Վերջին տարիների կանաչապատումը ձեռնարկ է, թե ինչպես չի կարելի կանաչապատում անել
Հոկտեմբերի 2-ին անտառագետ Հասմիկ Խուրշուդյանը, որը Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ աշխատող մասնագետներից է, այս կառույցի պաշտոնական էջով հպարտորեն տեսանյութ հրապարակեց, որում ցուցադրում է ՀՈԱԿ-ի աշխատանքն ու պատմում, թե ինչ ընտիր գործ են իրենք արել։ «Բոլոր տարածքները, որտեղ մենք իրականացրել ենք տնկարք, գտնվում են խիստ հսկողության տակ, եւ ուզում եմ ասել, որ արտակարգ խնամք է իրականացվել, այսօր 90 եւ 90-ից ավելի տոկոս կպչողականություն ունենք, եւ դա, իհարկե, խնամքի արդյունքն է ու ճիշտ տեխնոլոգիաների»,- ասում է նա ու հընթացս զարմանում, թե ինչպես է եղել, որ 30 տարվա ընթացքում ոչ ոք ձեռնամուխ չի եղել մութ ու ցուրտ տարիներին «մերկացած» այս տարածքը կանաչապատելուն, որտեղից քամիներ են հաճախ փչում՝ հող ու փոշի բերելով փոքր կենտրոն։
«Սա անգրագետ անտառապատում է»,- առարկում է Երեւանի ավագանու անդամ, Բժշկական համալսարանի հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը՝ իր էջում տեղադրելով նույն տեսանյութից վերցված նկարներ։ Դրանք ուշադիր դիտելիս թվում է, թե ծառերը ցաքուցրիվ, անկանոն շաղ են տված Սարալանջով, որը թեք տարածք է, եւ ամեն նորատունկ ծառի տակ մի-մի տղամարդ է միզել։ Տնկիները ջրել են, իհարկե, բարակ շիթերով, չեն թողել, որ չորանան, եւ որոշների բախտը բերել է, հաջողացրել են կառչել հողից, իսկ մյուսները գլորվել են ներքեւ ու մի կերպ հանգրվանել ճամփեզրի խողովակների վրա։
Քրիստինա Վարդանյանը համաձայն է, որ բույսերը կարծես շաղ տված լինեն։ «Ցանկացած ծառատունկ պետք է ունենա իր տնկման սխեման։ Օրինակ, շարքով են դնում ծառերը կամ շախմատաձեւ, կամ այլ որեւէ սկզբունքով, բայց պետք է անպայման լինի նախագիծ, որն այս դեպքում չկա։ Ջուրը ծորում է ներքեւ, չկան դարավանդներ՝ տեռասներ, կամ բնաբաժակներ։ Ծառը ջրելու համար փոքրիկ քարերով շրջանակ են սարքում բնի շուրջ՝ բնաբաժակ, ինչպես մենք արել էինք Եռաբլուրում, որը կանգնեցնում է ջուրը, թույլ չի տալիս, որ հոսի ներքեւ, եւ արմատը հնարավորություն է ունենում վերցնել այնքան, որքան նրան պետք է։ Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում՝ այստեղ-այնտեղ անկանոն դրված տնկիներ, ներքեւում դրել են, հետո մի խումբ վերեւում են դրել, կան դատարկ տեղեր։ Ասենք, մի հինգ բույս են դրել, հետո՝ մի 100 մետր այն կողմ ոչինչ չեն դրել, հետո մի քիչ ներքեւ էլի մի քանի բույս են դրել, ու էլի դատարկ տեղեր․ խառնիխուռն արված մի բան է։ Ընդհանուր տեսարանը փնթի է։ Այդտեղ ոնց էլ ջուր անեն, դիք է, ջուրը հոսելու է, անձրեւը սկսելու է հոսեցնել ջուրը։ Այդ հողն ուժեղ հեղեղի ժամանակ իջնելու է ներքեւ, մայրուղու վրա»,- ասում է Քրիստինա Վարդանյանը։
Բայց ՀՈԱԿ-ի ծառագետն ասում է՝ 90 տոկոսով կպել են ծառերը, այդպես չէ՞։ «Մանիպուլյացիա է, որտեղ որ կպել են, կանգնում են էդ տեղում, նկարվում են, իրենց են գովում, թե 99 տոկոս կպել է։ Մեկ էլ Սայաթ-Նովայի ծառերն էին 99 տոկոս կպել, մեկ էլ՝ Մաշտոցի պողոտայինը: Վերջին տարիների կանաչապատումը ձեռնարկ է, թե ինչպես չի կարելի կանաչապատում անել»։
Քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Քրիստինա Վարդանյանին ոչինչ չի պատասխանել։ Միայն բողոք է ուղարկում Ֆեյսբուք սոցիալական ցանցի ադմինիստրացիային՝ պահանջելով, որ նրա գրառումներն արգելափակվեն, եւ Ֆեյսբուքն արգելափակել է: Քրիստինա Վարդանյանն էլ իր գրառումների վերստուգում է պահանջել։ Այսպես` գործ անելու փոխարեն ՀՈԱԿ-ը պայքարում է իրեն քննադատողների դեմ։
Կարծիքներ