Ամաչում եմ, որ այսպես ոչխարի հոտի նման դիտում ենք` ինչ է կատարվում

Երկու տարի առաջ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որն ազդադարում էր Արցախում Ադրբեջանի նախահարձակ պատերազմական գործողությունների հրադադարի մասին հայտարարություն։ Հիշեցնենք, որ այդ հայտարարության ուշագրավ կետերից մեկն այն է, որ կողմերը կանգնում են այն կետերում, որտեղ այդ պահին ավարտվել է պատերազմը։
2020 թվականի նոյեմբերի 9-ից անցել է երկու տարի։
«Հրապարակը» զրուցեց Արցախյան պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրիկի՝ Նաիրա Մելիքյանի հետ։
- Պատերազմը տառապանք բերեց բոլորիս, ձեր կյանքը ինչ որ կերպ վերադարձե՞լ է բնականոն հուն։
- Ես ամեն օր ապրում եմ ոնց որ երազում, մի փոքր ինձ հանգստություն է բերում քնի ժամը… դա էլ անհասկանալի է, թե ոնց եմ քնում, որովհետև այդ ընթացքում կարծես նորից ընկնում եմ իմ նախկին կյանքի մեջ, հետո առավոտյան աչքերս բացում եմ, նկարին նայում եմ, նորից առերեսվում եմ իրականությանը և որևէ կերպ չեմ կարողանում հավատալ, որ սա է իրականությունը։ Սարսափելի է, որովհետև որդուս մասունքները, նաև իրենց հետ ամբողջ խմբի մասունքները մինչ օրս ամբողջությամբ չեն վերադարձրել... ու այսպես անսահման ամեն օր սպասում ենք, աղոթում ենք, որ նոր զոհեր չունենանք։ Որովհետև տեսնում ենք սրանց քաղաքականությունը, որովհետև մեր տղաներին որպես մսացու են օգտագործում։
- Ձեր տղայի ծառայությունից ի՞նչ կպատմեք։
- Տղաս բանակ է մեկնել ծառայության 2019 թ. հուլիսի 25-ին, պատերազմի պահին արդեն 14 ամսվա ծառայող էր, հրետանավոր էր, ծառայում էր Ստեփանակերտում՝ Ցորում և փաստորեն ամսի 27-ից սկսած ներառյալ մինչև հոկտեմբերի 12-ը իրենք շատ ակտիվ մասնակցվել են բոլոր գործողություններին, եղել են տարբեր տեղերում՝ ներառյալ Ջրականում, հետո հետ են քաշվել Հադրութ և այդ սարսափելի դիվերսիոն գործողությունն արդեն տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին՝ Հադրութ- Ֆիզուլի հատվածում Ջուվառլու տեղանք կա։ Կոնկրետ իրենց մարտկոցի ոչնչացումը տեղի է ունեցել հրամկազմի խայատառակ հրամանների, ես կասեի միտումնավոր, դավաճանական գործողություններին արդյունքում, քանի որ տեղում գտնվող սպայական կազմը հասկացել է, որ Հադրութն արդեն հանձնված է, որ այնտեղ դիվերսիոն խմբեր են վխտում և այնտեղ ամեն կերպ փորձել են հրամկազմին համոզել, որ իրենց առաջնագծից առաջ գնալն անիմաստ է, որ դա բերելու է զոհեր, բայց տարբեր սպառնալիքների պատճառով գնացել են և ընկել են դիվերսիոն խմբի շրջափակման մեջ: Ավելին, Ջալալ Հարությունյան կոչվածը հրամայել է. «Մերոնք են՝ չկրակեք», և արդեն թշնամին այնքան է մոտեցել դիրքերին, որ այլընտրանք չի մնացել, երեխաներն իհարկե մինչև վերջ կռվել են, բայց զոհվել են բոլորը։
- Ինչո՞ւ եք վստահ, որ դիտավորյալ են նման հրամաններ տվել։
- Ես ինքս դեռ 2020 թ. դեկտեմբերին քրեական գործ եմ հարուցել իմ երեխայի զոհվելու դրվագով։ Իմ երեխային վրաերթի են ենթարկել փախուստի դիմող սպայական կազմը և այսպես երեխայիս թողել են՝ ոտքերը կոտրված, թեև ինքը նույնիսկ այդ վիճակում մինչև վերջ կռվել է։ Այս մասով քրեական գործ է հարուցվել, իսկ հետո արդեն մեր Ցորի ամբողջ խումբը քրեական գործ հարուցեց և այդ գործը հիմա ընթացքի մեջ է, այդ գործի շրջանակներում կա մեկ ձերբակալված՝ իրենց հրետանային դիվիզիոնի շտաբի պետը։ Մեղադրանք էառաջադրվել նաև մեր գործով Ջալալ Հարությունյանին, ցավոք նրան չեն ձերբակալել՝ իբր առողջական խնդիրների պատճառով։ Ինչո՞ւ եմ ես համոզված, որ այդ արհավիրքը եղել է հրամկազմի խայատառակ հրամանների պատճառով, քանի որ կարդացել եմ այդ գործի 6 հատորյակը և ամեն տեղ կարմիր թելի նման անցնում է դավճաանոության, միտումնավոր սպանդի գիծը, տրամաբանությունը։ Կասկած չունեմ և քանի որ գաղտնիք հանդիսացող բազմաթիվ դրվագներ կան, որոնք չեմ կարող բարձրաձայնել, բայց կոնկրետ Ցորի մասով կարելի է ասել ապացուցված է, որ այդ դեպքը տեղի է ունեցել հենց հրամկազմի անփութության և սխալ հրամանների հետևանքով։ Իհարկե, չգիտեմ՝ արդարադատություն կկարողանանք ամբողջությամբ իրականացնել, թե ոչ, քանի դեռ այս խունտան իշխանության է: Իհարկե իրենք ամեն կերպ պետք է փորձեն կասեցնել, քանի որ դրա արդյունքում կբացահայտվեն այնպիսի դրվագներ, որ կոնկրետ գլխավոր գերագույն հրամանատար կոչվածը, որը համար մեկ մեղավորն է, համար մեկ կազմակերպիչն է այս ամենի, նաև իր իրական դեմքը կբացահայտի՝ բնականաբար իրենք ամեն ինչ անում են, խոչընդոտում են, գործը շատ դանդաղ է ընթանում։ Արդեն 2 տարի է գնում գործը, ընդամենը մեկ ձերբակալված ունենք, բայց ամենակարևորն այն է, որ մենք շատ հետևողական ենք և այդ ձգձումները, խոչընդոտների ստեղծումը մեզ չի կարող կանգնեցնել, մենք շարունակելու ենք պայքարը, մինչև որ բոլորը կստանան իրենց պատիժը։
- 44-օրյա պատերազմից անցել է երկու տարի։
- Նոյեմբերի 9-ից երկու տարի է անցել ու մենք տեսնում ենք, որ Փաշինյան կոչվածի խաղաղության դարաշրջանը որևէ կերպ չի մոտենում, չի իրականանում, ճիշտ հակառակը՝ մենք ունենք նոր տարածքային կորուստներ, նոր զոհեր, նոր անհետ կորածներ և այսպես գլխիկոր, մենք մեր արժանապատվությունը կորցրել ենք, ինչ-որ տեղ ամաչում ենք, որ մենք հայ ենք, որ այսպես ոչխարի հոտի նման ուղղակի դիտում ենք` ինչ է կատարվում և չենք կարողանում փաստորեն սրանց հեռացնել։ Ցավալի է, որովհետև ես նաև հասկանում եմ, որ ժողովուրդը սարսափելի դեպրեսիվ վիճակում է և դրան նպաստում է այն, որ սրանք ամեն օր անում են նոր գործողություններ, որպեսզի ժողովուրդը չկարողանա ուշքի գալ, գլուխը բարձրացնել, դա էլ իրենց սարսափելի ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է, բայց չգիտեմ, ես հավատում եմ, որ ժողովուրդը պետք է սթափվի, քանի որ հետևանքները հետո կլինեն ուղղակի անդառնալի։
- Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղությանը չե՞ք հավատում։
- Իհարկե ոչ, ես, ի տարբերություն մեր ժողովրդի այն հատվածի, որ հիշողության խնդիր ունի, շատ լավ գիտեմ, թե թուրքերը քանի անգամ են այդ նույն խաղաղության անվան տակ մեզ մորթել։ Երիտթուրքերը նույն լոզունգներով դեռ 100 տարի առաջ իրականացրեցին Ցեղասպանություն և հավատալ թուրքի հետ բարեկամությանը՝ դա անմեղսունակություն է։ Բացի այդ, այն քայլերը, որ իրենք անում են՝ այսինքն, դրանք որևէ արժանահավատություն, որ հնարավոր է խաղաղություն, չեն ներշնչում, քանի որ իրենք խաղաղության լոզունգի տակ շարունակում են մորթել մեր երեխաներին: Մենք տեսել ենք սարսափելի տեսարանները, ամեն օր հոխորտում են, ամեն օր նոր սպառնալիքներ են հնչեցնում և բնականաբար հավատալ նրանց հետ բարեկամությանը՝ դա հիմարություն է։ Որևէ կերպ չեմ հավատում, դրա համար որևէ նախադրյալ չկա։ Մենք պետք է պատմությունից դասեր քաղենք ու հասկանանք, որ իրենք մեզ ոչնչացնելու առաքելություն ունեն միայն, իրենց խաղաղության կոչերը ընդամենը մեզ թմրեցնելու միջոցներ են, ոչ այլ ինչ։
- Ձեզ համար ընդունելի՞ է Արցախը Ադրբեջանի կազմում, թեկուզ մշակութային ինքնավարություն ունեցող մարզի կարգավիճակում։
- Արցախը ինձ համար միշտ թանկ է եղել, բայց կոնկրետ իմ երեխայի զոհվելոց հետո այդ հողը նաև իմ երեխայի արյամբ է հիմա ներկված, դրա արժեքը ինձ համար դարձել է ուղղակի անգնահատելի։ Բացի այդ, բազմից խոսել ենք՝ չկա Արցախ՝ չկա Հայաստան, դրանք ընդամենը բառեր չեն։ Ինչ վերաբերում է նրան, թե ես պատկերացնում եմ արդյոք Արցախի ինքնավարություն` Ադրբեջանի կազմում, իհարկե, ոչ, քանի որ մենք նորից՝ բազմիցս տեսել ենք, թե ինչպես են Նախիջևանը հայաթափել ու ոչ միայն նախիջևանը։ Մենք հիշում ենք Բաքուն, Սումգայիթը, հիշում ենք մեր ահռելի հայ բնակչությունը, որից հիմա հետք էլ չի մնացել։ Չգիտես ինչու, երբ մեր իշխանությունները խոսում են ադրբեջանցի փախստականների մասին, որևէ մեկը չի բարձրացնում այդ հարցը, թե ո՞ւր են Բաքվի, Սումգայիթի հայերը, ո՞ւր է նրանց գույքը, նրանց հետ կապված հարցերը ո՞նց պետք է կարգավորվեն, Արևմտյան Հայաստանի հայությունը և այլն։ Այսինքն, մենք գիտենք, թե ինչ է նշանակում ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Նրանք ամեն ինչ անելու են, որ մարդիկ կամ բռնագաղթեն կամ զոհվեն, ես դրան չեմ հավատում։
- Մարդկանց մի խումբ կա, որ ասում են՝ ռևանշ լինելու է։ Հավատո՞ւմ եք դրան։
- Այո, ես հավատում եմ, որ ռևանշ լինելու է, քանի որ այս իրավիճակը, որ ստեղծվել է, դա պարտադրում է, որ լինի ռևանշ։ Հիշենք, որ Արդբեջանն այսօր մեր ինքնիշխան տարածքում է, բոլոր նրանք ովքեր մտածում էին, որ Արցախը կտան ու դրանով խաղաղ կապրեն՝ փաստորեն չէին պատկերացնում իրականությունը։ Իհարկե, ռևանշ լինելու է, քանի որ այսպես մենք չենք կարող ապրել։ Թշնամին այնքան է առաջ եկել, այնպիսի դիրքեր է գրավել, որ բոլոր կողմերում՝ լինի Գեղարքունիք, Տավուշ, Սյունիք, Արցախ, մեր բոլոր բնակավայրերը թշնամու նշանառության տակ են, մենք ամեն օր լրահոսին հետևելով տեսնում ենք, որ նրանք նորից կրակում են և, ցավոք սրտի, մեզ այլընտրանք չի թողնվում։ Ռևանշ լինելու է և հուսով եմ, որ այդ ռևանշից հետո նորից չենք ցուցաբերի մեր նախկին անխոհեմությունը և ամեն բան կանենք, որ ինչ ձեռք ենք բերել, դա աչքի լույսի նման պահենք-պահպանենք, որպեսզի նոր զոհեր, նոր զոհաբերություններ չլինեն «հանուն ոչնչի»։
Կարծիքներ