Պետք է ապացուցենք, որ Միքայել Մինասյանը կապ չունի Գառնու տաճարի սեփականաշնորհման հետ․ պաշտպան

Պետք է ապացուցենք, որ Միքայել Մինասյանը կապ չունի Գառնու տաճարի սեփականաշնորհման հետ․ պաշտպան

Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանը դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ բավարարել է պաշտպանության կողմի բողոքը և վերացրել է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կիրառած կալանքը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ ծանոթ չեն Վերաքննիչի որոշման հիմնավորմանը․ «Դատարանի որոշումը չենք ստացել, բայց առաջին ատյանի դատարանի որոշումն այնքան ակնհայտ ապօրինի որոշում էր․․․Վերաքննիչի որոշումը չունենք»։

Հարցին, թե մեղադրանքի կողմը բողոքարկելո՞ւ է այս որոշումն, ասաց, որ կարծում է՝ այո․ «Կարծում եմ, որ քրեական հետապնդման մարմինները, ոչ միայն  դատախազությունը, այլ ընդհանրապես, նույն օրը հուժկու հանձնարարություն կստանան պարոն Մինասյանի դեմ արշավը հազարապատկելու, էլ ուր մնաց այս որոշումը չբողոքարկելու մասին խոսք լինի»։

Պաշտպանն անդրադառնալով Մինասյանի անվան հետ կապվող մի շարք բիզնեսներում նրա բաժնեմասերի վրա կալանք դնելուն, մասնավորապես՝ «Ձորագետ» հիդրոկայանի, «Ջազվե» սրճարանների ցանցի, «Սպայկա» գյուղմթերք արտահանող ընկերության, «Օպերա սուիթ» և «Դաբլ թրի բայ Հիլթոն» հյուրանոցների և «Արմենիա» Հ/Ը վերաբերյալ, նշեց․ «Մենք որոշումը չունենք, ԶԼՄ-ներից ենք իմացել, չեմ կարող ընկերությունների մասին ոչինչ ասել, քանի որ պաշտոնական փաստաթուղթ չեմ տեսել։ Հաշվի առնելով, որ այն, ինչ իրականացվում է պարոն Մինասյանի նկատմամբ, եւ հաշվի առնելով, թե ինչ ցուցումներ կստանան այս արշավը շարունակելու, ես պատրաստվում եմ պարոն Մինասյանի պաշտպանությունը ստանձնել այն մասով, որ ապացուցենք, որ կապ չունի Միքայել Մինասյանը, օրինակ, Գառնու տաճարի սեփականաշնորհման հետ»։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի փեսային մեղադրանք է առաջադրվել 2017-2018 թվականների ընթացքում մեծածավալ գույք ձեռք բերելու համար, որն, ըստ նախաքննության մարմնի, գերազանցում է նրա օրինական եկամուտները: Բացի այդ, ըստ ՊԵԿ-ի՝ Սուրբ Աթոռում նախկին դեսպանը թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի մասին տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք: