Էշով Երեւան եկած երիտասարդի տանն էլ հանկարծ «հայտնաբերվեց» մարիխուանա

Էշով Երեւան եկած երիտասարդի տանն էլ հանկարծ «հայտնաբերվեց» մարիխուանա

«Հրապարակի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

- Մեր օրերում զոհվածի ծնողին դատելը, կալանավորելն ու պախարակելը դարձել է սովորական բան: Գարիկ Գալեյանն, ով ունի բազմաթիվ առողջական խնդիրներ այժմ տնային կալանքի մեջ է: Ի՞նչ գնահատական կարելի է տալ այս երևույթին:

-Եթե զոհվածի հայրը իսկապես հանցագործություն կատարած լիներ, ապա միայն կարող էինք խոսել, որ դատարանը հաշվի առներ մեղադրյալի զոհվածի հայր լինելու հանգամանքը և հնարավորինս մեղմ պատիժ տար։ Սակայն, տվյալ դեպքում, մենք գործ ունենք, ներեցեք, նողկալի վրեժխնդրության, ինչպես նաև տարրական գթասրտության բացակայության  հետ։ Վարչապետ կոչեցյալի ցանկությունն է, որ պատերազմում զոհված, անհետ կորած, նաև գերիների ծնողներն ու հարազատները ոչ միայն իրենից պահանջներ չներկայացնեն, այլև իրենց հնազանդությունը հրապարակային ցուցադրեն, ինչպես ոմանք, իմ համոզմամբ, որոշակի գումարի դիմաց։ Իսկ Գարիկ Գալեյանը չէր հաշտվում իրավիճակի հետ և պայքարում էր իր  որդու և մյուս զոհվածների հիշատակի համար։

-Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էլ դատարանի դահլիճում մահացավ: Ո՞րն է այս իշխանության ուզածը:

-Ինչպես Գարիկ Գալեյանը, այնպես էլ Արմեն Գրիգորյանը, ընդդիմանում էր Արցախն ուրացած իշխանությանը։ Եվ ինչպես Արմեն Գրիգորյանի, այնպես էլ Գարիկ Գալեյանի դեպքում, վարչապետ կոչեցյալը հանձնարարեց իր գրպանային իրավապահ մարմիններին գործեր սարքել և մեղադրանքներ առաջադրել։ Արմեն Գրիգորյանի ողբերգական մահը վարչապետ կոչեցյալի և նրան հպատակ քննիչ-դատախազ-դատավորի խղճին է։ Իսկ վարչապետ կոչեցյալի նպատակը, անխտիր բոլորին հպատակեցնելն է։ Սա տիպիկ բռնապետական հոգեբանություն է։

-Ասում են` Գալեյանը մարիխուանա է օգտագործել դրա համար են կալանավորել: Ի՞նչ եք կարծում դա՞ է հիմնական պատճառը:

- Այս հնարովի մեղադրանքն ինձ հիշեցրեց իջևանցի երիտասարդին, ով էշով եկել էր վարչապետ կոչեցյալին ծաղրելու նպատակով։ Եվ ահա` նրա տանը, խուզարկության արդյունքում, նույնպես մարիխուանա «հայտնաբերվեց»։ Բացառվում է, որ իշխանության դեմ պայքարող մարդիկ իրենց ապրելակերպում լինեն խոցելի․ նարկոմաններ։ Ինչպես ասում են, իրավապահները «պլանը գցել են նրանց ջեբը»։

-Իշխանական շրջանակները պնդում են, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: 

-Հիշենք Օրուելի «Անասնաֆերման»՝ «բոլորը հավասար են, բայց խոզերն ավելի հավասար»։ Օրինակները բազմաթիվ են իշխանության ներկայացուցիչների կողմից հանցագործություններն անպատիժ մնալու և շինծու գործերով ընդիմադիրներին կալանավորելու դեպքերով։ Միայն ոստիկանության վայրագությունները, ոստիկանական բաժանմունքներում փաստաբանների ծեծը մի կողմից և Գարիկ Գալեյանի կալանքը` մյուս կողմից, կարծում եմ բավարար են։

- Բայց անգամ առողջական լուրջ խնդիրները չե՞ն կարող այս իշխանության վրեժխնդրությունը նվազեցնել: Մարդը սրտի կաթվածով հայտնվել է հիվանդանոցում եւ վիճակն այնքան ծանր է, որ անգամ վիրահատություն չեն անում:

-Եվ ի՞նչ, կարծում եք, դա կփոխի՞ նրա հանդեպ վերաբերմունքը։ Համոզված եմ, որ ոչ։ Ինչպես նշեցի, վարչապետ կոչեցյալը զուրկ է տարրական մարդասիրությունից, խղճից, գթասրտությունից։ Իսկ նրան հլու-հնազանդ իրավապահները՝ «ընտանիք են պահում»։