Գնում են ու գնում

Գնում են ու գնում

Այսպիսի կադրային հոսունություն, հավանաբար, Հայաստանում երբեւիցե չի եղել։ Կադրերը գնում են ու գնում, շատ պաշտոններ ամիսներով թափուր են մնում։ Եվ հիմա մեր կառավարման համակարգում հարյուրավոր թափուր հաստիքներ կան ու ԺՊ-ներ՝ ժամանակավոր պաշտոնակատարներ։ Հեռացող կադրերը, ցավոք, հիմնականում փակագծերը չեն բացում եւ չեն ներկայացնում, թե ինչն է իրենց հեռանալու պատճառը։

Քրեական գործեր հարուցող, ասֆալտին ծեփող ու Ֆեյսբուքում նախկին պաշտոնյաներին հիմնավորապես վարկաբեկող իշխանությունների դեմ դուրս գալը հեշտ բան չէ։ Ոչ ոք չի ուզում թիրախ դառնալ, ուստի հեռանում են լուռ, երբեմն էլ՝ կեղծ շնորհակալական խոսքերով։ Երեկ, օրինակ, պաշտոնին հրաժեշտ տվեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, ով փոխանակ բացատրի, թե ինչու է հրաժարական տալիս, շնորհակալություն է հայտնել վարչապետին ու երկու նախարարներին, որոնց հետ աշխատել է, անգամ՝ Ռոմանոս Պետրոսյանին, որի նշանակվելուց 1 ամիս էլ չի անցել, եւ ակնհայտ է՝ հեռանալու պատճառը նորանշանակն է, որը, հավանաբար, ուզում է նոր տեղակալի հետ աշխատել։ Հայերեն ասած՝ «իր թըմով»։ Իսկ կադրերի որակը գնալով ընկնում է՝ ոչ մի հաջորդ պաշտոնյա ավելի լավը չէ, քան նախորդը, եւ դրանից անպայման աշխատանքն է տուժում։ Բայց եղած կադրերին էլ չեն գնահատում եւ ոչինչ չեն անում նրանց պահելու համար։ Խոսքը պարգեւավճարների մասին չէ, այլ ամեն «ստից» առիթով մարդուն չնեղացնելու, նրան անընդունելի, իր պատվից ցածր հանձնարարություններ չտալու, իրենից պակաս գիտելիքներով մեկին առաջ չմղելու, վերջապես՝ անտակտ խոսքով չվիրավորելու։ Վստահ եմ, որ շատերը հենց նման էմոցիոնալ պատճառներով են դիմում գրում-ազատվում։ Դե, եթե չկայացած մեկին բարձր պաշտոն ես տալիս, արդյունքն էլ սա պետք է լինի։