Մեր պետության ղեկին այս մարդիկ են, իրենց գնացել ու ընտրել է ժողովուրդը

Մեր պետության ղեկին այս մարդիկ են, իրենց գնացել ու ընտրել է ժողովուրդը

Օրերս գրել էինք, որ Կարեն Դեﬕրճյանի անվան մարզահաﬔրգային համալիրում տեղի է ունեցել Յունայթեդ Ռոտարի ակումբի գրանցման միջոցառումը։ «Հրապարակը» պարզել էր, որ «Ռոտարի» ակումբի անդամների թվում է նաեւ «Շարմ հոլդինգ» ընկերության համահիմնադիր, դերասան, պրոդյուսեր, մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, ինչպես ընկերներն են ասում` Կզոն։ Նրանից հետաքրքրվել էինք, թե ի՞նչն է իրեն մոտիվացրել, որ դառնա մի ակումբի անդամ, որի անունը կապվում է մասսոնների հետ։

«Ինձ մոտիվացրել է ակումբի մեծ «նեթվորքինգը», որը շատ մեծ հնարավորություններ ունի, ու կարծում եմ, որ այսպիսի պլատֆորմաները օգտագործելը լավ հնարավորություն է տալիս Երեւանի համար լավ գործ անելու»։ Կարեն Ղազարյանն ասում է՝ ինքը փող ունի, բայց հասկանում է, որ միայնակ չի կարող ոչ մի բան անել։ «Իմ եղած գումարի չափով ինչ-որ մի բան ուզում եմ անեմ, ու եթե մարդիկ կպնեն էս գործին` շատ լավ կլինի, կկարողանանք այնպիսի հարցեր լուծենք, որ պետությունը ժամանակ կամ հնարավորություն չունի։ Բազմաթիվ խնդիրներ կա, եթե կարանք ինչ-որ մի բան անենք ու թեթեւացնենք հոգսը լավ կլինի»,-ասաց նա։

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խնդիրներ ունի ընդդիմության հետ, եւ ինչո՞ւ «Սրբազան պայքարի» հետ տարաձայնություններ առաջացավ՝ համալիրի տարածքը Արցախի անկախության օրը վարձակալելու շուրջ, իշխանության կողմից ճնշումնե՞րն էին պատճառը, որ դահլիճը չէր տրամադրում։

-Երբեք ոչ մեկի կողմից ճնշումների չեմ ենթարկվել։ Ես այսօր միսիա եմ կատարում՝ այս շենքը պահելն է։ Իշխանությունները տարբեր են լինում, գալիս-գնում են, բայց այս շենքը մնալու է, պետք է պահպանվի։ Իսկ «Սրբազան շարժմանը» օր էլ ենք տվել, եկել են, միջոցառում են արել։ Պարզապես իրենք կոնկրետ օր էին ուզում, այդ օրը զբաղված էր, միջոցառում կար, հանեինք դուրս նրանց, որ իրենք գայի՞ն։

-Ինքներդ քաղաքական ի՞նչ հայացքներ ունեք՝ աջակցո՞ւմ եք իշխանությանը, թե՞ դեմ եք։ 

-Իմ ամբողջ կյանքը եղել եմ պետականամետ։ Ես ոչ մի իշխանությանը չեմ համակրում, համակրում եմ պետությանը։ Մեր պետության ղեկին այս մարդիկ են, իրենց գնացել ու ընտրել է ժողովուրդը, ես պարտավոր եմ հարգել այսօրվա իշխանությանը։ Ժողովուրդը վստահել է իրենց, եթե մենք անընդհատ պայքարի մեջ լինենք, ոչ մի կառուցողական բան չենք անի։

-Այս պայքարը պետք է դադարեցնել եւ հավաքվել իշխանության շո՞ւրջ, դա նկատի ունե՞ք։

-Ամեն մարդ իր ձեւով է նայում այդ ամենին։ Ես հեղափոխությունների կողմնակից չեմ, կողմնակից եմ կառուցողական պրոգրեսի։ Ինչքան խաղաղ լինենք, հանգիստ լինենք, նվիրվենք աշխատանքին, այդքան շատ բան կկարողանանք փոխել։

-2018-ին էլ էիք այդպես կարծո՞ւմ։

-Այո, 2018թ․-ին էլ էի այսպես կարծում։

-Եւ չեք մասնակցել իշխանափոխությա՞նը։

-Մասնակցել եմ, որովհետեւ ժողովրդի մեծ մասը դուրս էր եկել, ես անմասն չեմ կարող մնալ իմ ժողովրդից։

-Իսկ այս տարվա մայիսի 9-ին, երբ այդքան ժողովուրդ կար հրապարակում, մասնակցեցի՞ք։

-Չէ, չեմ մասնակցել, ճիշտն ասած ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես շենքն եմ պահում։

-Հակասում եք ինքներդ Ձեզ` 2018թ․-ին մասնակցել եք, 2024-ին` ոչ։

-Ասում եմ՝ վերջին օրերին, երբ ժողովուրդը դուրս եկավ։