Քողազերծում

Քողազերծում

Վարագույրն ընկնում է, եւ շատ երեւույթների էությունը բացվում է մեր առաջ։ Օրինակ, արդեն հասկանալի դարձավ, որ ՔՊ-ական իշխանությունը քայլ առ քայլ ոչնչացրեց հայկական բանակը եւ բանակին ուղղվող պատկառելի միջոցներն սկսեց ուղղել ոստիկանությանը, քանի որ պատերազմից հետո որոշեց, որ ոչ թե ՀՀ սահմաններն է պետք պաշտպանել, այլ՝ կառավարական առանձնատունն ու շենքերը։ Չէ՞ որ Փաշինյանի իշխանության թշնամիները ոչ թե մեր սահմանների այն կողմում են, այլ հենց երկրի ներսում՝ Հայաստանում, ի դեմս ընդդիմության։ Եվ եթե բանակում կռվողներին այդքան չէին վարժեցնում հակառակորդին մորթել-փրթելու ոգով, ապա ոստիկանությանը հենց դա են սովորեցնում՝ ջարդել-փշրել-խեղել ու նվաստացնել ընդդիմությանը։ Սովորեցնում են ատել փողոց ելած մարդկանց, ինչպես նրանց ատում է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Հասկանալի դարձավ, որ մեր երկրի վաղեմի թշնամիների ու բարեկամների շահերն այսօր համընկնում են, նրանք բոլորն ուզում են Հայաստանը կապիտուլացված, թուլացած, հանձնված տեսնել։ Նրանց բոլորովին չի հուզում հադրութցու եւ շուշեցու, կապանցու եւ մեղրեցու, վարդենիսցու եւ նոյեմբերյանցու ճակատագիրը։ Ֆրանսիայի ու Նիդերլանդների նախագահների համար ի՞նչ տարբերություն՝ Տիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքո՞ւմ կլինի, թե՞ անունը Քյարքի կդնեն ու կհանձնեն ադրբեջանցուն։ Նրանք ինչո՞ւ պետք է մտահոգվեն, որ մեր սահմանամերձ գյուղերում կրակում են, եւ մենք զոհեր ունենք։ Նրանց համար մի հայ ավել, մի հայ պակաս՝ ոչ մի նշանակություն չունի։ Ինչպես նշանակություն չունի, թե մեր սահմանները որտեղով են անցնում, եւ, առհասարակ՝ Հայաստան պետություն քարտեզի վրա կա՞, թե՞ այն Թուրքիայի մի վիլայեթ է։ Նույնն էլ Ռուսաստանի դեպքում է։ Ուստի այսօր բոլորին ձեռնտու է Նիկոլ Փաշինյան վարչապետը։