Դեռ ինչքա՞ն են սպասելու Վազգեն Սարգսյան փողոցի բնակիչները 

Դեռ ինչքա՞ն են սպասելու Վազգեն Սարգսյան փողոցի բնակիչները 

Ամիսներ շարունակ Գյումրին փոշու եւ ցեխի մեջ է:Քաղաքի փողոցները վերանորոգվում  են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի տրամադրած 23մլն եվրոյով:Ծրագրի  շրջանակում 12 փողոց մինչև տարեվերջ հիմնահատակ վերանորոգվելու է , հավաստիացրել են պատախանատուները: Սակայն,ինչպես գյումրեցիներն են ասում՝ սկիզբը կա, վերջը չի երևում:Արդարության համար նշենք, որ մի քանի փողոց վերջնական տեսքի բերվել է, սակայն կենտրոնական մի շարք փողոցների քարուքանդ վիճակը հունից հանում է բնակիչներին: Նմանատիպ  դժգոհություն hraparak.am-ին հայտնել են նաև Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցի բնակիչները: «Մինչ Գյումրիում փողոցաշինությունը կարծես թե թափ հավաքած ընթանում է, Վազգեն Սարգսյան փողոցը, որը առաջնային է եւ երթեւեկելի, բանուկ փողոցներից է, շարունակում է մնալ կիսաքանդ վիճակում։ Փողոցի վերանորոգումը իշխանությունները խոստացել են իրականացնել ամեն տարի՝ նոր տարվա սկսվելուն հետ։ Սակայն «սայլը տեղից չի շարժվել»։ Այս տարվա գարնանից սկսած ինչ-ինչ աշխատանքներ արվել են, սակայն ավարտին հասցնելու մտադրություն կարծես թե չկա։ Իսկ տարածքում կան տնտեսվարողներ, որոնք վնասներ են կրում՝ ոչ իրենց մեղքով, այլ փողոցի անմխիթար վիճակի։ Ու ամենից մտահոգիչն այն է, որ Գյումրիում լուրեր են պտտվում, որ այս տարի չի էլ ավարտվելու փողոցի ասֆալտապատումը։ Ու այստեղ հարց է առաջանում, իսկ ինչքա՞ն են սպասելու դեռ Վազգեն Սարգսյան փողոցի բնակիչները՝ փոշու եւ ցեխի մեջ, անմխիթար վիճակում գտնվող կիսաքանդ փողոցում»,-նշել են նրանք։Նկատենք,որ այս  փողոցում իրականացվող  շինարարական աշխատանքները դեռ ամիսներ առաջ  գրավել էին ֆեյսբուքյան օգտատերերի, հասարակական կազմակերպությունների ուշադրությունը: Բանն այն է, որ Վազգեն Սարգսյանի փողոցում տեղադրված նոր եզրաքարերը առանձնացել էին բետոնի շերտից: Դրա հիմնական պատճառը փշրվող բետոնն էր: «Կոմպաս» հասարակական կազմակերպության անցկացրած մոնիթորինգի արդյունքում պարզ դարձավ,որ շինաշխատանքները բազմաթիվ  խախտումներով են ընթացել, աշխատանքն անորակ է եղել:


 «Ես հենց էն ժամանակ բողոք ներկայացրեցի համայնքապետարան, որ եզրաքարերը տեղադրելուց անմիջապես հետո, առաջին անձրևն հենց եկավ,  բետոնը փշրվավ: Հիմիկ էլ էս վիճակն է, հեսա նորից անձրևների վախտը կուգա, սաղ օր էսօր-էգուց կենեն:Մարդիկ էս կողմերը խանութ չեն գա, կշրջանցեն, որ թոզի մեջ չխեղդեն, կյանքն էստեղ կանգ է առել»,-մեզ հետ զրույցում դժգոհեց փողոցի բնակիչներից մեկը՝ մատնացույց անելով կիսաքանդ փողոցը: Ի վերջո, երբ են Վազգեն Սարգսյանի բնակիչները  ազատվելու մշտական փոշուց, տեսնելու փողոցը վերակառուցված ու մարդաշատ, արդյո՞ք մինչև տարեվերջ կավարտվեն հարատև թվացող շինաշխատանքները, եւ որոնք են շինաշխատանքների ձգձգման պատճառները:

Հարցով դիմեցինք Գյումրու համայնքապետարանին, որտեղից հակիրճ պատասխանեցին. «Վազգեն Սարգսյան փողոցում գրեթե ավարտված են մայթերի ասֆալտապատման աշխատանքները: Առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կմեկնարկեն նաև փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատման աշխատանքները:

Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առաջ են գալիս նախագծային փոփոխությունների կարիք: Նախատեսվում է Վազգեն Սարգսյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի վերջ»: