Ինչո՞վ է զբաղված դեսպան Հարությունյանը Ռուսաստանում

Ինչո՞վ է զբաղված դեսպան Հարությունյանը Ռուսաստանում

Տեւական ժամանակ է՝ հայկական բեռնատարների տեղաշարժը Վերին Լարի անցակետում բարդություններով է ուղեկցվում, հերթեր են, քաշքշուկ, արագ փչացող ապրանքը չեն կարողանում անվնաս տեղ հասցնել: Ռուսական կողմը դա մեկնաբանում է Ղրիմի կամրջի պայթյունով եւ դրանից բխող հույժ «զգուշավորությամբ»: Սակայն, քանի որ հիմնականում հայկական մեքենաներն են մնում օրերով կանգնած, չի բացառվում նաեւ շրջանառվող քաղաքական տարբերակը, թե Ռուսաստանը դրանով ցավեցնում է հայկական կողմին՝ քաղաքական տարբեր «անհավատարմություններ» ստեղծում եւ «ատամ ցույց տալիս»:

Պատճառը քաղաքական է, թե ապաքաղաքական՝ մոտ 1600 ավտոմեքենա փակուղու մեջ է: Ավելորդ է ասել, թե դա Հայաստանի տնտեսության, մասնավորապես գյուղատնտեսության վրա ինչ վատ հետեւանքներ կարող է ունենալ: Հատկապես Ամանորի շեմին, երբ պետք է ավելանա առեւտրաշրջանառությունը, հայկական ապրանքները պետք է արտահանվեն ռուսական շուկա, Ռուսաստանից պետք է ապրանք գա Հայաստան: Էլ չենք խոսում այլ դժվարությունների մասին՝ վարորդների հիգիենա, սնունդ, կենցաղային նվազագույն պայմանների բացակայություն:

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանություններին դա առանձնապես չի մտահոգում, մարդիկ «ռեմոնտների», փողոցները զարդարելու գործով են զբաղված: Այդ խնդիրն իրենց համար երկրորդական է: Խնդրի հետեւից չեն գնում կառավարության պաշտոնյաները՝ նախարար կամ փոխվարչապետ, երբ աղմուկը խիստ ուժգնանում է, գնում են միայն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ինչ-որ անհայտ ներկայացուցիչներ՝ Խաչիկ Սողոմոնյանը,  Տիգրան Գասպարյանը, Վրաստանում ՀՀ հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը։ Նրանք հանդիպել են վարորդների հետ եւ հույս տվել, որ խնդիրն առաջիկայում կլուծվի, եւ շուտով մեքենաները կշարունակեն ճանապարհը: Ո՞վքեր են այս «ներկայացուցիչները», ինչո՞վ են զբաղված նախարարությունում, որ անգամ հայաստանյան հասարակությունը նրանց չի ճանաչում, ուր մնաց թե Վրաստանի կամ Ռուսաստանի մակարդակով կարողանան լուրջ հարցեր լուծել:

Եվ ինչո՞վ է զբաղված ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ում գոյությունը Ռուսաստանի հայկական համայնքը չի զգում անգամ: Դեսպանի մասին վերջին շրջանում հրապարակված տեղեկություններից մեկը վերաբերում էր նրա ծառայողական մեքենային․ լուրեր շրջանառվեցին, թե նա նոր թանկարժեք ավտոմեքենա է գնել։ Ո՞ւր է գնում այդ մեքենայով դեսպան Հարությունյանը, ի՞նչ հարցեր է լուծում ի նպաստ Հայաստանի՝ հայտնի չէ: Բայց հայտնի է, որ հայերի հիմնախնդիրները ՌԴ-ում դեսպանության մակարդակով չեն լուծվում, անհատ հայերը, ազդեցիկ մարդիկ, գործարարներն ավելի շատ հարցեր են կարողանում լուծել, քան դեսպանը:

Գուցե Հարությունյանի անգործության պատճառն այն է, որ նրան ոչ մի տեղ լիարժեք չեն ընդունում՝ ո՛չ ռուսական իշխանությունն է ընդունում, ո՛չ Փաշինյանն ու նրա կառավարությունը, ո՛չ Ռուսաստանի հայկական համայնքը։ Իսկ տեղի հայ գործարարները կատակում են, թե դեսպանին իրենք պետք է տիրություն անեն, որ «բան ասող չլինի», եւ դժգոհում են, որ Փաշինյանն իրենց համար «գլխացավանք է բերել Վաղոյին»: Բայց թանկարժեք մեքենան ու բարձր աշխատավարձը վայելել կարողանում է: «Հրապարակը» գրել էր, որ դեսպանին ամենուր թիկնապահներ են ուղեկցում, եւ անգամ պետական պահպանվող կառույցներ այցելելիս է թիկնապահներին հետը տանում։ Եվ նույնիսկ նոր հաստիք է ստեղծել՝ դեսպանի օգնական-թիկնապահի, որը զբաղեցնում է նրա եղբորորդին: Թիկնապահները նստում են դեսպանի ընդունարանում: Ասում են՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նույնիսկ նկատել է, որ Մոսկվայում գործող 161 դեսպաններից Հարությունյանը միակն է, ով թիկնապահ ունի: 

Իսկ Լարսում մնացած հայկական բեռնատարնե՞րը։ Նրանք դեսպանի հետաքրքրությունների շրջանակներում չեն տեղավորվում։