Անվտանգ հայրենի՞ք, թե՞ ժողովրդի իշխանություն

Անվտանգ հայրենի՞ք, թե՞ ժողովրդի իշխանություն

Նախքան 2018-ի ապրիլյան իրադարձությունները մենք ունեցել ենք անվտանգ հայրենիք, և, ըստ այդմ, չէր կարող լինել վերնագրում արձանագրված խնդիրը: Հայաստանի գրագետ և ոչ այնքան գրագետ քաղաքացիները տարիներ շարունակ պայքարում էին հանուն ժողովրդավարության կայացման: ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Փաշինյան Նիկոլը, 2018-ի մայիսին վերը նշված քաղաքացիների շնորհիվ վարչապետ կարգվելով, հայտարարեց, որ ի դեմս իրեն Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանություն: Վերջինս, սակայն, բազմաթիվ ապօրինություններով և ապաշնորհ կառավարմամբ մեր հայրենիքը հասցրեց կործանման եզրին: Իրապես ժողովրդավարության պայմաններում այդ ամենի պատասխանատու ղեկավարն առնվազն ներողություն կխնդրեր երկրի քաղաքացիներից և պաշտոնը լքելով՝ կհեռանար քաղաքականությունից: Բայց քանի որ «մերն ուրիշ է»՝ Փաշինյան Նիկոլը ոչ միայն չհեռացավ, այլև հաջողեցրեց բազմաթիվ ընտրախախտումներով ընտրության արդյունքում վերարտադրվել վարչապետի պաշտոնում:

Սահմանադրական դատարանում ընտրության արդյունքների բողոքարկման 5-րդ օրվա սկիզբը նշանավորվեց խիստ տեսական-փիլիսոփայական հարցի քննարկմամբ, ինչը վերաբերում էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում Փաշինյանի պաշտոնավարելու հիմքերին: Նախկինում ընդդիմադիր հայացքներով հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը, որը Փաշինյանի կողմից ըստ էության նշանակվել էր ՀՀ ՍԴ դատավոր, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչներին հարցրեց, թե սահմանադրական երեք սկզբունքներից՝ օրինականություն, մարդու իրավունքների պաշտպանություն և ժողովրդավարություն, որն է ավելի կարևորը: Միաժամանակ, առաջարկեց հիմնավորել, թե ժողովրդի կողմից անմիջականորեն ընտրված վարչապետը հրաժարական ներկայացնելու դեպքում ինչու չպետք է շարունակեր պաշտոնավարել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում: 

Խիստ տեսական այդ հարցերի իմաստն ավելի քան ակնհայտ էր՝ նախկին ընդդիմադիր փաստաբանը քողարկված ձևով փորձում էր փոխադարձ «լավություն» անել այն անձին, ով իրեն կարգել էր ՍԴ դատավոր: Միաժամանակ, փորձում էր հիմնավորել, որ ժողովրդավարությունը կամ մարդու իրավունքներն ավելի կարևոր սկզբունքներ են, քան օրինականությունը: Լսելով նախկին փաստաբանին՝ մտաբերեցի «բարի նպատակներով է սալարկված դժոխքի ճանապարհը» արտահայտությունը: Հաստատ, բարի նպատակներով էր ֆրանսիացի հեղափոխական Մաքսիմիլիան Ռոբեսպիերը գիլյոտինում հազարավոր անմեղ մարդկանց գլուխները: Բարի նպատակներով էին ռուս բոլշևիկները գնդակահարում կամ աքսորավայրերում տանջամահ անում բազմամիլիոն անմեղ մարդկանց: Բնականաբար, նույն բարի նպատակներով է Փաշինյան Նիկոլը վերարտադրվում վարչապետի պաշտոնում, որպեսզի մինչև վերջ հասցնի մեր հայրենիքը արևելքի ու արևմուտքի թուրքերին սկուտեղին մատուցելու գործընթացը:

Ի պատիվ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչներ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի և փաստաբան Արամ Վարդևանյանի, վերջիններս ընկալելի օրինակներով պարզաբանեցին ինքն իրեն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակած Փաշինյանի սահմանադրական մանիպուլյացիաները (ավելի ճիշտ կլինի ասել՝ «կռուտիտները»): Միաժամանակ, հիմնավորվեց, որ Հայաստանում, ըստ գործող Սահմանադրության, ժողովուրդն անմիջականորեն վարչապետ չի ընտրում. ի դեպ, նման կարգ է գործում Իսրայելում: Ինչ մնում է անմիջական ժողովրդավարությանը (հայկական «ագորային»՝ ինչպես Նիկոլն էր խոստանում 2018-ի գարնանն ու ամռանը), ապա այդ առումով մտաբերեցի 2019 թվականի մայիսյան այն օրը, երբ Փաշինյանի կոչով, որպես անմիջական ժողովրդավարության գործողություն, նիկոլապաշտ զոմբիները մի քանի ժամով անօրինականորեն շրջափակել էին դատարանները:  

Փաստորեն, Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակ ունեցող անձը տեսական-փիլիսոփակայական հարթությունում փորձում է հիմնավորել Փաշինյան Նիկոլի հակասահմանադրական գործողությունները: Եվ նա փորձում է «անվտանգ հայրենիք, թե ժողովրդի իշխանություն» հակադրության մեջ առաջնություն տալ երկրորդ բաղադրիչին: Եվ երևի չի էլ պատկերացնում, որ առաջին բաղադրիչի կորստի դեպքում մեխանիկորեն վերանալու է նաև երկրորդը: Եվ, դժբախտաբար, ՍԴ մնացած դատավորների առումով նշանակություն չի ունենա, որ ընդդիմադիր երկու լավագույն իրավաբանները հերքեցին վերջինիս բոլոր հիմնավորումները: Նրանց համար կարևորը ոչ թե մեր հայրենիքի հետագա ճակատագրի հարցն է, այլ գործող իշխանության պատվեր կատարելը: Ես, իհարկե, կարող եմ սխալվել, և շատ կցանկանայի, որ սխալված լինեմ, սակայն մեր իրականության իմացությունը թույլ չի տալիս, որպեսզի դա տեղի ունենա: Դժբախտաբար: