիան

Ալավերդի խոշորացվող համայնքում կիրակի տեղի ունեցած համամասնական ընտրությունների արդյունքները բավականին դրամատիկ իրավիճակ են առաջացրել։

Հիշեցնենք, որ այստեղ 4 ուժ էր առաջադրվել՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ի դեմս պատգամավոր Արեն Մկրտչյանի, «Ապրելու երկիրը»՝ Արկադի Թամազյանի գլխավորած ցուցակով, Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանն էլ ՀՅԴ ցուցակն էր գլխավորում եւ ՀԱԿ-ը, որի ցուցակը գլխավորում էր հաշվապահական գրասենյակի ղեկավար Նորայր Գեւորգյանը: Ընտրություններին մասնակից որեւէ կուսակցություն չի հավաքել  «50+» ձայն: 

Ձայների առավելությամբ «Ապրելու երկիր» կուսակցությունն է առաջին տեղում՝ 6791 ձայնով, (48.6 %), երկրորդում՝ իշխանական ՔՊ-ն՝ 6557 ձայնով (47%), երրորդում Հայ Ազգային կոնգրեսն է, որ ստացել է 340 քվե (2.3%),սակայն վերջինս օրենքի ուժով անցնում է ավագանի,  Դաշնակցության քվեների թիվը 316 է (2%)։

Ըստ նախնական հաշվարկի՝ թե ՔՊ-ն, թե «Ապրելու երկիրը» հավասար թվով՝ 12-ական մանդատ են ստացել, սա նշանակում է, որ Ալավերդիում համայնքի ղեկավարին որոշելու է ՀԱԿ-ը, ում հետ կոալիցիա կազմեց, այդ ուժն էլ կստանձնի համայնքի ղեկավարումը։