Ի՞նչ է անում պաշտպանության նախարարը ԲԴԽ-ում

Ի՞նչ է անում պաշտպանության նախարարը ԲԴԽ-ում

Այս պահին Բարձրագույն դատական խորհուրդ է ժամանել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Այդ մասին հուշում է ԲԴԽ-ի դիմաց կայանած ՊՆ 0001 պետհամարանիշով Toyota Land Cruiser 200 ամենագնացը, որը սպասարկում է պաշտպանության նախարարին։ Մեքենայի մոտ նաև նախարարի անվտանգության աշխատակիցներն էին կանգնած, նաև նախարարին ուղեկցող մեկ այլ ամենագնաց։ Փորձեցինք հասկանալ՝ ինչ այցով է գործադիր իշխանության անդամը այցելել դատական իշխանության մարմին, սակայն ԲԴԽ-ից մեր զանգերին պատասխանող չեղավ։

Ամենայն հավանականությամբ, Վաղարշակ Հարությունյանը եկել է ընդամենը օրեր առաջ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտոնն ու աշխատասենյակը «զավթած» և իրեն արդեն ԲԴԽ նախագահի կարգավիճակում զգացող Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման՝ քննարկելու, հավանաբար, վարչական դատարանում գտնվող և զինվորականներին առնչվող գործերը, մասնավորապես՝ Օնիկ Գասպարյանին առնչվող գործը։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գործադիրից մարդիկ են հյուրընկալվում ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանին, ինչը, ըստ էության, արդարադատությանը միջամտելու առերեւույթ դրսևորում է։ Թեեւ մի տարբերակ էլ կա՝ գուցե պաշտպանության նախարարն այցելել է ընտրություններ «կազմակերպելու» մեծ փորձ ունեցող Գագիկ Ջհանգիրյանին նախընտրական նպատակներով եւ նրանք քննարկում են հունիսի 20-ին բանակի քվեարկությունը հօգուտ իշխանությունների «կազմակերպելու» հարցը։