Ինչպես և գրել էինք, Սիմոնյանին մեղադրանք առաջադրեցին

Ինչպես և գրել էինք, Սիմոնյանին մեղադրանք առաջադրեցին

Դեռ օգոստոսի 17-ին էինք գրել , որ պաշտոնաթողությունից հետո էլ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հանգիստ չունի։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԵՊՀ ռեկտորի ընտրություններին ընդառաջ իշխանությունը հերթական շոուն պիտի բեմադրեր՝ կապված Սիմոնյանի հետ։ Մեր աղբյուրն ասել էր, որ խոսքը 20 միլիոն դրամի ենթադրյալ չարաշահման մասին է, որը Սիմոնյանը 2016-17 թվականներին վճարել է ԵՊՀ-ին մատուցված ծառայությունների համար, հենց դրա առթիվ էլ նոր քրեական գործ պիտի հարուցվեր։ Մեր հրապարակումից ուղիղ մեկ ամիս անց գործը հարուցվեց, Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Արամ Սիմոնյանը առաջիններից մեկն էր, որ հայտնվեց իշխանությունների թիրախում, նրա նկատմամբ քրեական գործեր հարուցեցին, որոնք արդեն 2 տարի է նախաքննության փուլում են, վարույթն իրականացնող մարմինը ոչ մի կերպ չի կարողանում պատշաճ ապացույցներ հավաքել, գործը հանգուցալուծել և ուղարկել դատարան, դրանք գումարած, փաստորեն, նոր քրեական գործ են  հարուցել ու մեղադրանք առաջադրել։

Մենք կապվել էինք  Արամ Սիմոնյանի հետ՝ խնդրելով պատասխանել, թե տեղյա՞կ է արդյոք, որ պատրաստվում են իր դեմ նոր քրգործ հարուցել, Սիմոնյանը պատասխանել էր «Ես տեղյակ չեմ, նախաքննությունը դեռ շարունակվում է, այդ գործը դեռ չի փակվել, երբ կլինեն արդյունքներ, այն ժամանակ կիմանանք»։