Ռուսաստանը Զանգեզուրով ստացավ ճանապարհ դեպի Չինաստան. խաղաղապահները՝ որպես «կլյուչնիկ».

Ռուսաստանը Զանգեզուրով ստացավ ճանապարհ դեպի Չինաստան. խաղաղապահները՝ որպես «կլյուչնիկ».

Այսօր հայկական Սյունիքը ավելի թեժ գոտի է, քան նույնիսկ Մերձավոր Արևելքը, որտեղ բախվել են տասնյակ երկրների շահեր թե նավթի ու գազի և թե դրանց տարանցիկության հետ կապված: Այս տեսակետը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց ռազմական փորձագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:

Վերջին շրջանում նա խորացել է քաղաքագիտական վերլուծությունների մեջ, և եկել է եզրահանգման, որ այն, ինչ կատարվեց Զանգեզուրում, թելադրված է առաջին հերթին ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի տնտեսական և քաղաքական հետաքրքրություններով: 

«Ներկայում Մերձավոր Արևելքից, Թուրքիայից բեռները դեպի Հեռավոր Արևելք, դեպի Չինաստան, Հնդկաստան ու Պակիստան են գնում Իրանի տարածքով: Իրանը դրանցից մեծ շահույթներ է ստանում, ինչի մասին հաճախ նշում են ռուսական քաղաքական վերլուծաբանները: Այժմ ստեղծվում է նոր ճանապարհ, Սյունիքով, որը հսկելու է Ռուսաստանը: Հենց Ռուսաստանն է բացել Սյունիքի տարածքում հողերի վերաբաշխման խնդիրը, միայն մի նպատակով՝ Սյունքի միջանցքում իր ռազմական կետերը տեղադրելու համար», - նշում է փորձագետը: Պուտինին նա վերագրում  է «գողական» աշխարհում տարածված «կլյուչնիկի» դերը, որը ում ուզում  է «պռախոդ» է տալիս:

«Չեմ կասկածում, որ Պուտինը լավ գիտի «պռախոդ» ու «կլյուչնիկ» հասկացությունները: Այսինքն, դու եթե գաղութում նստած ես ու «պռախոդ» չունես ինչ որ տարածքով անցնելու ու քո մահճակալին հասնելու, չես կարող անցնել, դու տեղ չես ունենա այդտեղ: Ռուսաստանը հատուկ է մոտեցրել հայկական ու ադրբեջանական դիրքերը իրար, կտրել է արհեստականորեն, տրամադրել է Ադրբեջանին հատվածներ, որոնք վերջինս իր երազում էլ չէր տեսնի և մեծ հաշվով դրանք Ադրբեջանին պետք էլ չեն, որովհետև չէ որ դրանք պետք է կարողանալ պահել: Եթե մենք ասում ենք, որ հայկական սահմանը Ադրբեջանի հետ մի քանի անգամ մեծանում է բոլոր մասերում՝ Ջերմուկում, Վայքում և այլն, պետք է հասկանանք, որ նույնը Ադրբեջանի համար է: Հիմա Ռուսաստանը ոչ Հայաստանին է թույլ տալիս, իր սահմանները նորմալ պահել, ոչ էլ Ադրբեջանին: Բայց Ադրբեջանը չի կարող հրաժարվել դրանից, որովհետև ինչպես Փաշինյանն է այսօր զրո ղեկավար, այդպես էլ Ալիևն է զրո», - նշում է Ռուբեն Մարտիրոսյանը:

Իսկ ի՞նչ ունի Հայաստանը այս նոր ճանապարհից, բացի սահմանը պահելու ծախսերից: «Փաշինյանին հրամայվել է, փաստորեն, վեր ընկնել տեղը ու ձենը կտրել: Հատուկ պետանվտանգության աշխատակիցներ ուղարկել Սյունիք, որ չխոչընդոտեն անհեթեթ բաժանումներին: Ռուսական պահակակետերը պետք է գան Մեղրիից Գորիս, ամբողջ Զանգեզուրով պետք է անցնեն, և այսօրվա դրությամբ ՌԴ-ի համար բացարձակ կարևոր չեն ոչ Ղարաբաղը, ոչ էլ Հայաստանը: Նրանց պետք է Զանգեզուրը: Այս պահակակետերը տեղադրելուց հետո Թուրքիայի հետ պայմանավորվածությամբ Թուրքիայից եկող բեռնատարները, որոնք գալիս էին Մերձավոր Արևելքից և Թուրքիայից, կանցնեն Զանգեզուրի տարածքով: Ռուսները նույնիսկ բաց տեքստով ասեցին, որ եթե մենք ենք այդ դարպասները հսկում, ապա եկամուտն էլ մեզ է գալիս: Դառնում է «պռախոդ»: Խաղաղապահներն էլ որպես կլյուչնիկ, եթե որևէ մեկը որևէ կողմից սխալ անի, վզին կտան անմիջապես: Այսինքն, Նիկոլը ոչինչ չի կարող անել,  իրեն չեն էլ հարցնում, ու գուցե, չի էլ հասկանում, թե ինչ են անում»: 

Ճանապարհի անվտանգության հարցն ինչպե՞ս է լուծվելու: Այսօր դեռ մարդկանց զգուշացնում են, որ արագ անցնեն այդ տեղերով, առևանգումներ, բանդիտիզմ չի՞ լինի: Ռուբեն Մարտիրոսյանը կարծում է, որ նման միջադեպեր չեն լինի, քանի որ դրանք Ռուսաստանին ձեռք չեն տալիս:

«Օրական համարյա հազար բեռնատար է գնում դեպի հեռավոր Արևելք, և հակառակը՝ Հնդկաստանից, Չինաստանից դեպի Մերձավոր Արեւելք: Ռուսներին պետք է այդտեղ հանդարտություն, որ ինքն իր բիզնեսն անի, ու հաշվի առեք, ոչ թե Հայաստանն է փող աշխատելու, այլ Ռուսաստանը, մուտքն ու ելքը նրա ձեռքին պետք է լինեն»: Մարտիրոսյանը կանխատեսում է, որ Զանգեզուրի ճանապարհի վրա վերահսկողություն սահմանելու արդյունքում Ռուսաստանի դերը տարածաշրջանում կտրուկ բարձրանալու է, սակայն լարվելու են Իրանի, Չինաստանի հետ  հարաբերությունները: «Իրանին լրիվ ֆուկ են անում: Սա մի մեծ վտանգ է, որ այո, դա Իրանին ձեռք չի  տալիս, ձեռք չի տալիս Չինաստանին: Ռուսաստանը սրանով դառնում է գերհզոր ռազմական պետություն, և իր քայլերով  ՌԴ-ն Թուրքիային մտցնում է կարևորագույն երկրների շարքը: Որ Էրդողանն ու Պուտինը իրար գովում էին, հենց այս մասին էր խոսքը: Ռուսաստանի այս քայլը քյանդրբազություն է: Իմ կարծիքով այս խաղը Թուրքիայի հետ վատ ավարտ է ունենալու»: