Վրաստանում հողն այրվում է նրա ոտքերի տակ. Սաակաշվիլին՝ Իվանիշվիլիի մասին

Վրաստանում հողն այրվում է նրա ոտքերի տակ. Սաակաշվիլին՝ Իվանիշվիլիի մասին

Վրաստանի Հանրապետության նախկին նախագահ, վրացական «Միասնական ազգային շարժում» կուսակցության համահիմնադիր, Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին ղեկավար, ուկրաինաբնակ քաղաքական գործիչ Միխեիլ Սահակաշվիլիի կարծիքով՝ «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համահիմնադիր և նախկին նախագահ, Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականությունից հեռանալու որոշումը կապված է Ամերիկայի Միացյալ Նահանգների, այդ թվում՝ 2020 թվականին նոյեմբերի 3-ին նախագահական ընտրություններում պարտված նախագահ, Հանրապետական Դոնալդ Թրամփի հետ:

Ըստ վրացական «Նովոստի-Գրուզիա» լրատվամիջոցի հաղորդմամբ (12.01.2021)՝ Սաակաշվիլին ասել է վրացական «Պիրվելի» հեռուստաընկերությանը:

«Ես հաստատ գիտեմ, որ նա [Իվանիշվիլին] ամերիկացիներին և բոլորին խոստացավ, որ, եթե ցանկանում եք, ես ժամանակավորապես կմեկնեմ Ֆրանսիա կամ կգամ Ամերիկա և ժամանակավորապես այնտեղ կլինեմ: Քանի որ բոլորը գիտեն, որ նա ֆինանսավորել է Թրամփի քարոզարշավը տարբեր լոբբիստական ​​խմբերի միջոցով, և այժմ նա շատ է վախենում այս փաստից: Նա վախեցած է նաև այն շատ ծանր թվերից, որոնք նրանք [«Վրացական երազանքը»] ստանում են շաբաթական [հասարակական կարծիքի] հարցումներում: Նա գիտի, որ Վրաստանում հողն այրվում է նրա ոտքերի տակ», - նշել է Սաակաշվիլին:

Նրա տեղեկություններով՝ մի քանի ամիս առաջ Իվանիշվիլին մոտ է եկել Վրաստանից ԱՄՆ դեսպանը: Հանդիպմանը, ըստ ըստ ուկրայինաբնակ քաղաքական գործչի, միլիարդատիրոջ առջև ներկայացվել է մի պայման՝ «Իվանիշվիլին պետք է հեռանա քաղաքականությունից»: Սաակաշվիլին նաև շեշտել է, որ այդ ընթացքում «Ամերիկան ​​պատժամիջոցներ կիրառեց մոլդովացի օլիգարխ Պլահոտնյուկի դեմ»:

«Ուստի Իվանիշվիլին դա խոստացավ ամերիկացիներին, քանի որ նրա ակտիվների մի մասը գտնվում է ԱՄՆ-ում, և նա վախենում է, որ իր հետ չվարվեն ինչպես Պլահոտնյուկի դեպքում, որի ակտիվները սառեցվել էին: Նա այս խոստումը տվեց ինչ-որ տեղ, ինչպես ես եմ հասկանում, սեպտեմբերին կամ օգոստոսին, և ես հաստատ գիտեմ, որ այդպես էր», - ընդգծել է Վրաստանի նախկին նախագահը։

Գործարար Իվանիշվիլին քաղաքականություն էր մտել 2011 թվականին՝ ստեղծելով «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան, որով հաղթել է 2012-ի Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ու գլխավորել Վրաստանի նախարարների կաբինետը: 2013-ին՝ նախագահական ընտրություններում Գիորգի Մարգվելաշվիլիի հաղթանակից հետո, Իվանիշվիլին հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից  ու հեռացել կուսակցության նախագահությունից՝ պաշտոնապես հեռանալով քաղաքականությունից:

2018 թվականի մայիսի 11-ին Իվանիշվիլին վերընտրվել էր «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնում: Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ քաղաքականություն վերադառնալու որոշումը բավականին բարդ է եղել և իր ծրագրերի մեջ չի մտել: Իսկ որպես վերադարձի հիմնական պատճառ նշել էր՝ «Վրաստանն է, վրացի ժողովուրդը, նրա բարեկեցությունը և արժանի ապագան»:

2021 թվականի հունվարի 11-ին Իվանիշվիլին հայտարարել է, որ իր «առաքելությունն ավարտված է», և նա ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից: «Ես հեռանում եմ քաղաքականությունից հպարտ, հաղթական և ժողովրդին երախտապարտ», - գրել է Իվանիշվիլին բաց նամակում, որը հրապարակվել է կուսակացության կայքում։